HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկա դատավոր սեփական գործում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտում

Որքան էլ չեմ ուզում հիշել, բայց ակամա մտքերով վերադառնում եմ մինչ օրս տևող մահապատժի սկզբի տարիներին:

Նորանկախ Հայաստանի «Նուբարաշեն» բանտի 5-րդ հարկի հատուկ բաժնում, թքած ունենալով միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ու ներպետական օրենքների վրա` մինչև 2003 թ-ը սառնասրտորեն ու հետևողական իրականացնում էր մահապատիժը: Այսպես սպանվեց 14 դատապարտյալ, որոշները դարձան հաշմանդամ: Այսօր հրաշքով ողջ մնացածները հատել են ներկայիս օրենքով ներման ու պայմանական ազատման համար նախատեսված 20 տարվա շեմը:

Հայաստանը, անդամակցելով ՄԱԿ-ին, ապա նաև ԵԽ-ին անդամակցելու գործընթաց սկսելով, պարտավորվել էր չիրականացնել մահապատիժը և վերացնել այն: Բայց փաստացի մարդկանց շարունակում էին դատապարտել մահվան: Ենթարկում էին այնպիսի անմարդկային, բառի բուն իմաստով՝ հակաօրինական, հակաիրավական, ավելին` նացիստական Գերմանիային բնորոշ մարդու արժանապատվությունը նվաստացնող պատժի, որ շատերը պաշտոնապես խնդրում էին իրենց գնդակահարել, միայն թե, ձերբազատվեն դանդաղ մահապատժից: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէր պատիժ, որով մարդուն թույլատրվեր տարիներով, նույնիսկ մեկ տասնամյակից ավելի պահել մութ, խոնավ, սև խցում` առանց հարազատների հետ հանդիպելու, առանց զբոսանքի, առանց բաղնիքի, առանց հիգիենայի տարրական պայմանների, առանց սնունդ ստանալու, իսկ այդ ամենի փոխարեն՝ պարբերաբար դաժանագույն ծեծ ու ջարդի ենթարկելով:

Նորանկախ Հայաստանի առաջին տարիներին դեռ սովետական օրենսդրությամբ դատ ու դատաստան տեսած, ապա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անօրեն հրամանով ցմահ բանտարկյալների կարգավիճակում հայտնված նախկին մահապատժի դատապարտվածների ճակատագրերին անդրադառնալիս, նախ պետք է պատասխանել մի շատ կարևոր հարցի: Երբ քաղաքացուն դատապարտում են, պետության պարտականությունն է իրականացնել այդ պատիժը օրենքի տառին և ոգուն համապատասխան, որպեսզի պատժի նպատակն իրացվի և չխախտվեն դատապարտյալի հիմնարար իրավունքներիը, քանի որ, դատապարտյալը մնում է երկրի քաղաքացի և շարունակում է ունենալ, թեկուզ սահմանափակ, բայց հստակ իրավունքներ: Բայց նման որևէ իրավունք, օրենք չկար՝ դատապարտյալին վերաբերվել ապրանքի պես, որևէ տեղ գրված չէր, որ նրան պիտի ռեժիմով շան ծեծ տալ, պահել սոված, զրկել արևի լույսից 7-10 տարի շարունակ, հարազատին տեսնելու իրավունքից և այլ իրավունքներից:

Որևէ մեկը տաբու համարվող այդ հարցի մասին երկար ժամանակ չէր բարձրաձայնում. հասարակությունն այստեղ մուտք ու ելք չուներ: Թերևս 2000-ականների սկզբից իրավապաշտպան կառույցներից ամենաակտիվ և խորքային մոտեցում սկսեց ցուցաբերել Հայսատանի Հելսինկյան կոմիտեն՝ ի դեմս Ավետիք Իշխանյանի: Պարոն Իշխանյանին հանդիպել եմ այստեղ՝ «Նուբարաշեն» կլոր բանտում, երբ արդեն Հայաստանը ԵԽ անդամ պետություն էր դարձել ու ձևավորվել էր բանտերում հասարակական դիտորդական խումբը:  Ավետիք Իշխանյանն ամեն անգամ համբերատար լսում էր խնդիրների մասին իմ մտահոգությունները, ես էլ հետաքրքրությամբ լսում էի հուսադրող իր պարզաբանումները: Անգամ երբ երկրորդ փախուստից հետո 21 օր անց ինձ ձերբակալել էին, ու ես ինքնասպանության փորձ էի արել 6-րդ վարչությունում, ինձ վիրահատել էին ու անզգայացումից դեռ դուրս չեկած՝ բերել այստեղ, պահում էին ձեռնաշթայով նառից ամրացված, Ավետիք Իշխանյանը տեսակցեց ինձ: Ես չէի ուզում այլևս ապրել: Նա ինձ խոստացավ՝ երբ այլևս ազատության հույս չլինի, կգա ու կասի ինձ այդ մասին: Հայաստանի հելսինկյան կոմիտեն հսկայական աշխատանք է կատարել առհասարակ դատապարտյալների նկատմամբ կարծրատիպերի փոփոխության առումով, մարդու իրավունքների հարգման տեսանկյունից, նախաձեռնել է միջազգային փորձի ուսումնասիրություն, օրենսդրական առաջարկներ է նախաձեռնել: Հիմա էլ շարունակում է իր մարդակենտրոն գործունեությունը:

Հարազատներս, ինչպես միշտ, ինձ են փոխանցում մամուլի հրապարակումներ: Այս անգամ մամուլի փաթեթի մեջ կար նաև Ավետիք Իշխանյանի հոդվածը՝ «Պատժե՞լ, թե՞ կանխարգելել»: Հոդվածի առիթը վերջերս արված մի քանի հրապարակումներ էին դատավարական կողմերի՝ տուժողների ու մեղադրյալների իրավունքների մասին: Այո՛, սա լուրջ հարց է, և այդ հարցին պատմությունը և օրենքները տվել են բավական հստակ պատասխաններ: Ըստ այդմ, դատավորը պարտավոր է արդարադատություն իրականացնել` լինելով անկախ ու անաչառ: Ո՛չ մեղադրյալի (դատապարտյալի), ո՛չ տուժողի շահը չի կարող առավելություն ունենալ մեկը մյուսի նկատմամբ: Գերակա է միայն և միայն ադարադատությունը: Ցավոք, այս ոլորտի որոշ պաշտոնյաների, անգամ իրավաբան դասախոսների մոտ թյուր կարծիք կա, թե, իբր, տուժողի շահը գերակա է: Նման մոտեցումը դատարաններին և մեր հասարակությանը կգլորի դեպի շարիաթի կանոններ, դեպի այն ժամանակները, երբ ոչ քաղաքակիրթ հասարակությունը`անբոխ դարձած`ինքնադատաստանով էր առաջնորդվում: Տուժող կողմը սկսած մ.թ.ա. ժամանակներից կույր վրեժխնդրությամբ լցված՝ փնտրում էր իրեն հրամցված մեղավորին, որպեսզի հարցը լուծի «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» բարբարոսական սկզբունքի համաձայն, և այդ պահին ում վրա մատով ցույց տային, այդ մարդն էլ դառնում էր քարկոծման զոհ:

Իսկ հետո հասարակությունները քաղաքակրթվելով, իրավունք զարգացնելով՝ եկան այն համոզման, որ մի կողմից վրեժը վրեժ է ծնում, մյուս կողմից` ինքնադատաստանի սխալներն անդառնալի են`անմեղ մարդկային կյանքեր են արժենում:

Քրիստոսը վերջ դրեց «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» մոտեցմանը: Քրիստոսը կանգնեց քարկոծվող կնոջ կողքին, որովհետև նման իրավիճակում մարդուն լքում են, նա մնում է անպաշտպան, և բոլորը ուզում են առաջինը քար գցել նրա ուղղությամբ

Նույն այդ  պատճառով Հին Հռոմում ստեղծվեց և զարգացավ դատավարությունների ժամանակ պաշտպանի ինստիտուտը: Նույնիսկ այս պարագայում դատական սխալները մինչ օրս անխուսափելի են, որքան էլ կատարելագործված լինի դատական համակարգը, առհասարակ մարդը անսխալական չէ: Հենց այս պատճառով էլ քաղաքակիրթ երկրները հրաժարվում են մահապատժից և գործերի վերանայման մեխանիզմներ ստեղծում, ինչի արդյունքում աշխարհով մեկ հազարավոր մարդիկ անմեղ դատապարտված են ճանաչվում: Սա է քաղաքակիրթ և քրիստոնեական` մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մոտեցումը:

Տուժողներին միշտ էլ կարելի է հասկանալ, նրանք վիշտ ունեն: Սակայն դատարանը չի կարող առաջնորդվել տուժողների վրեժխնդրությամբ մի կողմից կամ գայթակղվել մեղադրյալների ունեցած բարձրաշխարհիկ կապերով: Այլապես դատարանը կդառնա մի կողմին բավարարելու գործիք, ինչը և տեղի է ունեցել անկախ Հայաստանում գրեթե 3 տասնամյակ.  դատարանները բավարարում էին միայն իշխանամերձ, փողատեր տուժողների վրեժխնդությունը և անտեսում չքավոր տուժողների նույնիսկ օրինական պահանջները, երբ հանցանք կատարածն էր իշխանության հետ լավ կապեր ունեցողը կամ լավ կաշառում էր դատավորին: Նման իրավիճակն արդարադատության հետ որևէ կապ չունի:

Գործնականում հանդիպում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ հանցագործությունը պարզապես չի ստացվում բացհայտել կամ հարկավոր է ինչ-որ բաներ կոծկել, և քննիչները, դատախազները, այնուհետև դատարանը տուժողին տալիս են մի քավության նոխազի, որպեսզի բավարարված զգա, իրենք էլ գործը բացահայտված համարեն:

Այս ամնեից մի պարզ հետևություն` դատարանը պետք է անկախ լինի և արդարադատություն իարականացնի`առաջնորդվելով արդարադատության շահով: Ո՛չ մեղադրյալը, ո՛չ էլ տուժողը չեն կարող սեփական գործում լինել դատավոր: Միշտ պետք է հիշել`գերական արդարադատության շահն է:

Այլևս չկան նախկին իշխանությունները, որոնք տաբու էին դրել Հայաստանում «ցմահների խնդրի» վրա: Ամեն անգամ` լինի նախագահական, կամ ԱԺ ընտրություններից առաջ այս կամ այն կերպ նախկինները շահարկում էին այս խնդիրը` մեզ և մեր հարազատներին հույս տալով, թե, իբր, ա՛յ, այս անգամ արդեն լուծումներ կտան, մի խոսքով` «փափուկ բարձի» քաղաքականություն էին վարում, ինչպես բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:

Նոր Հայաստանում քաջ գիտակցում են, թե շուրջ 27 տարի ինչպես է իրականացվել արդարադատությունը, ինչպես են քննվել գործերը, ինչպես են շատ մարդիկ հայտնվել բանտերում իրավաբանության հետ կապ չունեցող քննությունների հետևանքով: Նոր Հայստանում այլևս պետք է չլինեն անարդարություն, վրեժխնդրություն, ատելություն:

Մեկնաբանություններ (2)

Լուսի
..իսկ ծեծն ինչի համար... Ինչի՛ համար
Մառա Ասլանյան
Ազատություն Մհեր Ենոքյանին։ Ոչ’ անցյալ տարիների անարդարություններին, Կեցցէ ազատ անկախ Հայաստանը։ Ես երկար տարիներ է հետևում եմ ( ի դեպ Հեռավոր Լոս Անջելիսից) Մհեր Ենոքյանի կյանքի պատմությանը իր մանրամասներով և վստահ եմ, որ նրա հանդեպ անարդար ու անխիղճ վճիռ է կայացվել, որը պետք է շտապ վերանայվի և նրան ազատ արձակվի։ Սակայն ո՞վ կփոխհատուցի նրան իր մեծ կորուստը։ Փառք տիրոջը, որ կամքով այնքան ուժեղ,խելամիտ ու բարոյապես բարձր անձ մն է, որ վերահաստատվեց իր գիտելիքներով ու ստացավ իրավաբանական բարձրագույն մաստնագիտություն։ Ազատություն Մհեր Ենոքյանին։ Ունեցողները ականչ՝ կլսեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter