HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Աննա Հակոբջանյան․ «Կոմպոզիտորը դրսից պատվեր չունենա՝ չի կարող ապրել»

2003 թ. Բենջամին Բրիտտենի անվան Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում 3-րդ մրցանակի արժանացած Աննա Հակոբջանյանն ապրում է Վանաձոր քաղաքում, որտեղ պրոֆեսիոնալ առաջին երաժշտական կրթությունն է ստացել։

Վանաձորցի կոմպոզիտորը մի քանի տասնյակ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում՝ երգչախմբի, նվագախմբի, ձայնի, դաշնամուրի եւ այլ գործիքների համար գրված։ Դրանց մեծ մասն առ այսօր չեն կատարվել։

Աննան այս տարի արժանացավ Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակի։ Հայկական վիոլայի եւ տավղի համար գրված նրա «Հազարան հավքի թեւով» ստեղծագործությունը լավագույնն էր ճանարվել կամերային ժանրում։ Մրցանակը՝ ընդամենը 50 հազար դրամ։

Աննա Հակոբջանյանը ՀԵՏՔ-ի հետ զրույցում խոսեց այն դժվարությունների մասին, որ ունեն կոմպոզիտորները։ Հատկապես մարզում բնակվող ստեղծագործողները, Աննայի խոսքով, ապրում եւ ստեղծագործում են վակուումի մեջ։

- Աննա, քանի՞ մեծակտավ գործ ունեք, եւ դրանցից քանի՞սն է առ այսօր կատարվել։

- Ոչ միայն ես, այլեւ բազմաթիվ կոմպոզիտորներ իրենց ստեղծագործությունները հնչեցնելու խնդիր ունեն։ Խնդիրը սկսվում է դեռեւս կոնսերվատորիայում ուսանելու տարիներից։ Ինչպես գիտեք, կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները պարտադիր սիմֆոնիկ գործեր են։ Ցանկացած զարգացած երկրում դիպլոմային աշխատանքները հնչում են, կատարվում են, եւ կոմպոզիտորը դեռ ուսանողական շրջանում հնարավարություն ունի եւ լսելու, եւ խմբագրելու իր աշխատանքը։ Եթե դու չլսես քո առաջին նվագախմբային աշխատանքը, սխալներդ չշտկես, այդ ժանրը չի կարող զարգանալ։

Իմ սիմֆոնիայի առաջին կատարումը հնարավոր մի կերպ իրականացնել 12 տարի անց։ Այդ պատճառով այլեւս չեմ գրել նոր սիմֆոնիկ ստեղծագործություններ, որ կարող էի ունենալ։ Եթե հնարավորություն չկա ստեղծագործությունը կենդանի լսելու, վերախմբագրելու եւ առաջ ընթանալու, նոր ստոեղծագործությունների մասին մտածելն անիմաստ է։ Էլ չխոսեմ օպերային ստեղծագործությունների մասին, որոնք մնում են թղթի վրա։ Խոշոր ժանրի ստեղծագործությունները գրեթե անհնար է Հայաստանում ժամանակին կատարել, որպեսզի կոմպոզիտորն էլ աճի։ Այդ պատճառով է, որ մեծակտավ ժանրում գրող կոմպոզիտորներ շատ քիչ ունենք։

Եթե արտերկրում գործընկերներ չունես, ապա Հայաստանի պայմաններում անիմաստ է դրական ակնկալիքներ ունենալ։

-Որ՞ն է խնդիրը։

-Խնդիրը պետական քաղաքականության բացակայությունն է։ Ցանկացած երկրում եւ երիտասարդական, եւ կոնսերվատորիայի, եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ կնքվում են պայմանագրեր, որոնք պարտադրում են կատարել ուսանողների եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մեզ մոտ նման պայման չի գործում։ Ոչ երիտասարդականը, ոչ կոնսերվատորիայի նվագախումբը նման պարտավորվածություն չունեն։ Դա արդեն մեծ բացթողում է։

Չնայած մենք ունենք երկու-երեք լավ երգչախմբեր, կոմպոզիտորի համար խնդիր է իր ստեղծագործությունը հասցնել նաեւ նրանց։

-Ինչ է, ժամանակ չունե՞ն էքսպերիմենտների համար։

-Այո։ Նախընտրում են գնալ փորձված ճանապարհով, քան՝ փորձարարական։ Հեշտ է կատարել արդեն հայտնի ստեղծագործություն, քան՝ ժամանակակից եւ նոր։ Նախ՝ ժամանակի խնդիր է, երկրորդ՝ երեւի ակնկալվող վարձատրություն չեն ստանում։

-Որտե՞ղ է կոմպոզիտորն իր հացը վաստակում, կերակրում ընտանիքը։

-Բարդ հարց է։ Կոմպոզիտորն էն բացառիկ մասնագետներից է, որ չի կերակրվում ընդհանրապես։ Քանի որ եթե նույնիսկ համերգ է կազմակերպվում, ապա արտիստներից մինչեւ տոմսավաճառ վարձատրվում են, բացի հեղինակից։ Հիմա պատվերներ չկան, մեր գործունեությունը Հայաստանում չի կարող կոմերցիոն լինել։ Միշտ էլ կոմպոզիտորը ապրել է պատվերի հաշվին։ Միակ հույսը դրսից պատվեր ստանալն է։ Եթե դա էլ չկա, ապրելու ճանապարհ չունես։

-Դուք անձամբ, ինչպե՞ս եք վաստակում։

-Ես վաստակում եմ մասնավոր դասեր տալով՝ տեսություն, վոկալ եւ այլն։

-Կոմպոզիտորի համար մե՞ծ է տարբերությունը՝ Երեւանում է բնակվում, թե Վանաձորում։

-Իհարկե մեծ է։ Գիտեք, կյանքը կենտրոնացված է Երեւանում։ Որոշ քայլեր արվում են մարզերի կյանքն ակտիվացնելու համար, բայց մեզ նոր երաժշտություն չի հասնում։ Մեծ վակուում կա։ Ճիշտ է, երբեմն լինում են համերգներ, բայց դրանք շատ քիչ են, որպեսզի մշակութային կյանքը զարգանա։ Պետք է տեղի երաժիշտները բեմ բարձրանան, նոր կադրեր ստեղծվեն, որպեսզի կյանքը տեղից շարժվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter