
Վարչապետի խոսնակը չի հստակեցնում՝ դեսպանի հետկանչը կապ ունի՞ Ադրբեջանին զենք վաճառելու հետ, թե ոչ
Բելառուսի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը վարչապետի առաջարկությամբ հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը չցանկացավ մեկնաբանել, թե դեսպանի հետկանչը արդյոք կապ ունի՞ բելառուսական զենքի՝ Ադրբեջանին վաճառքի հետ, թե ոչ:
Այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, «Հետք»-ի հարցին ի պատասխան, մանրամասնեց, որ խնդրի վերաբերյալ խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրել եմ, և մենք այդ թեմայով խոսել ենք: Ես մտահոգություններս արտահայտել եմ, և դա շարունակելու է մնալ մեր օրակարգում: Եթե մենք ՀԱՊԿ անդամ ենք, նշանակում է՝ մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր առաջ, եկեք այդ շրջանակը ճշտենք և պահպանենք: Մեր խնդիրն է ՀԱՊԿ-ում մեր մասնակցության արդյունավետությունը բարձրացնել, հետևաբար մեծացնել նաև կազմակերպության արդյունավետությունը, և դրա համար ամեն ինչ անելու ենք», - ասել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը քննադատել էր Իսրայելի տարածքով սլովակյան հաուբիցները և հրթիռային համազարկային համակարգերն Ադրբեջան արտահանելը:
Մեկնաբանել