
Եղեգնուտի համայնքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում է գրել, իսկ մարզպետը դիմել է իրավապահ մարմիններին
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել մարզպետարան: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 27 տարի՝ 1991 թվականից: Ռազմիկ Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Իշխանափոխությունից հետո նրա հրաժարականը օրեր շարունակ պահանջում էին համայնքի բնակիչները՝ դժգհելով համայնքապետ աշխատանքից: Սակայն, լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու դիմում գրելու իրական պատճառներն այլ են:
Այդ ընթացքում Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրականացրել է իրավական և մասնագիտական հսկողություն՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են մի շարք թերություններ, օրենքի խախտումներ:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկել են ոչ միայն գլխավոր դատախազություն, այլև մյուս իրավապահ մարմիններին, Պետական վերահսկողական ծառայություն և Հաշվեքննիչ պալատ:
Եղեգնուտ համայնքում գործում է ավազի լվացման և տեսակավորման թվով 2 արտադրամաս: «Ավազ պլյուս» և «Արգավազշին» ՍՊԸ-ները: Երկու ընկերություններն էլ ավազի տեսակավորումներն ու կուտակումները կատարել են իրենց տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, ինչը մարզպետարանի աշխատակիցները գնահատել են որպես հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն: Դրանով խախտվել է նաև հողային օրենսգրքի պահանջները:
Վերահսկողություն իրականացրած հանձնաժողովի անդամները պարզել են, որ համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից Հողային օրենսգրքով նախատեսված վերահսկողության դրույթները ոչ պատշաճ իրականացնելու արդյունքում, վերը նշված թվով 2 ավազի արտադրամասերի նպատակային նշանակությունը չփոխելու պատճառով համայնքային բյուջե չի վճարվել մոտ 20-25 մլն դրամ:
Բացի այդ, համայնքի արտադրական տարածքներից նախկին ֆերմայի տարածքում համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի եղբոր կողմից հիմնվել է մոտ 1000 քմ խաղողի այգի: Այստեղ նույնպես կատարվել է հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն:
Համայնքի վարչական տարածքում գտնվող 1,2 հա տարածքը ավագանու 2006թ. որոշմամբ հատկացվել է համայնքապետի եղբորը՝ Վարդան Մարգարյանին, սակայն իրավական ձևակերպումներն իրականացված չեն: Ավելին, այս հողի հետ կապված մի շարք դատական գործընթացներ են եղել: Դրանցից մեկը վերաբերում է «Բետարտշին» ընկերությանը: Վերջինս զբաղվել է ավազի արդյունահանմամբ:
Համայնքապետի եղբորն է օտարվել նաև նախկին ֆուտբոլի դաշտի տարածքը: Բացի այդ, համայնքի տարածքում գտնվող «Խոտ-ալյուր» կոչվող գործարանըհամայնքի լուծարման հանձնաժողովի կողմից 1991թ. դրվել է վաճառքի: Նույն տարում 13,000 ռուբլով գնել է համայնքապետի եղբայր Վարդան Մարգարյանը: Եղեգնուտ գյուղի բնակիչները դիմումներ են ուղարկել մարզպետարան, նշել են, որ համայնքում շատ տարածքներ են պատկանում Մարգարյաններին և նրանց հարազատներին: Օրինակ՝ գյուղի տարածքում գործող բենզալցակայանը, գազալցակայանը, առևտրի սրահը՝ «Բիստրո»-ն, երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների տարածքը, գյուղի արտադրական տարածքի զգալի մասը և այլն: Ուսումնասիրություններով պարզվել է, որ տարիներ շարունակ համայնքի բյուջեից գումարներ են ծախսվել համայնքի գրադարանավարի հաստիքը պահելու համար, սակայն փաստացի գրադարանը չի գործել: Գրադարանավարի ամսական աշխատավարձի չափը կազմել է 77,910 դրամ: Միայն 2015-2018թթ. համար գրադարանավարին աշխատավարձ է վճարվել 3 մլն 350 հազար դրամի չափով: Մարզպետարանի աշխատակիցները զրուցել են գրադարանավարի հետ,: Պարզվել է, որ գրադարանում երբեք չի եղել գրադարանի վարման մատյան: Գրադարանից ընթերցողին վերջին անգամ գիրք տրվել է 2008թ-ին: Իսկ գրադարանի տարածքից պարզ է դարձել, որ աշխատանքային պայմաններն իսպառ բացակայում են: Գրադարանի տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ մեկ աշխատանքային սեղան կամ աթոռ տեղադրել:
Համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից ցուցաբերած անհետևողական աշխատանքի հետևանքով հողի հարկի և գույքահարկի մասով կուտակվել է մոտ 54 մլն դրամ ապառք: Համայնքի հողամասերից մոտ 400 հա տրվել է վարձակալության, սակայն վարձակալների կողմից վճարումներ չեն կատարվում, պատճառաբանելով, թե հողերը չեն մշակվում՝ աղակալման և ոռոգման ջուր չլինելու պատճառով: Վճարումներ չեն կատարվել արդեն 10-15 տարի:
Հանձնաժողովը երկու անգամ ստուգել է նաև մանկապարտեզ հաճախող և մատյաններում գրանցված երեխաների թիվը: Պարզվել է, որ, օրինակ՝ հուլիսի 31-ին միջին խմբում մատյանում գրանցված է 36 երեխա, որից, ըստ մատյանում կատարված նշումների, ներկա է եղել 31-ը, մինչդեռ փաստացի ներկա է եղել 25 երեխա: Իսկ ավագ խմբում մատյանում գրանցված է եղել 31 երեխա, ներկա են ստացել 27-ը, իրականում ներկա են եղել 26-ը: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխան գրանցված է եղել մատյանում, ստացել է ներկա, սակայն մանկապարտեզ չեն հաճախում:
Մարզպետարանը այլ խախտումներ էլ է հայտնաբերել, այդ իսկ պատճառով դիմել է իրավապահ մարմիններին: Եղեգնուտի համայնքապետից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել