HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերից կգործի դպրոցական աբոնեմենտային համակարգը` 1-ից 12-րդ դասարանների աշակերտների համար

Մշակույթի ու կրթության նախարարներ Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանը այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրած համատեղ ասուլիսում հայտարարել են երկու ոլորտները միավորող երկու նախաձեռնության մեկնարկի` դպրոցական աբոնեմենտային համակարգ ու «Քո արվեստը դպրոցում» ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

«Դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է 1-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն (թանգարան կամ պատկերասրահ, թատրոն, համերգասրահ)մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: Դպրոցական աբոնեմենտային համակարգը կգործի 2018-ի հոկտեմբերից: Ծրագիրն այս տարի փորձնական է, ընդգրկված են միայն մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մշակութային օջախները: Հետագայում նախատեսում ենք մշակութային կառույցների առաջարկած ծրագրերը անպայման զուգորդել դպրոցական կրթական ծրագրերի հետ»,- ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ աբոնեմենտային համակարգից այս տարի կօգտվի շուրջ 350 հազար աշակերտ՝ հետևյալ ձևաչափով.

«Յուրաքանչյուր աշակերտի անվճար կտրամադրվի անվանական աբոնեմենտ՝ բաղկացած երեք կտրոնից: Մշակութային երեք օջախներից յուրաքանչյուրը մուտք գործելիս հսկիչը կպատռի հերթական կտրոնը: Վերջինները հետագայում ներկայացվելու են համապատասխան գերատեսչությանը: Ֆինանսավորումը կիրականացվի ըստ ներկայացված կտրոնների: Ծրագրի համար պետությունը նախատեսել է շուրջ 400 մլն դրամ, սակայն կարևոր են ոչ այնքան ներդրված գումարն ու ծրագրի ծավալը, որքան մեր առջև դրված նպատակները: Մեր աշակերտների շփումը մշակույթի հետ ծրագրի թիվ մեկ նպատակն է»,-ընդգծել է կրթության ու գիտության նախարարը:

Մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ երկրորդ ծրագիրը, որի մասին Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանը ազդարարել են այսօր, կոչվում է «Քո արվեստը դպրոցում»: Նպատակը բարձր արվեստի ու ընթերցանության հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը խթանելն է:
«Ծրագրում ընդգրկել ենք թիրախային երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հենց այսօր հայտարարել ենք մրցույթ, որին կարող են մասնակցել նշված ոլորտների ներկայացուցիչները՝ ներկայացնելով նախագիծ մի քանի բաղադրիչներով. այն պետք է ունենա ստեղծարար, ներառական և ինտերակտիվ մոտեցում: Այսինքն՝ ծրագիրը պետք է պարունակի որևէ շահեկան գաղափար, որը կմեծացնի աշակերտների հետաքրքրությունը նշված ոլորտների նկատմամբ: Ծրագրի առանցքային նպատակներից է նաև երեխաների մեջ քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորումն ու զարգացումը»,-ասել է Լիլիթ Մակունցը:

Նրա տեղեկացմամբ՝ մրցույթի արդյունքում կընտրվի մշակույթի 50 գործիչ, որոնցից յուրաքանչյուրին՝ 30 դպրոցներում ծրագիրն իրականացնելու համար կտրամադրվի մեկական միլիոն դրամ:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում 50 արվեստագետներ իրենց ծրագրերով կայցելեն հանրապետության 1400 դպրոցներ, յուրաքանչյուրը՝ վիճակահանությամբ ընտրված 30 դպրոց: Ըստ էության, սա փոխշահավետ համագործակցություն է դպրոցի ու արվեստագետի միջև: Միաժամանակ՝ ծրագիրը մարզերում մշակութային կյանքը ակտիվացնելու հնարավորություն կտա և կնպաստի մշակույթի ապակենտրոնացմանը»,-հավելել է Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

Tigran Martirosyan
Մնում է նորմալ ներկայացումներ հրամցնեն էրեխեքին: Տեսնես ինչ սկզբունքով են ընտրվելու այդ ներկայացումները, մասնագիտական խորհուրդ, կամ հանձնախումբ է լինելու, թե թողնելու են, որ թատրոններն բեմական ինչ գրդոն ասես մատուցեն: Այդպիսով ներաշխարհին ավելի շատ վնաս, քան թե օգուտ տալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter