HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 33-րդ թաղամասը՝ ձախողված ծրագիր. «Ֆիրդուս»-ի բնակիչները նոր կառավարությունից պահանջում են տեր կանգնել իրենց իրավունքներին

Հանրապետության հրապարակին հարակից, «Ֆիրդուս»-ի շուկայի հարևանությամբ նախատեսվող Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագիրը ձախողված է: Պետության կարիքների համար գերակա շահ ճանաչված տարածքը 2007-ին օտարվեց մի ընկերության, որը խոստացել էր այդ նույն տարածքում բազմաբնակարան շենք կառուցել և տարածքի բնակիչներին բնակարաններ հատկացնել: Սակայն բոլոր խոստումները, այդ թվում կառավարության որոշման մեջ նշված հիմնավորումները, կյանքի չեն կոչվել, ինչի հետևանքով «Ֆիրդուս»-ի հարակից տարածքում նախկինում և այժմ էլ դեռ ապրող բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: 

Հանրապետության հրապարակին կից 33-րդ թաղամասի ստեղծման համար կառավարությունը բացառիկ գերակա շահ է ճանաչել «Ֆիրդուս»-ի տարածքի նկատմամբ և օտարել «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ին: 

Հանրապետության նրբանցի 23 ընտանիք պարտավորվել է «Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ–ին վաճառել օտարման ենթակա տարածքում գտնվող իրենց բնակարանները, որի դիմաց իրավունք էին ձեռք բերում 3 կամ 3,5 տարուց ստանալ բնակարան Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքում, ինչպես նաև մինչ շենքի կառուցումը ստանալ համարժեք վարձավճար իրենց բնակարաններից դուրս գալու նպատակով այլ տարածքում բնակելի տարածք վարձակալելու համար: 

Անահիտ Մարգարյանն այն բնակիչներից է, ով դեռևս 2010 թվականին պայմանագիր է կնքել «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ի հետ, ով պարտավորվել է իր կողմից Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքում որպես սեփականություն տրամադրել 2 բնակարան: Խոստացված բազմաբնակարան շենքը չկա, և ավելի քան 1,5 տարի է` Անահիտ Մարգարյանի ընտանիքը չի ստանում խոստացված վարձավճարն այլ բնակարանում ապրելու համար: 

Անահիտ Մարգարյանը պատմում է, որ պայմանագիր կնքած բնակիչները 2016-ին դիմել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ով պատվիրակել էր դրա լուծումը նախագահի նախկին վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Սակայն, վերջինս ոչ միայն խնդրին լուծում չի տվել, այլև բնակիչների հետ հանդիպման ընթացքում, հատկապես տարեց բնակիչների հանդեպ ոչ կոռեկտ պահվածք դրսևորելով, հայտարարել է, որ «բնակիչները կթում են պետությանը», և այդուհետ բնակիչները վարձավճարներ չեն ստացել: 

Բնակիչներին այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես են իրենք պետությանը կթում, եթե պայմանագրի կողմը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է: 

Երևանի կենտրոնում` ինչպես ընդհատակում 

«Ֆիրդուս»-ի հարակից տարածքում ապրող մեկ այլ խումբ բնակիչներ` 20 ընտանիք, շարունակում է ապրել հակասանիտարկան և կիսախարխուլ տարածքում` վստահություն չունենալով նախկին կառավարության հանդեպ և չհամաձայնելով կառուցապատողի առաջարկած պայմաններին:

«Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ-ն առաջարկել է 600 դոլարին համարժեք դրամի փոխհատուցում, մինչդեռ բնակիչները համոզված են, որ Հանրապետության հրապարակին կից տարածքում կամ Կենտրոն թաղամասի տարածքի բնակարանների քառակուսի մետրի շուկայական արժեքը սկսում է 1500 դոլար: 

Թաղամասի տների մեծ մասն ապամոնտաժվել է, իսկ լքված և կիսաքանդված տարածքներն այժմ վերածվել են մեծ աղբանոցի: Հարևան տների ապամոնտաժման հետևանքով դրանց կից կտուրներն ու պատերը վնասվել են, հողն ու ջուրը լցվում է մանկահասակ երեխաների և տարեցների գլխին: 

Տեսանկարահանումը՝ Սարո Բաղդասարյանի

2018թ.  ապրիլի 16-ին պայմանագիր չկնքած բնակիչները ստացել են ծանուցում Երևանի քաղաքապետարանից, այն է՝ ՀՀ կառավարության 22 մարտի 2018 թվականի N 332-Ն  որոշմամբ Հանրապետության նրբանցքը ճանաչված է գերակա շահ, և 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն բացառվում է սեփականատերերին ապագայում կառուցվելիք շենքից բնակարանների տրամադրումը։ Ավելին, նույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ձեռք բերողը ստանձնում է պարտավորություն` զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության և օտարման գործընթացի համար սահմանված ժամկետի խախտման հետ:   

Բնակիչները վրդովված են. այպիսով, փաստորեն, պետության կարիքների համար գերակա շահ ճանաչելը խաբեություն է, և պետությունն «իր ձեռքերը լվանում է» ՀՀ քաղաքացու սեփականության իրավունքի երաշխավորը լինելուց` այդ պարտավորությունն  ամբողջությամբ դնելով մասնավոր ընկերությունների վրա` զրկելով իր քաղաքացիներին ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքից: 

Բնակիչները նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նրանք խնդրել են վերանայել և ուժը կորցրած ճանաչել Սահմանադրությանը հակասող կառավարության 22 մարտի 2018 թվականի N 332-Ն  որոշումը, ապահովել պետության՝ որպես սեփականատիրոջ և ձեռքբերողի միջև կնքվող օտարման պայմանագրի կողմ լինելու պարտադիր պայմանը` որպես ՀՀ քաղաքացու սահմանադրական  իրավունքենրի երաշխավորող , պարտավորեցնել «Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ-ին կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները` այդ թվում` վճարելով բնակիչներին տույժերը խախտված ժամկետների համար, ինչպես նաև 2017 թվականի հունվարից մինչ այժմ չվճարված վարձավճարները, պարտավորեցնել ընկերությանն ապահովել Հանրապետության նրբանցքում դեռևս բնակվող բնակիչներին Կենտրոնին համարժեք փոխհատուցմամբ կամ տեղում ողջամիտ ժամկետներում կառուցվելիք բազմաբնակարան շենքում համապատասխան բնակարանով: 

Նոր կառավարությունը չի տիրապետում իրավիճակին

Նոր կառավարությունը դեռևս չի տիրապետում 33-րդ թաղամասի շուրջ կատարվող իրադարձություններին և տիրող իրավիճակին: Ըստ ամենայնի, այս նախագիծը բազմաթիվ «ակոսներ» ունի՝ նախորդ կառավարությունից մնացած, որի վերաբերյալ դեռևս քաղաքական որոշում նոր կառավարությունը չի կայացրել: 

ԿԱ Քաղաքաշինության պետքական կոմիտեի նոր նախագահ Ավետիք Էլոյանին գրավոր հարցում ուղարկեցինք՝ պարզելու 33-րդ թաղամասի մանրամասների, կառավարության նոր որոշման և թաղամասի կառուցապատման նախագծ վերաբերյալ: Սակայն մեր գրության 6 հարցադրումներին  Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը հայտնել է, որ նշված թաղամասում սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմին է սահմանվել Երևանի քաղաքապետարանը, և մեր հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող ենք դիմել Երևանի քաղաքապետարան

Երևանի 33-րդ թաղամասի ներդրումային նախագիծը ներկայացված է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության investmentprojects.am կայքում: Ներդրումային ծրագիրը շուրջ 90 մլն դոլար է գնահատված: 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին ևս գրավոր հարցում ուղարկեցինք՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել ներդրումային նախագիծը, որն իրենք գովազդում են, ովքեր և որքան ներդրումներ են կատարել նախագծի իրականացման համար և ինչ քայլեր է կատարում նախարարությունը ներդրումային նախագծի պատշաճ իրականացման համար:

Նախարար Արծվիկ Մինասյանին կարծես թե նույնպես չի հետաքրքրում այս թաղամասի ներդրումային նախագիծն ու բնակիչները: Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ամենազավեշտալի պատասխանն է տվել: Նախ՝ հայտնել է, որ www.investmentprojects.am ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակը գործարկվել է Տնտեսական զարգացման  և ներդրումների նախարարության ու Բիզնես Արմենիայի (նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ համատեղ և ներկայումս հարթակի հետ կապված աշխատանքներն իրականցվում են միայն Բիզնես Արմենիայի կողմից: 

«Հարթակում զետեղված 33-րդ թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի պատասխանատու հանդիսանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, ինչի մասին նշված է նաև ծրագրում, ուստի առաջարկում ենք ծրագրի իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ ավելի մանրամասն և ստույգ տեղեկատվություն ստանալու համար դիմել ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմնին»,- պատասխանել է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: 

Փոխնախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատասխանատվություն չի կրում հարթակում տեղադրված ներդրումային ծրագրերի համար պատասխանատու մարմինների և մասնավոր գործընկերների միջև ծագած իրավահարաբերությունների և դրանց կարգավորման համար, ինչպես նշված է հարթակում տեղադրված ծրագրի ընդհանուր ծանուցման բաժնում՝ տեղեկատվությունը կարող է չարտացոլել նախարարության դիրքորոշումը ներդրումային նախագծերի, շահութաբերության, իրականացման ժամկետների, նախնական հաշվարկների առնչությամբ: Նախարարի տեղակալի ասլեով՝ ՀՀ կառավարությունը, նշված հարթակը հիմնելով, նպատակ է ունեցել ստեղծել հնարավորություն և հավասար պայմաններ ներդրումային ծրագրային առաջարկներ ունեցող բոլոր շահառուների համար իրենց կողմից ներկայացված իրատեսական ծարգրերը հարթակի միջոցով հասանելի դարձնելու և պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու գործում: 

Բացի այդ պատասխանից, ստացել ենք նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանի պատասխանը նույն հարցերի վերաբերյալ:   

«Նշված տարածքները ձեռք բերողներն ստանձնել են պայմանագրային պարտավորություն՝ զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով՝ կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության և օտարման գործընթացի համար սահմանված ժամկետի խախտման հետ, ինչես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ: Ձեռք բերողը կրում է նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ  մասին առաջին պարբերությամբ սահմանված պատասխանատվությունը»,- գրել է Գևորգ Լոռեցյանը: 

Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Գառնիկ Հովհաննիսյանը հաստատեց, որ 33-րդ թաղամասում կառուցապատումը սկսված չէ: 

«Հիմա կառավարության նոր որոշման հաջորդ փուլն է կատարվում. համաձայն «Սեփականության օտարման մասին» օրենքի՝ քաղաքապետարանի ԾԻԳ-ը տարածքում կատարում է նկարագրության արձանագրություն, տուն առ տուն անցնում ենք, նկարագրում»,- ասաց Գ. Հովհաննիսյանը: 

Գլխավոր մասնագետը նաև շեշտեց, որ իրացման բոլոր աշխատանքներն իրականացնում է ձեռք բերողը և իրենք որևէ կապ չունեն այդ աշխատանքների հետ, հետևաբար կառուցապատման և շինարարության վերաբերյալ հարցերին պատասխանել չի կարող: Ըստ մասնագետի՝ ձեռք բերողները ևս սպասում են, թե կառավարությունն ինչ որոշում կկայացնի, քաղաքացիներին ինչ ձևով պետք է առաջարկություններ անեն և այլն: Այսինքն՝ այդ հարցերի պատասխանները, ըստ Գառնիկ Հովհաննիսյանի, պետք է տա կառավարությունը, մասնավորապես՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն:

Նոր որոշում կայացնելը կառավարության կողմից մասնագետը հիմնավորեց հին որոշման ուժը կորցնելու հանգամանքով, քանի որ այն մինչև 2017թ. դեկտեմբերի  31-ն էր: Իսկ 17 տարբեր ընկերությունների միջև տարածքի բաժանումը պայմանավորված է ներդրումների բացակայությամբ:

«Տարածքը շատ մեծ էր, էդպիսի ինվեստորներ չկան: Սկզբում կար էդ ինվեստորը, հետո ոնց որ թե հրաժարվեց, հիմա նոր ինվեստորները փոքր-փոքր հատվածներ են ուզում, դրա համար բաժանեցին փոքր կտորների»,- հայտնեց Գառնիկ Հովհաննիսյանը: 

33-րդ թաղամասում հուշարձան շենքեր կան, դրանք 3-ն են, իսկ այդ շենքերի ճակատագրի վերաբերյալ ևս ԾԻԳ-ը որևէ տեղեկություն չունի Դրա պատասխանատուն ևս կառավարությունն է: «Եթե այդ շենքերը մտած են կառավարության որոշման իրացման ցանկի մեջ, ապա դրանք ենթակա են իրացման: Կախված է, թե կառավարությունն ինչ հանձնարարություն կտա դրանց արտաքին տեսքը պահելու, քարերին ձեռք չտալու և այլն, դա արդեն կառավարության խնդիրն է»,- նշում է մասնագետը:

Թե կառավարության որ մարմինն է պատասխանատու, որ մասնագետը պարբերաբար կառավարությանն է մատնանշում, Գ. Հովհաննիսյանը կրկին Քաղաքաշինության կոմիտեին է վկայակոչում: «Բա քաղաքի տերն ո՞վ է՝ շինարարության, կառուցապատման և այլ հարցերով: Բա էդ կոմիտեն ի՞նչ է անելու, ի՞նչն է նպատակը, խնդիրները»,- հարցադրումով պատասխանեց Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի գլխավոր մասնագետը:

Բոլոր գերատեսչություններից ստացված պատասխանները վկայում են, որ պետությունը՝ պետության կարիքների համար գերակա շահ ճանաչված տարածքի կառուցապատման, ներդրողների և իրավիճակի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չունի, կամ չի կարող հայտնել այդ մասին, որովեհտև այս թաղամասի կառուցապատման նախագիծը փաստացի ձախողված է:  

Ընկերությունը հաշվետու է միայն կառավարությա՞նը

Կառավարության այս տարվա որոշմամբ տարածքը բաժանվել է 18 առանձին մասերի և համապատասխանաբար 18 ընկերությունների միջև, որից մեկը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, մնացյալ 17-ը՝ Արևմտյան Հայաստանի տեղանուններ պարունակող ընկերություններ են: Այդ ընկերություններից մի քանիսը պատվիրելով՝ պարզեցինք, որ բաժնետեր է 2014թ. գրանցված «Դիանար» ՓԲԸ-ն:

Ընկերությունը թե իրավաբանական, թե գրանցման հասցեն Արշակունյաց 9 է: Այցելեցինք այդ տարածք:

Նշված հասցեն վարձակալությամբ հանձնվող տարածքներ է ներառում, որտեղ մի ժամանակ սենյակ է վարձակալել նաև «Դիանար» ՓԲԸ-ն: Սակայն արդեն տևական ժամանակ է, նրանք հանձնել են սենյակը և հեռացել նշված հասցեից: Այս մասին մեզ պատմեցին ներկայումս այդ հասցեում իրավաբանական ծառայություններ մատուցող այլ վարձակալներ: Թե ովքեր են եղել, ինչ գործունեություն ծավալել, հասցեակիցները չգիտեին:

«Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ-ի տնօրեն, 17 ընկերությունները գրանցող և տնօրեն հանդիսացող Էդուարդ Մելիքյանի հետ ավելի քան մեկ ամիս է՝ չենք կարողանում կապ հաստատել: Մեր հեռախոսազանգերին մշտապես պատասխանում են, որ նա տեղում չէ կամ երկրում չէ:

Այցելեցինք նաև «Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ-ի և այդ 17 ընկերությունների գրասենյակ: Աշխատակիցներն ասացին, որ Էդուարդ Մելիքյանը կրկին երկրում չէ: Խնդրեցինք տեսակցություն նրան փոխարինող որևէ մեկի հետ: Ընդունեց Տիգրան անունով անձը, ով չցանկացավ ոչ իր պաշտոնը հայտնել, ոչ էլ ազգանունը: Ավելին, հրապարակավ որևէ բանի մասին խոսել չցանկացավ, ասաց, որ «Էդիկը գա, նոր»: Թե երբ է գալու Էդիկը, որպեսզի նրա հետ կարողանան զրուցել, Տիգրանը որևէ հստակություն չմտցրեց. «Երբ որ գա»: Իսկ մեր հարցադրումներին, թե ինչ վիճակում է նախագիծը և ինչու մինչ օրս կառուցապատում չի իրականացվում, պատասխանեց, որ կառուցապատում չի իրականացվելու:

Տիգրանի հետ մեր կարճատև զրույցից պարզ դարձավ, որ «Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ-ն և մյուս 17 ընկերությունները չունեն համապատասխան միջոցներ կառուցապատում իրականացնելու համար:

Այսինքն՝ պետության կարիքների համար գերակա շահ ճանաչված տարածքն օտարվել է այս տարօրինակ կառույցին, ով տարածքն այլ անձանց կամ ընկերությունների պետք է վաճառի: Հենց այդ նպատակով էլ մասնատվել է տարածքը: Իսկ այն բնակիչներին, որոնց խոստացվել է բնակարաններ տրամադրել այդ տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերում, այժմ բանակցություններ են տարվում ուրիշ հասցեներում բնակարաններ տրամադրելու նպատակով:

Չկատարված պարտավորությունների բազմաթիվ հայցեր են եղել «Սիթի Սենթր Դիվելըփմընթ» ՓԲԸ-ի նկատմամբ, որոնք, սակայն, հաշտությամբ են ավարտվել: Ընկերությունը, տեսնելով, որ քաղաքացին բռնագանձման պահանջներ է ներկայացրել, բավարարել է նրա պահանջը, իսկ քաղաքացին հետ է վերցրել իր հայցադիմումը:   

Բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակի պատասխանը դեռ չեն ստացել, սակայն հույս ունեն, որ նոր կառավարությունը տեր կկանգնի իրենց իրավունքներին:

 

Մեկնաբանություններ (1)

Մանե
1500 դոլլար խիժինայի համար ովա տալու մի 1000 դոլլար կպահանջվի որ քանդվի շինարարության համար չգիտեմ ով է որտեղից եք լսել նման թիվ.... բայց ավելի լավ չի քանի դեռ տալիս են 600դոլլարը վերցրեք թեչե ով իմանա մի օր էլ կարողա առանց գումարի գան վտարեն կամ էլ անշարժ գույքի գներից տուժվեք էս օր 1 քմ 600 դոլլար է վաղը հնարավոր է լինի 300 դոլլար այնպես որ մտորեք քանի որ ձեզ ժամանակի առաջարկվել էր 800 դոլլար չմաձայվեցիք հիմա 600 վաղը 300 մյուս օրը ընդանրապես կմերժվեք ու ոչմի գումար չեկ ստանա միքանի նման վիճակներ եղել է ու դուք էլ եք իմանում ոնց չեք գիտակցում շատ բնակիչներ այն ժամանակ գիտակցին ու գումար վերցրին հիմա անհոգ ապրում են ավելի բարվոք պայմաններում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter