Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը հայտնվել է Brexit-ին առնչվող սկանդալում
Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն և դրա բաժնետերերից Սիման Պովարենկինը հայտնվել է Brexit-ին առնչվող միջազգային սկանդալում: Միջազգային լրատվամիջոցների ձեռքում է հայտնվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի` ռուսական ոսկու արդյունահանման շուկան համախմբող (կոնսոլիդացնող) պրեզենտացիա, որտեղ ընկերությունը ցանկություն է հայտնել գնել ռուսաստանյան մի քանի ոսկի արդյունահանող ընկերություններ և դառնալ ՌԴ ոսկու թիվ 1 հանքարդյունահանողը, ինչպիսին է Polyus Gold-ը:
Արտահոսած տեղեկատվության համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը համախմբման 7-էջանոց պրեզենտացիա է պատրաստել, որը ներկայացվել է Brexit-ի հիմնական հովանավոր, բրիտանացի միլիարդատեր, գործարար Արոն Բենկսին Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանի և ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ: Արոն Բենկսը Leave.EU քարոզարշավի համահիմնադիրն է: Այդ քարոզարշավն իրականացվել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը խթանելու համար: Բրիտանական The Guardian-ն անդրադարձել է արտահոսած փաստաթղթին` Brexit-ի հանրաքվեի ֆինանսավորումը կապելով Կրեմլի և ռուսական փողերի հետ:
Համաձայն այդ ներկայացման՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, հայաստանյան հանքարդյունաբերական պոտենցիալի հետ միասին, ՌԴ-ում 8-րդ խոշոր ոսկի արդյունահանողն է: Եվ եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը համախմբի տասնյակի մեջ մտնող 7 ընկերություններին, ապա կհասնի Polyus Gold-ի ծավալներին՝ հետևում թողնելով նաև «Պոլիմետալ»-ին, որը Հայաստանում նույնպես ոսկի է արդյունահանում:
Պրեզենտացիայից հետևում է, որ մի շարք գործոններից ելնելով` ինչպիսին էր, օրինակ, 2014-15թթ. դրամավարկային ճգնաժամը և ռուբլու արժեզրկումը, ռուսական հանքերն աշխարհում ամենաէժաններն են: Իսկ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի առավելություններին անդրադառնալով` նշվում է այն փաստը, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի բաժնետերերից է ռուսական համար առաջին բանկի` «Սբերբանկի» դուստրը` «Սբերբանկ կապիտալ» ընկերությունը, որ տալիս է որոշակի հնարավորություններ, որոնք հասանելի չեն մյուսներին:
Նշենք, որ գաղտնազերծված փաստաթուղթը հայթայթել և լրատվամիջոցներին է փոխանցել «Յուկոս»-ի հիմնադիր և Վլադիմիր Պուտինի հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած www.dossier.center ռեսուրսը:
թեմային առնչվող հոդվածը կարդացեք այստեղ՝ Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում |
Առաջին լուսանկարում` Արոն Բենկսն ու Սիմոն Պովարենկինը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել