HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայաստանում հանքերը գրեթե անտերության են մատնված

Իհարկե, սա պետք է հասկանալ զուտ պաշտոնապես կամ դե յուրե, քանի որ դժվար է պատկերացնել, թե ահռելի արժեք ունեցող հանքանյութի այդ շտեմարանները բարձրաստիճան համապատասխան չինովնիկների կողմից գործնականում էլ են անտերության մատնված:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կառուցվածքում մի շատ հետաքրքիր, ուշագրավ կառույց կա: Խոսքը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության մասին է, որը կազմավորվել է ՀՀ կառավարության 2008 թ. թիվ 1577-Ն որոշմամբ: Տեսչության կանոնադրական նպատակներից ու խնդիրներից են ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնելու միջոցով ընդերքի արդյունավետ օգտագործման ապահովումը, Հայաստանի օրենսդրության պահանջների պահպանումը, ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտումը և կանխարգելումը, ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության լիարժեքության ու արժանահավատության ապահովումը:

Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրված լիցենզիաներով և համապատասխան կնքված պայմանագրերով սահմանված են մի շարք պարտավորություններ, որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը, ՀՀ օրենսդրության ու տեսչության կանոնադրության համաձայն, պետք է իրականացվեր ու պետք է իրականացվի տեսչության կողմից: Սակայն, ինչպես պարզել է ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ), ընդերքի պետական տեսչության իրականացրած ստուգումներում ընդերքօգտագործող ընկերությունների ընդգրկվածության ցուցանիշը շատ ցածր է. 2009 թ. ընթացքում գործել է մետաղական հանքավայրերի համար տրված 82 լիցենզիա:

Այնուհանդերձ, ստուգումներ են իրականացվել ընդերքօգտագործող խիստ սակավաթիվ կազմակերպություններում, որոնց տրված լիցենզիաների քանակը եղել է ընդամենը 8-ը (լիցենզիաների ընդհանուր թվի 9,7%-ը), իսկ 2010 թ. մետաղական հանքավայրերի համար տրված ու գործող 64 լիցենզիա ունեցող կազմակերպություններից ստուգումներ են իրականացվել ընդամենը 12 լիցենզիա ունեցող ընդերքօգտագործող կազմակերպություններում, որը կազմել է ընդհանուր թվի 18,7%-ը: Հետո էլ ոմանք զարմանում կամ նեղանում են, երբ ասում ենք Հայաստանում հանքերը գրեթե անտերության են մատնված:

Ավելին. 2009 թ. հանքարդյունահանում իրականացնող թվով 3 ընկերություններում («Մեգո Գոլդ», «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ներ և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի համապատասխան հանձնարարագրերով տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտներ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ:

Սակայն տեսչության կողմից կազմված ստուգման ակտերով անդրադարձ է եղել միայն փաստացի արդյունահանված ծավալներին, ընդ որում, այդ փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել՝ չհամեմատելով բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով ներկայացված փաստացի ծավալների հետ: Ստուգողները փաստորեն չեն անդրադարձել ընդերքօգտագործողների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը, հաստատված նախագծերին կատարված աշխատանքների համապատասխանությունը, ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմանը և կատարմանը: Թե ինչու են այսպես վարվել, կարծում ենք, դժվար չէ հասկանալ:

Նույն պատմությունը կրկնվել է նաև 2010 թվականին. այդ տարի նախարարի համապատասխան հանձնարարագրերով տեսչությանը հանձնարարվել է հանքարդյունահանում իրականացնող 3 ընկերություններում («Ախթալայի ԼՀԿ», «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ներ ու դարձյալ «Մեգո Գոլդ» ՍՊԸ) ստուգում իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտներ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ:

Սակայն տեսչության կողմից կազմված ստուգման փաստաթղթերում անդրադարձ է եղել միայն փաստացի արդյունահանված ծավալներին: Այդ փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել՝ նշված ծավալները դարձյալ չհամեմատելով բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով ներկայացված ծավալների հետ: Այս անգամ պայմանագրային պարտավորությունների կատարման ստուգումներ իրականացվել են, բայց թերի: 2010 թ. իրականացված 12 ստուգումներից 5-ով («Կուբին», «ԲԱՄՕ մետալ», «Լուլիար», «Ռակ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթ Արմենիա» ՍՊԸ-ներում և «Քանարմ Փրեշըս Մեթըլզ» ՓԲԸ-ում) արձանագրված խախտումների կապակցությամբ նշված ընկերություններին տրվել են գրավոր զգուշացումներ, իսկ թերությունների, խախտումների վերացման համար՝ սահմանվել 90-օրյա ժամկետ:

Համաձայն «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում նախարարությունն իրավունք ունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին: Սակայն տեսչության կողմից հետևողականություն չի ցուցաբերվել և չի պահանջվել տեղեկատվություն՝ թերությունների վերացման վերաբերյալ: Ընդ որում՝ «Լուլիար» ՍՊԸ-ի կողմից ստուգման արդյունքները բողոքարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, և վերջինիս 15.04.2011 թ. թիվ 49-Ա հրամանով բողոքը բավարարվել է՝ ոչ իրավաչափ է ճանաչվել տեսչության կողմից ՍՊԸ-ի նկատմամբ իրականացված վարչական վարույթը:

2010 թ. իրականացված 2 այլ ստուգման («Գ. Արշակյան» և «Հանքաբուրգ» ՍՊԸ-ներ) արդյունքները բողոքարկվել են նախարարին՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները չպահպանելու պատճառաբանությամբ, որից հետո ստուգումները դադարեցվել են: Ինչպես ասում են, «ֆանտաստիշ...»: Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում տեսչության աշխատակիցներին ինչո՞ւ է աշխատավարձ տրվում հարկատուներիս հաշվին, և ովքե՞ր են օրենսդրության պահանջների համապատասխան իրականացնելու ստուգումները, որպեսզի հնարավոր, այս դեպքում նաև միանգամայն ենթադրելի խախտումները ոչ միայն բացահայտվեն, այլև իրավական համապատասխան վերաբերմունքի արժանանան:

ՎՊ-ը խախտումներ է հայտնաբերել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կառուցվածքում գտնվող մեկ այլ մարմնում՝ նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունում: Վերջինիս կողմից 10 հաշվետվություններ պետական ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկվել և վերադարձվել են հեղինակներին՝ առանց բացասական որոշման կայացման, որը ՀՀ կառավարության 06.01.2005 թ. թիվ 1784-Ն որոշմամբ սահմանված պահանջի խախտում է:

Ավելին, օգտակար հանածոների պաշարների գործակալությանը պետական ընդերքաբանական փորձաքննություն անցկացնելու նպատակով ներկայացված 6 հաշվետվություններ շուրջ 2-3 տարի գտնվում են փորձաքննության ընթացքում, որով խախտվել է ՀՀ կառավարության 06.01.2005 թ. թիվ 1784-Ն որոշմամբ փորձաքննություն իրականացնելու համար սահմանված ժամկետը՝ մինչև 120 աշխատանքային օր:

ՎՊ-ը վերահսկողություն է իրականացրել նաև հիշյալ նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալությունում:

Պալատի կողմից 2010 թ. ընթացքում ընդերքօգտագործող (որոշ մետաղական հանքավայրեր և հանքերևակումներ) ընկերություններում «Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և 2007-2010 թթ. ընթացքում ընդերքի օգտագործման համապատասխանության» նպատակով իրականացված վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են ընդերքի տրամադրման, լիցենզային պայմանագրերի կնքման և ստանձնած պարտավորությունների կատարման, լիցենզիաների ժամկետների երկարաձգման վերաբերյալ խախտումներ ու բացթողումներ:

Վերահսկողության ընթացքում ընտրանքային կարգով ստուգվել է կոնցեսիոն վճարների հարցը: Ընդերքօգտագործման (մետաղական) լիցենզիա ունեցող ընկերությունները «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի պահանջով և լիցենզային պայմանագրով պարտավոր են ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել կոնցեսիոն միանվագ վճար, որը կախված է ընդերքի տեղամասի չափից: Թվով 20 ընդերքօգտագործման լիցենզիա ունեցող ընկերությունների համար հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 158979600 դրամ, սակայն վճարվել է մոտ կեսը՝ 79812200 դրամ, այսինքն՝ չի վճարվել 79167400 դրամ, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (3)

Nelson
Bnagavarwum hanq anwunwv mard chem chanachum ....
Հանք
Այդ երեք գօրծակալություններն ել զբաղված են ընդերքի վաճառքով ;Ընդորում Պաշարների պետական հորջորջվող գործակալությունը հաստատում է չհետախուզված սւտ հանքերի պաշարներ Խաչիկ Սապոնդջյանի գլխաորությամբ,Հատկացման գործակալությունը -Հակոբյան Կորյուն՝ վաճառում սրան-նրան ;Ստուգող կազմակերպություննել փող է աշխատում ստուգելով ; Հակառակ դեպքում Հայաստանում Չեին լինի այնպիսի փչովի հանքավայրեր ինչպիսիք են՝- Թեղուտը,Հանքավանը -որտեղ մոլիբդենի պարունակությունը ԿԱԶՄՈՒՄ Է. 0.017-0.02 % ,ավելիցածր քան Քաջարանի հանքավայրի թափոնները, Թուխմանուկի ևԱմուլ Սարի ոսկու հանքավայրերը ;որտեղ ոսկի չկա ;Այդ է պատճառը որ ավերվում է հանրապետության լանդշաֆտը.;Երկրաբանությունը գիտություն է իսկ այդ մարդիկ իրենց տերերով հանդերձ ավիրելեն ամենինչ;Միևնույնե ոչինչ չի փոխվի և ;Այդ բնագավառը կոռումպացված է շատ խորը արմատներով :Հակօբյան Կորյունը իր ՍՊԸ ներով շարունա -կելու է այլասերել Հայաստանի ընդերքը ,Խաչիկն ու Երվանդը Հաստատել չեղած պաշառները ,իսկ հանքատերերը ավերելու են բնությունը չեղած օգտակար հանածոն արդյունահանելու համար; Անհրաժեշտ է համապետական մոտեցում ,բնագավառը դե կոռումպացնելու և կարգավորելու համար ;
Հանք
Այդ երեք գօրծակալություններն ել զբաղված են ընդերքի վաճառքով ;Ըդվորում Պաշարների պետական հորջորջվող գործակալությունը հաստատում է չհետախուզված սւտ հանքերի պաշարներ Խաչիկ Սապոնդջյանի գլխաորությամբ,Հատկացման գործակալությունը -Հակոբյան Կորյուն վայառում սրան-նրան ;Ստուգող կազմակերպություննել փող է աշխատում ստուգելով ; Հակառակ դեպքում Հայաստանում Չէին լինի այնպիսի փչովի հանքավայրեր ինչպիսիք են՝- Թեղուտը,Հանքավանը -որտեղ մոլիբդենի պարունակությունը ԿԱԶՄՈՒՄ Է. 0.17-0.2 տոկոս ,ավելիցածր քան Քաջարանի հանքավայրի թափոնները, Թուխմանուկի ևԱմուլ Սարի ոսկու հանքավայրերը ;որտեղ ոսկի չկա ;Այդ է պատճառը որ ավերվում է հանրապետության լանդշաֆտը.;Երկրաբանությունը գիտություն է իսկ այդ մարդիկ իրենց տերերով հանդերձ ավիրելեն ամենինչ;Միևնույնե ոչինչ չի փոխվի և ;Այդ բնագավառը կոռումպացված է շատ խորը արմատներով :Հակօբյան Կորյունը իր ՍՊԸ ներով շարունա -կելու է այլասերել Հայաստանի ընդերքը ,Խաչիկն ու Երվանդը Հաստատել չեղած պաշառները ,իսկ հանքատերերը ավերելու են բնությունը չեղած օգտակար հանածոն արդյունահանելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter