
Եվս մեկ կարճված գործ կամ այն մասին, թե ինչպես է իրականացվում արդարադատությունը Հայաստանում
Նախ՝ մի փոքր նախապատմություն:
2011թ. մայիսի 12-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Լորա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանություն՝ նույն հիվանդանոցի տնօրեն Ա.Ասոյանի կողմից իր հասցեին հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ հնչեցնելու մասին:
Ոստիկանությունը երկար ու ձիգ հարցաքննությունների որպես արդյունք, որոշում է կայացրել քրեական գործ չհարուցելու մասին: Ոստիկանության որոշումը Լ.Մովսիսյանը բողոքարկել է նախ դատախազություն, ապա դատարան: Դատարանի որոշմամբ վերացվել են քրեական գործ չհարուցելու մասին ոստիկանության և դատախազության որոշումները: Ա.Ասոյանի ներկայացուցիչները առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան, որն առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
Այսպիսով, Ա.Ասոյանի դեմ հարուցվել է քրեական գործ, և սկսվել է հետաքննություն: Ոստիկանությունը կրկին ցուցմունքներ է վերցրել, առերեսում է արել Լ.Մովսիսյանի և միջադեպին ներկա գտնվողների հետ: Ընդ որում, որպես «ներկա գտնվողներ» ցուցմունք են տվել նաև անձինք, որոնք առհասարակ միջադեպին ներկա չեն եղել:
Մանկապարտեզախառը կրկեսային ներկայացում հիշեցնող այս «հետաքննության» արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնական քննչական բաժնի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Ս.Մանուկյանը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Իսկ ինչ վերաբերում է Լորա Մովսիսյանի կողմից որպես ապացույց ոստիկանություն ներկայացված միջադեպի ձայնագրությանը, որն արդեն իսկ մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, ապա ոստիկանությունը մերժել է ձայնագրությունը որպես ապացույց ընդունել, «քանի որ ձայնագրությունը կատարվել է գաղտնի, առանց Ա.Ասոյանին տեղյակ պահելու»:
Փաստորեն, նման տրամաբանությամբ ստացվում է, որ տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնք բազմիցս օգնել են ջրի երես հանել ճշմարտությունը, նույնիսկ վկաների բացակայության պարագայում, չեն կարող որպես ապացույց օգտագործվել, քանի որ հանցագործը տեղյակ չի եղել, որ իրեն տեսագրում են:
Հարկ է նշել, որ ոստիկանության որոշումը առատ է զավեշտալի հիմնավորումներով: Օրինակ, գլխավոր բժշկի կողմից դուռը աքացիով բացելու հետևանքով այն վնասելու մասին որոշման մեջ ասվում է. «...նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ասոյանի կողմից անզգուշությամբ վնասվել է նշված սենյակի դռան ներքևի հատվածը, ինչը տեղի է ունեցել դռան փականի վատ աշխատանքի պատճառով, երբ Ա.Ասոյանը սենյակ մտնելիս դժվարացել է դուռը բացել: Ընդ որում դռան վնասումով հիվանդանոցին նյութական վնաս չի պատճառվել, քանի որ այն վերանորոգվել է առանց ծախսեր կատարելու: Այսինքն, Ա.Ասոյանի գործողություններում բացակայում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմների հատկանիշները»:
Կամ. «Արա Ասոյանի կողմից Լորա Մովսիսյանի հասցեին հնչեցված առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ սպանելու սպառնալիքները հնչեցվել են աշխատանքային հարաբերությունների հողի վրա ծագած վեճից, այդ արտահայտությունները արվել են հենց այնպես, կոնֆլիկտի ընթացքում, զայրույթի պահին, որոնք լուրջ չեն ընկալվել Ա.Ասոյանի և ներկաների կողմից, իսկ Լ.Մովսիսյանի կողմից նշված սպառնալիքների հնարավոր սխալ, խեղաթյուրված ընկալումը դեռևս չի վկայում քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի առկայության մասին»:
Իրոք, շատ վառ երևակայության տեր հանդիսացող մարդ է կազմել որոշումը, այլապես ինչպես կարելի է պատկերացնել, որ «եվրո» կողվող դռան փականի վատ աշխատանքի պատճառով՝ նույն դռան ներքևի հատվածը կարող էր կտորների բաժանվել: Ընդ որում, մինչ օրս այդ նույն փականը շարունակում է զարմանալիորեն աշխատել: Եվ ի վերջո, դուռ կոտրելն արդեն իսկ ավարտուն խուլիգանական արարք է՝ անկախ հետագայում այն վերանորոգելու փաստից: Ըստ քննիչի եզրահանգման՝ եթե առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ սպանելու սպառնալիքները տրվել են աշխատանքային հարաբերությունների հողի վրա ծագած վեճից, ապա դրանք չեն կարող համարվել լուրջ և իրական: Ինչպես ասում են, ուղղակի երկաթե տրամաբանություն:
Այսպիսով, հետաքննող մարմինը «պարզել և հիմնավորել է», որ «Վեճի ընթացքում Ա.Ասոյանը վիրավորել է Լ.Մովսիսյանին, իսկ վերջինս հակադարձել է վիրավորանքները», այնինչ ձայնագրությունից պարզ լսվում է, և առերեսվող վկաներն իրենց ցուցմունքներում նշել են, որ միջադեպի ընթացքում վիրավորանքներ հնչեցրել է միայն Ա. Ասոյանը:
Նաև «պարզվել և հիմնավորվել է» որ «...Ա.Ասոյանի կողմից Լ.Մովսիսյանի վրա հարձակվելու փորձեր չեն կատարվել, և վերջինս նշված սենյակում երկար է մնացել Ա.Ասոյանի հետ վեճը գաղտնի ձայնագրելու համար», ընդ որում՝ վկաներից մեկը չի ժխտել Ա. Ասոյանի կողմից Լ. Մովսիսյանի վրա իրեր շպրտելու հանգամանքը: Որևէ մեկը չի կարող ասել, թե բարձր ճնշում ունեցող, 62-ամյա կնոջն աթոռով կամ ջրով լիքը շշով հարվածելուց ինչպիսի հետևանքներ կարող էին լինել:
Որոշումը կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քննիչն իր վրա է վերցրել Ա.Ասոյանին Լ.Մավսիսյանից պաշտպանելու գործառույթը և հանդես է գալիս որպես Ա.Ասոյանի դատապաշտպան: Չփորձելով նույնիսկ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել և դնելով մի կողմ ձայնագրությունը և առերեսվող վկաների ցուցմունքները՝ քննիչը, իրավական նորմերի խեղաթյուրված մեկնաբանության, գործի հանգամանքների սխալ, կողմնակալ և ոչ պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում, կայացրել է ակնհայտ անհեթեթ և իրավական հիմնավորումներից զուրկ մի որոշում:
Ստացվում է, որ մեր երկրում կարելի է հանրային վայր համարվող հիվանդանոցում աքացիով դուռը բացել, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնել, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական, անպարկեշտ արտահայտություններ օգտագործել, բայց գաղտնի ձայնագրել ոչ մի դեպքում չի կարելի, և չնայած ձայնագրությունից պարզ է տեղի ունեցածը, եթե նախաքննությամբ «պարզվել և հիմնավորվել է», որ նման բան տեղի չի ունեցել, ուրեմն այդպես էլ կա:
Լորա Մովսիսյան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել