HY RU EN

Գյուղնախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։

Ինչպես տեղեկացնում է գյուղնախարարությունը, փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը' ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները և ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության և վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետևաբար հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։ Ուսումնասիրվող խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար:

Տեխնիկական համագործակցության այս ծրագիրը (ՏՀԾ) թիրախավորում է կաթնամթերքի արժեշղթայի ելակետային և ելքային ենթաոլորտները՝ մշակելով տնտեսական մոդել, որը ցույց կտա բարելավված կերակրման, կաթի արտադրության և վերամշակման արդյունավետ փոխկապվածությունն ու կաթնամթերքի ոլորտի առավելագույն ներուժը՝ ինքնաբավության և արտահանման պոտենցիալի առումով:

Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտին ավելի նպատակային ներդրումներով աջակցելու միջոցով: Այս երկու ոլորտների փոխկապակցվածությունը էական է, քանի որ միայն դրանց արտադրողականության զուգահեռ բարելավման պարագայում կաթնամթերք արտադրող ֆերմերները կարող են ավելի շատ եկամուտներ ստանալ։