
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․
«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:
Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիներից մեկը` մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջանհանգստությունների առիթ են հանդիսանում»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել