HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ժողովրդագիր. միգրացիան հայաստանցիներին միայն գոյատեւելու հնարավորություն է տալիս

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ասում է, որ հայերը միգրացիային վերաբերվում են ոչ միայն որպես մարդկային տեղաշարժի, այլեւ այն դիտարկում են իբրեւ էթնիկական խնդիր, քանի որ հայերը լքում են Հայաստանը: Այս առումով հատկանշական է նաեւ միգրացիա տերմինի հայերեն տարբերակը՝ արտագաղթ: Զարգացած երկրներում միգրացիային նայում են այլ տեսանկյուններից եւս, քանի որ միգրացիան տեղաշարժ է ոչ միայն երկրից դուրս, այլեւ դեպի երկիր: Ըստ ազգագրագետի, սակայն, նույնիսկ եթե Հայաստանն ավելի զարգացած երկիր լիներ ու գրավիչ լիներ քիչ զարգացած երկրների համար, մենք կառնչվեինք միգրանտների մուտքի հետ, որը կրկին մեծ ողբերգություն կհամարեինք, քանի որ մենք դրան էթնիկության կողմից ենք նայում: Թադեւոսյանն ասում է, որ այսօրվա արտագաղթը բնական արձանքն է այն քաղաքականության եւ այն իրավիճակի, որը ստեղծվել է երկրում:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ընդհանուր առմամբ համաձայն է գործընկերոջ այն մտքի հետ, որ միգրացիան ոչ միայն բացասական, այլեւ դրական տարրեր է պարունակում: Այն ներառում է կրթական եւ մշակութային տեղաշարժ, ինչը նշանակում է հաղորդակցություն, այլ արժեքների տիրապետում, ներդրումների ներգրավում եւ այլն:  

Սակայն այն ինչ տեղի ունեցավ մեր երկրում վերջին 20 տարում Ռ. Եգանյանը դժվարանում է կոչել կառուցողական զարգացմանը միտված երեւույթ: Ըստ նրա՝ միգրացիան մեր երկրի համար միայն գոյատեւելու հնարավորություն է տալիս, իսկ դրա զարգացման տարրերը մեզանում չեն առարկայանում: Այսինքն՝ արտագաղթած հսկայական հայկական զանգվածը արտերկրում վաստակում է գումարներ, որը այստեղ հնարավորություն է տալիս նրանց ընտանիքներին գոյատեւելու եւ վերարտադրվելու համար:

Եգանյանը կարծում է, որ Մերձավոր արեւելքի հայ գաղթօջախներին շատ ծանր օրեր են սպասվում, եւ նրանք արդեն վատ վիճակում են: Իրաքահայության մասին ժողովրդագիրը խոսում է անցյալով, քանի որ, ըստ նրա, ինչ լինելու էր, այլեւս եղել է: Հայաստանում հիմնավորվեց իրաքահայերի մոտ 1000 ընտանիք, իսկ մնացածը իրենց ճակատագիրը տեսնում են զարգացող եւ զարգացած երկրներում: Սա հետեւանք է նրա, թե Հայաստանն ինչպիսի ապայմաններ է առաջարկում նրանց: Իսկ քանի որ սփյուռքահայերն ընդհանրապես ավելի բարեկեցիկ կյանքով են ապրել ու ապրում, քան հայաստանցիները, հետեւաբար Հայաստանը շատ քչերի համար է վերջին հանգրվան հանդիսանում: Ու եթե անգամ, օրինակ, սիրիահայեր գան Հայաստան, մեր երկիրը նրանիցից շատերի համար լինելու է տրանզիտային կետ, ու հարմար պահի նրանք հեռանալու են զարգացած երկրներ: Մասնավորապես այդպես եղավ 360.000 ադրբեջանահայերի հետ, որոնցից այսօր Հայաստանում, ըստ Ռ. Եգանյանի, մնացել են միայն մոտ 50.000-70.000-ը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter