HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի ինքնաթիռն արդեն Հայաստանում է

Կապանի օդանավակայանի համար նախատեսված չեխական «L-410UVP-E20» ինքնաթիռն այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Կարելի է ասել, որ սրանով ավարտվում է Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանի երկար սպասված վերագործարկման առաջին փուլը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզային նախորդ իշխանությունների հայտարարության համաձայն, ինքնաթիռը Հայաստան պիտի բերվեր դեռ այս տարվա մարտին, իսկ Կապանի օդանավակայանն էլ պիտի վերաբացվեր հունիս-հուլիսին: Ու չնայած առաջինն այլեւս փաստ է, օդանավակայանի շինաշխատանքները դեռ շարունակվում են: Դրանց ձգձգմանն ու վերաշահագործման վերաբերյալ Կապանում շրջանառվող խոսակցություններին անդրադարձել էինք օրերս: Չնայած մարզկենտրոնում լուրեր կան, որ մի քանի ամսով կհետաձգվի բացումը, բացի դրանից՝ նշվում էր, որ նոր մարզպետն առանձնապես հետաքրքրված չէ օդանավակայանի վերակառուցմամբ, մեր հարցմանն ի պատասխան մարզպետարանից նշել են, որ իրենք շահագրգռված են այս հարցում, քանի որ «տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը եւ դիվերսիֆիկացիան հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններից, եւ օդանավակայանի շահագործումը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության ռազմավարական ծրագրերից մեկը»:     

Կապանի ինքնաթիռին շատ ենք անդրադարձել. միայն հիշեցնենք, որ արտադրվել է 2015-ին եւ նույն տարում շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել. արտադրող «Aircraft Industries» ընկերությունը Չինաստանում եւ ԱՄՆ-ում այն ներկայացրել է որպես ցուցադրական նմուշ:

Դեռեւս չեխական OK-JPP գրանցում կրող օդանավը Կունովիցեից, որտեղ գտնվում է «Aircraft Industries»-ը, Երեւան է ժամանել 3 օրում. ամսի 8-ին Չեխիայից մեկնել է բուլղարական Բուրգաս, հաջորդ օրը թռել է թուրքական Սամսուն, իսկ այսօր այնտեղից եկել է Երեւան:

Շուտով օդանավը հայկական գրանցում կստանա: Նախորդ հոդվածում նշել էինք, որ չնայած ինքնաթիռի վրա նշված է հայկական օպերատորի անունը՝ «Atlantis Armenian Airlines», քաղավիացիայի կոմիտեի կայքում այն գրանցված է մեկ այլ փոխադրողի՝ «Մարս Ավիայի» անունով: Սա վրիպակ էր, ինչի համար ներողություն ենք խնդրում:

Պարզվում է, որ հունիսին որպես EK-4104 գրանցված «Մարս Ավիայի» ինքնաթիռը լրիվ այլ բորտ է: Այն մի փոքր այլ մոդել է՝ «L-410UVP-E», որը «E20»-ին զիջում է իր տեխնիկական բնութագրերով: Russianplanes.net-ի տվյալներով՝ «Մարս Ավիայի» օդանավը թողարկվել է 1986-ին, այսինքն՝ բավականին հին է՝ 32 տարեկան:

EK-4104-ը նախկինում կրում էր հունգարական HA-LAK գրանցումը (2000 թ.)

Ի սկզբանե բորտը շահագործվել է ԽՍՀՄ-ում, 1990-ականներին Ռուսաստանից տեղափոխվել է Ղազախստան, ապա գրանցում է ստացել Հունգարիայում, հետո կրկին հաստատվել Ղազախստանում: Ինչպես նշվեց, այս տարվա հունիսից ինքնաթիռը գրանցվել է Հայաստանում:

Ռուսական ato.ru կայքին «Atlantis European Airways»-ից հայտնել են, որ «Atlantis Armenian Airlines»-ը իրենց պատկանող ընկերություն է, որը զբաղվելու է ռեգիոնալ թռիչքներով:

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն՝ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010-ի նոյեմբերի 22-ին Սպարտակ Գիշյանի կողմից, ով հետագայում դուրս է եկել ընկերությունից: Գործունեության տեսակը օդային ուղեւորափոխադրումներն են: Գիշյանը ՔԱԳՎ նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի տեղակալ Արամ Մարությանի գործընկերներից է: Ժամանակին, երբ գրել էինք Մարությանի մասին, անդրադարձել էինք նաեւ նրա շրջապատին, այդ թվում՝ Ս. Գիշյանին: Կարճ ասած՝ «Atlantis Armenian Airlines»-ը նույնպես պատկանում է Արամ Մարությանին: Հարցն այն է, որ այս ընկերությունը, ի տարբերություն «Atlantis European Airways»-ի, չունի օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը պարտադիր պայման է առեւտրային չվերթներ իրականացնելու համար: Արդյոք նորեկը կդիմի քաղավիացիայի կոմիտեին նման փաստաթղթի համար, թե, ամեն դեպքում, օդանավը կշահագործվի «Atlantis European Airways»-ի ՕՇՎ-ով, կիմանանք առաջիկայում:        

Առաջին լուսանկարում՝ Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռի մեկնումը (facebook.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter