
Արմավիրի մարզում 7 համայնքապետեր մեղադրյալի կարգավիճակ ունեն
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում Արմավիրի մարզի թվով 11 համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ են արձանագրվել։
Ինչպես տեղեկացրել է քննչական կոմիտեն, այդ համայնքներում պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ:
Չարաշահումներ են հայտնաբերվել Արմավիրի մարզի Մրգաշատ, Արտամետ, Արաքս, Ջրաշեն, Սարդարապատ, Ամասիա, Բամբակաշատ, Նալբանդյան, Հուշակերտ, Հայթաղ և Առատաշեն համայնքներում: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ 11 համայնքից առայժմ մեղադրանք է առաջադրվել միայն 7 ՝ Մրգաշատ, Արտամետ, Ջրաշեն, Բամբակաշատ, Նալբանդյան, Հուշակերտ, Սարդարապատ համայնքների ղեկավարներին: Պետությանը պատճառվել է 5 մլն 134 հազ. դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական գործերը հարուցվել են քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):
Մեղադրյալի կարգավիճակում հայտնված բոլոր համայնքապետերն էլ պաշտոնավարում են երկար տարիներ և իրենց աշխատանքի մեջ «նորեկ» չեն: Մասնավորապես, Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանը համայնքապետ է 2002թ-ից՝ 16 տարի: Այս գյուղի վերաբերյալ վերջերս հրապարակում էինք ունեցել: Տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների, այդ թվում՝ Մրգաշատի ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ որոշ համայնքներում ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն՝ նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել էր տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք: Հրապարակման հիման վրա Մրգաշատ և Արտաշար համայնքերի ավագանու անդամների ստորագրությունների անհամապատասխանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը):
Խաչատուր Դավթյանը Ջրաշենի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 11 տարի, Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանը՝ 10 տարի, Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը՝ 11 տարի, Հուշակերտ համայնքի ղեկավար Սամվել Մխիթարյանը՝ 22 տարի, իսկ Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը՝ 27 տարի: Մարզպետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նշված բոլոր համայնքապետերը Հանրապետական կուսակցության անդամ են:
Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պարարտանյութը բաժանել են գյուղացիներին, սակայն չեն կարկտահարության պատճառով չեն կարողացել վճարումներ կատարել: Համայնքապետի ասելով՝ գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ: Նույն վիճակն է նաև մյուս համայնքներում:
Պետությանը պատճառված ամենախոշոր գումարը, ըստ դատախազության, արձանագրվել է Արտամետ համայնքում՝ 2մլն 853 հազ. դրամ: Արտամետում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 8 քրեական գործ միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:
Արդեն 13 տարի է Արտամետ համայնքը ղեկավարում է Անահիտ Դավթյանը, իսկ մինչ այդ համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է ամուսինը՝ ներկայումս ավագանու անդամ Տոնական Ղազարյանը: Համայնքապետ Անահիտ Դավթյանին ևս մեղադրանք է առաջադրվել:
«Ցորենի սերմացուն ստացել ենք 2013թ. և բաժանել ենք մեր համայնքի բնակիչներին: Պատահական մի օր եկան, ընկան տները, վախացրին մեր գյուղացիներին, գյուղացիներն էլ գնացին մեր վրա գրեցին, որ չեն ստացել: Չգիտեմ, թե ովքեր վախացրին, Բաղրամյանի բաժնի աշխատակիցները: Պարարտանյութն էլ մենք ստացել ենք 2014թ., բաժանել ենք, օգտագործել ենք: Մենք չգիտեինք, որ 2017թ. կառավարությունը զրոյացնելու է գումարը, մենք գումար չենք վճարել դրանից առաջ: Ցուցակները տվել ենք, քննությունը գնում է»,-ասում է Անահիտ Դավթյանը:
Համայնքապետի ամուսինը՝ Տոնական Ղազարյանը, մեր այցելության պահին համայնքապետարանում էր՝ կնոջ աշխատասենյակում նստած: Նա լրացնելով կնոջ խոսքն ասաց, որ այս գործը թակարդ էր իրենց համար, թեև չթաքցրեց, որ սխալներ թույլ տվել են: Տոնական Ղազարյանն ասաց, որ 2012-2014թթ. էլիտարի անվան տակ բերվել է «ֆուրաժային» սերմացու և բոլորն էլ լուրջ վնասներ են կրել և չեն վճարել ստացած սերմացուի դիմաց:
«Իսկ պարարտանյութի թեման շատ բարդ թեմա է, անընդհատ կռիվ ենք արել: Տալիս եք հնարավորություն, խոշորին էլ տվեք: 2014-2015թթ., երբ սկսեցին իրենց մեղքերը քավել, իրենք են առաջարկել՝ պարարտանյութը մնացել է ինչ անենք, սերմացուն մնացել է ինչ անենք: Պարարտանյութը նիսյա են տվել, բաժանել ենք գյուղացիներին, որոշ քանակություն էլ մենք ենք օգտագործել»,-ասում է Տոնական Ղազարյանը և հավելում, որ 2017թ. արդեն սահմանափակումը վերացվել է և բոլոր ցանկացողները կարող են մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերել:
Անահիտ Դավթյանն ասաց, որ ցուցակներով երևում է այլ անձանց անուններ, մինչդեռ պարարտանյութ ստացել են լրիվ այլ անձինք, քանի որ սահմանափակման պատճառով խոշոր հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութ չէր հասնում: Բաժանված պարարտանյութի դիմաց ոչ մի դրամ գումար չի հավաքվել, քանի որ, ըստ Անահիտ Դավթյանի՝ մի քանի տարի իրար հետևից ցրտահարություն է եղել, կարկուտն է վնասել բերքը և մարդիկ չեն կարողացել վճարել:
«Ինձ տվեցին, որ ես վնասներս վերականգնեմ, խոշոր հողօգտագործող եմ: Ես նիսյա ստացել եմ, պատրաստ եմ վճարել այդ գումարը»,-ասում է համայնքապետի ամուսինը:
Տոնական Ղազարյան
Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ Անահիտ Դավթյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում: Նրան մեղադրել են նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց հետո դարձել է մեղադրյալ համայնքի գազիֆիկացման աշխատանքներում թույլ տրված չարաշահումների համար: Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Տոնական Ղազարյանին, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամանակ է սկսվել համայնքի գազիֆիկացումը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Կ.Կարապետյանի 2009թ. հունվարի 16-ի որոշմամբ` Տոնական Ղազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ամուսինների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ կիրառելով համաներման ակտը:
Տոնական Ղազարյանն ասում է, որ այդ գործի հետևում ևս «տանիքով» մարդիկ էին կանգնած: Մեղադրյալներից մեկը պաշտոնաթող վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն էր՝ Ս. Հարությունյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան արդարացրել է: Ս. Հարությունյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար:
Արտամետ համայնքին առաջիկայում դեռ կանդրադառնանք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել