HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատրոնի կենդանի վիրավորանքը (էսսե)

Թատրոնը քայլող, կենդանի վիրավորանք է, բացահայտ սուտ, որը խժռում է իր նվիրյալներին ու զվարճացնում մարդկանց, ովքեր, ըստ թատրոնի մարդու, չգիտեն գեղեցիկ ստել:

Միանգամից մի լրիվ երգչախումբ եկավ ականջիս: Էդ երգչախումը կազմված է ամենաինտրիգան բնավորության տեր անձանցից` բեմադրիչներից, որոնք, իմ էս տողերը կարդալով, ֆալշ-ֆալշ կճվճվան. «Էլի սկսեց ինտրիգ մտցնել»:

Թատրոնի սուտը առաջին հերթին վառ երևում է նրա հարատև ապրուստի, ոչ թե ապրելու մեջ: Արվեստի այս կենդանի տեսակը ունի մի սարսափելի թերություն. բեմում հաճախ չէ, որ կենդանի մարդկանց ենք տեսնում: Դերասանը, առանց կենդանության նշաններ ցույց տալու, բեմում կարող է լինել այնքան, որքան նրա ֆիզիկական վիճակը թույլ կտա:

Նրան ամեն օր տեսնում էի: Լավ տիպաժ էր. դիմագծերը ոնց որ գիպսոտած լինեին: Էրկու ճնճղուկ բեղ ուներ ու խոսելիս` ձու բերանի մեջ: Դերեր չէր խաղում, խորը «մասովկայի» վարպետ էր: Մի երկու ներկայացումների էպիզոդներում, առանց խոսքի, հայտնվում-անհետանում էր: Կենդանի արձան էր էլի, մարդկային ռերսուրս, որը, ըստ բեմադրիչների, կարելի էր օգտագործել:

Հին ազդագրերը մտերմիկ ու բարի թատրոն ունեն իրենցում պահված: Եթե հաշվի առնենք, որ ամեն թատրոն չէ, որ բեմում է ձևավորվում, ապա էդ աֆիշները ինձ համար ավելի շատ թատրոն էին, քան էն, ինչը ես տեսնում կամ անում էի բեմում: Դրանցից մի քանիսի վրա ինքն էր` ջահել ու շատ սիրուն:

Մեր ազդագրավորված միջանցքում մի «կլեչատնի» բազմոց ունեինք: Նախկինում հայտնի, հիմա բեմադրիչների բարձր հովանուց զրկված լիքը դերասան-դերասնուհիներ էդ «կլեչատնիի» վրա իրենց կյանք էին մաշում` չկարողանալով զրկվել թատրոնի բանտից: Գալիս էին ամեն օր:

Մի հին-աֆիշային դերասանուհու եմ հիշում: Միջանցքով քայլում, նայում էր պատին ծեփած իր նախնադարյան ֆիգուրային ու շշնջում. «Ջուր ցանեք, բոլոր տեղերը ջուր ցանեք, որ թախտաբիթիները չշատանան»: Հետո գալիս էր մեկ այլ` արիստոկրատ ժակետով կին ու ավելացնում. «Ձայնի վերականգնման համար Լյուդովիկոս քսանութերորդի ռեցեպտն ունեմ, եթե հանկարծ որևէ մեկի ձայնը կտրվի: Դե, բոլորը չէ, որ իմ ձայնի նման հաստատուն ձայն ունեն, թող գան` կօգնեմ»: Էս պահին չեմ կարող չհիշել մեկ այլ ջահել-թոշակառուի: Վերջինս քառասուն չկար, բայց քանի որ ազդեցիկ մեկի (նույնիսկ նրա անունը տալը վտանգավոր է) բարեկամն էր, քսան տարուց ավելի թատրոնից նպաստ էր ստանում: Սա էլ, գնդակային ոռը խաղացնելով, թռվռում էր աֆիշների շուրջն ու հիմարաբար կրկնում. «Հիշո՞ւմ եք, էսինչ-էնինչ ներկայացումներում իրար հետ էինք խաղում»: Բոլորը ժպտում ու վախից, որ իրենց անունները կջնջվեն հաստիքային ցուցակից, չէին համարձակվում հարցնել. «Դու ի՞նչ դեր ես խաղացել»:

Մի խոսքով, մեր գիպսոտածը հին ազդագրերի վրա ապրում էր, բայց բեմում, ցավոք, չկար: Չնայած եթե անկեղծ լինեմ` նրա չգոյությունն ինձ համար ավելի կարևոր էր, քան կուսակցական տիտղոսներ ու կոչումներ կրող շատ դերասանների՝ թատրոնի վրա թողած տարականային հետքերը: Նա երիտասարդ հասակում ավտովթարի էր ենթարկվել: Մարմնական վնասվածքները վերականգնվել էին, բայց դերասանական «գործիքները»` կապված խոսքի ու լեզվական ապարատի հետ, այդպես էլ չուղղվեցին: Նա բեմում արտահայտվելու հնարավորություն այլևս չուներ

Ու էդպես երեք տասնամյակ: Սկզբում հզորները կամ բեմադրիչախոսները (դերասան բառը այսօր ակտուալ չէ. կան բեմադրիչախոսներ և մերժված գիպսակարդոնե «բազմոց մաշողներ») նրան խղճում էին, ընկալում խիստ մարդկայնորեն: Բայց այդ սկիզբը տևեց ընդհամենը մեկ-երկու տարի: Մարդիկ, ովքեր նրա հետ սկսել էին, առաջացան` իրենց հետևից քարշ տալով ամբիցիաների ու մեծամտության մի հսկայական քղանցք: Իսկ նա ի՞նչ պետք է աներ. հլու բռներ սրա-նրա փե՞շը:

Խղճահարությունը երբ սկսեց նահանջել, նույն այդ քղանցքավորները սկսեցին հիշել այն բոլոր «վատությունները», որ նա արել էր դերասան լինելու ժամանակ: Իսկ «ձրեկերի» կարգավիճակը սրվեց, երբ մեր գիպսոտածը սկսեց բեմում ոչ պրոֆեսիոնալ «տարօրինակություններ» անել: Ասենք` «շարժում-ռեպլիկը» ուշացնել կամ գլուխը ցնցել, երբ իր նախկին ընկեր, ներկա հանճարեղ բեմադրիչախոսը դարակազմիկ մոնոլոգ էր երկնում: Նրան սկսեցին այլևս չնկատել կամ լուրջ չվերաբերվել: Մեծերի նման վերաբերմունքը տարածվեց փոքրերի և ջահելների վրա, մանավանդ որ նույն այդ գիպսակարդոնե փոքրերին կամ ջահելներին նա ներկայանում էր անցյալի ուրվականի ամբիցիաներով` անընդհատ նշելով իր խաղացած լուրջ դերերի ու վերջիններիս անշնորհքության մասին:

Բայց այդ օրը կատարվեց ամենասարսափելին: Պատմական թեմայով ներկայացում էր, որտեղ նա խաղում էր հիվանդ մուրացկանի մի կերպար: Կերպարի, քրոնոլագիայի իմաստով, տևողությունը հավանաբար քսան վայրկյան էր: Եվ հանկարծ պատմականորեն հագած-կապած, գրիմավորված հերոսների մեջ էդ թշվառ մուրացկանի չգիտես որտեղից մի գերժամանակակից լապտեր ընկավ:

Երգչախումբը ճվճվաց.

-Էս ի~նչ դիլետանտիզմ է

-Սա թատրոն է, ոչ թե, ներեցեքինքնագործ կլուբ

-Իմ ի՞նչ գործն է, թե ում են թողնում՝ բեմ մտնի: Ղեկավարություն կա, թող դրանք էլ մտածեն. թատրոնն իրենց դուքանն են սարքել

-(Ռեժիսորի օգնականին) Տեսար չէ՞… Կգրես մոտդ, որ տեսարանը փչացավ, դահլիճից էլ ծիծաղ լսվեց:

-Հասկացանք, մեր հաշվին էս մարդուն պահում ենք, բայց հո իրա հաշվով չե՞նք խայտառակվելու

-Ինչպես Ստանիսլավսկին է ասում

-Ոռի ա, ծերուկը լրիվ ցնդրմիշ ա էղել

Թատրոնում աշխատող, ավելի ճիշտ` ապրող մարդը անհնար է՝ թատրոնից վիրավորանք չունենա: Ես շատ եմ մտածել՝ ինչու բոլորը` հաջողակներն ու ձախողակները, ղեկավարությունն ու ստեղծագործական կազմը, թատրոնի մասին անկեղծորեն մտածելիս հիմնականում խոսում են կամ անցած ժամանակի հաճույքների, կամ իրենց չհաղթահարված վիրավորանքի մասին:

Մի անգամ մի անտեսված դերասանուհի, ով հանուն նրա, որ բեմ բարձրանա, ժամանակին բաժանվել էր ամուսնուց ու հիմա իր գիպսակարդոնե բյուստով անվերջ պտտվում էր հանգուցյալ բեմադրիչի նկարի շուրջը, ասաց.

-Երբ հետ եմ նայում, հարվածներից բացի ուրիշ ոչինչ չեմ հիշում: Ավելին ասեմ, ամեն անգամ երբ ինձ տրորում են, նրան եմ հիշում (մատնացույց արեց հանգուցյալին), ոնց որ ցավիս ռեանիմացիան լինի:

-Էդ դեպքում ինչի՞ թատրոնից դուրս չեկար:

-Ո՞նց… Բա ափսոս չե՞ն էստեղ անցկացրած տարիներս, հետո` ես շնորքով դերասանուհի եմ…

Իմ թատրոնում անցկացրած, ավելի ճիշտ` միջանցքներում մաշած տասնհինգ տարիները պտտվում են տարբեր դեկորատիվ, կիսով կենդանի, կիսով գիպսոտած դերասանների և «պատային» բեմադրիչների շուրջը: Թղթե ոտքերով ամեն օր քայլում էի թատերական փոշու ծնունդ թախտաբիթիներով հագեցած ուղեգորգերի վրայով ու մտածում, որ վաղը ավելի լավ է լինելու: Իսկ ի՞նչ էր պետք վաղվա լավի համար:

Պաշտպաններ… Տաղանդավոր մարդկանց թիկնազոր: Պարզ է, որ էդ տաղանդավորներին պետք է աճեցնել այնպես, ինչպես վարունգը ջերմոցում: Ու ջերմոցային պայմաններ ստեղծելով` առավելապես փորձում էի օգնել գիպսակարդոնե օրգաններ ունեցողներին:

Դրանք, ըստ իս, ավելի խղճով էին: Բայց արի ու տես, որ թատրոնում խիղճը կենդանի չի լինում: Այն պահին, երբ գիպսակարդոնե օրգանները կենդանանում, այսպես ասած, «տաղանդով էին լցվում», էդ տաղանդի տերերը մեջքից հարվածում էին:

Մի խոսքով, իմ թատերական Գողգոթան, կարելի է ասել, ավարտվեց մի կարևոր եզրահանգումով: Թատրոնում պետք չէ մարդուն օգնել, պարզապես պետք է չխանգարել: Օգնողը ի վերջո դառնում է «մարած օբլիգացիա», նախկինում արժեքավոր ինչ-որ բան, որի oգնությունը սպառելուց հետո հեշտությամբ, առանց խղճի խայթի, կարելի է նրան դեն նետել…

Բեմում բեմադրիչախոսը իր հերթական դարակազմիկն էր երկնում: Յուղ ու մեղրը վրեն ձենը` թատրոնի ներքին ռադիոհաղորդիչի միջով թնդում էր միջանցքում: Մեր գիպսոտածը կծկվել էր «կլեչատնի» բազմոցի վրա: Մի էրկու անգամ ինձ լավ մռմռցրել էր, բայց ասի` ինքս իմ աչքին մարդ երևամ, մոտենամ, մխիթարեմ: Նայեց իմ կողմը: Բերնի ձուն քիչ մնաց ընկներ, բայց լալոշ լեզվով մի կերպ պահեց ու ասաց.

-Թատրոնն է մեղավոր: Եթե դերասան չլինեի, էդ անտեր ավարիայից հետո էլ երջանիկ կլինեի: Էս թատրոնի քաքը լցրեց երակներս ուՈնց էի գոռումՋարդված պառկած երազումս տեսնում էի՝ ոնց եմ մուտքից ուշանում, վեր էի թռնում ու մեջքիս մեքենայի ազդանշան էի լսում:

Լռեց, աչքերի մեջ երևակայական մեքենայի լուսարձակները երևացին: Նա նայում էր ու ինձ չէր տեսնում: Մղձավանջը խժռել էր մեր գիպսոտածի ուղեղը: Շարունակեց ձվային առոգանությամբ.

-Բայց դու էլ մի բարի պտուղ չէիր, ոնց էիր էդ ռեժիսորին համոզել դերիս վրա քեզ դոբլյոր դնել

Ի՞նչ դեր, ի՞նչ բանՆոր տեսա գիպսոտածի անբիբ աչքերը ու լապտերի վառ կարմիր բոցը հիմնադիրի հանգուցյալ քաչալի վրաԱֆիշները սկսեցին շարժվել, ինտիմորեն ֆռֆռալ մեր շուրջը: Էդ թատրոնը սկսեց գժանոց դառնալ: Ինչքան գիպսոտած ու օղորմածիկ դեմք ու ձեն կար, սկսեց ռեանիմացիա լինել: Ինչ ասես չպատմեցին՝ սրա-նրա տրուսիկներից սկսած մինչև մեր գիպսոտածի կուրանալու պատմությունը: Էդ երգչախումբը, առանձին-առանձին, անվերջ խսում էր իր հանճարեղության ու թատրոնի բոզի տղա հալածանքների մասինԻսկը` խելռնոց

Թատրոնն արտաքուստ նման է լուսամփոփի` մտերմիկ, միստիկ երանգավորումով և միաժամանակ ստվերային ահռելի շրջապատով: Ուրիշ որևէ արվեստում նման հիվանդոտ կուլիսային հարաբերություններ չկան:

Մարդիկ անկարող են բաժանվել միմյանցից, բայց անկարող են և չվիրավորել իրար: Դերասանները մեռած ապրում, երբեմն մեռած ծնվում են, սակայն բեմի կենդանի վիրավորանքը երբեք չի մեռնում:

Թատրոնի մարդուն ստրկության է մղում թատրոնից դուրս լինելու վախը: Չգիտես՝ ինչ հրաշքի են նրանք ականատես լինում այդ չորս պատի ներսում, ինչ վերզգայական ապրումներ են ունենում, որ այդքան վախենում են բեմից հեռացվելուց:

Այս տարօրինակ ահ ու սարսափը ստեղծում է զուտ թատերային հիերարխիա` ամուսնական-ընտանեկան, քավոր-սանիկային ու ընկերական մի անտանելի կաստա, որտեղ յուրաքանչյուրը ինքնահաստատվում է դիմացինին ցավ պատճառելով:

Նման հիերարխիան էլ հիմնովին լճացնում է թատրոնը, քանի որ կա մի պարզ ճշմարտություն: Թատրոնի մարդիկ կարող են լինել միայն կոլեգաներ: Հակառակ մտերմությունը քանդում է ամեն ինչ` ներառյալ այդ մարդկանց ճակատագիրը… Մի խոսքով, թատերական վիրավորանքը անմեկնելի փաստ է, սարսափ, որը մաշկի բոլոր բջիջներով թատրոնի մարդը վերապրում է ամեն օր…

2012 թ. հունվար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter