HY RU EN

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը փնտրում է Արման Սահակյանի տարածքում հատված ծառերի փայտանյութը

Ոստիկանությունը տևական ժամանակ փնտրում է Հալաբյան 20/1 (ներկայիս Հալաբյան 20/4-հեղ․) հասցեում հատված ծառերի փայտանյութը։

Այն հայտնաբերելու համար քննչական կոմիտեն դիմել է ոստիկանություն։ Տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող «Վարդանյան-Շին» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ` որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քննության տվյալներով` հատված ծառերը գտնվել են Երևան համայնքի հաշվեկշռում, և ծառահատման թույլտվություն չի տրամադրվել: Առերեւույթ հանցանքի կատարմանը հնարավոր այլ առնչություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են քննչական կոմիտեից։

Հալաբյան 20/1-ը գրանցված է եղել Արման Սահակյանի անունով, սակայն մարտի 16-ին գրանցումը փոխանցվել է Սահակյանին պատկանող «Բեյբիս Սմայլ» ՍՊԸ-ի անվամբ` Երևան, Հալաբյան փողոց 20/4 հասցեով։ 

Այս տարվա մայիսին պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի «Բեյբիս Սմայլ» և ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի կնոջ «Էլիզաս» ընկերությունները բնապահապանության նախարարություն էին ներկայացրել այս տարածքի համատեղ բիզնես նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ունեցող ազդեցության նախնական գնահատման հայտ։

Ըստ նախագծի այս տարածքում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համալիր։ Դրա ներսում լինելու է առևտրի կենտրոն, հասարակական սպասարկման սննդի կետ, գրասենյակային, ժամանցի և զվարճանքի կենտրոններ, սննդի արտադրություն:

Մայիսի 18-ին Արտակ Սարգսյանի կինը դուրս է եկել «Էլիզաս» ընկերությունից՝ բաժնեմասերը փոխանցելով 62-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանին։ Չնայած ընկերության սեփականատերի փոփոխություն է կատարվել, սակայն ընկերությունը շարունակում է գրանցված մնալ Արտակ Սարգսյանին պատկանող «SAS food court»-ի՝ Արշակունյաց 11/1 հասցեում։

Նախագծվող համալիրը կառուցվելու է 1,5 հա հողատարածքի վրա, շենքի մակերեսը լինելու է 7814 քմ:

Արտակ Սարգսյանի կինը այս տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող հող էր գնել 2017 թվականի նոյեմբերի 23-ին՝ հողամասի համար վճարելով 17, 4 միլիոն դրամ։  Հալաբյան փողոց 20/8 հասցեում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար։ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված մեկ այլ փաստաթղթից պարզ է դառնում, որ «Էլիզաս» ըներությունը հողամաս է գնել նաև Հալաբյան փողոց 22/4, 20/9, 22/5 հասցեներում։

Ինչ են հայտնում քննչական կոմիտեից

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանը մարտի 14-ին Արտակ Սարգսյանի կնոջը պատկանող Հալաբյան փողոցի 22/5 հասցեի վերաբերյալ շինթույլտվություն է տրել, իսկ մինչ այդ՝ այս տարվա հունվարին, Արման Սահակյանին պատկանող 20/1 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի քանդման վերաբերյալ թույլտվություն է տրամադրել, ինչպես նաև Կանաչապատման և բարեկարգման նախագիծ հաստատել: Նշենք, որ Հալաբյան 20/1 հասցեում է գտնվել Արման Սահակյանին պատկանող «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը։

«Կապիտալ շինարարության կապալի» պայմանագիր է կնքվել «Վարդանյան-Շին» ընկերության հետ, որով ընկերությունը պարտավորվել է կատարել Հալաբյան փողոցի 20/1, 20/4, 20/9, 22/4, 22/5 հասցեներում կառուցվող շինության շինարարական աշխատանքները: Նշենք, որ 20/9, 22/4, 22/5 հասցեները գրանցված են «Էլիզաս» ընկերության անունով, իսկ մնացած երկու հասցեները՝ Արման Սահակյանի անունով։

Տարածքում շինարարությունն այժմ դադարեցված է։