HY RU EN

«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսել է կառուցել 2-րդ պոչամբարը․ աշխատանքից կրճատվածներն էլ վարկերը սառեցնելու համար ակնկալում են Վալերի Մեջլումյանի աջակցությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ի  կրճատված աշխատողները չեն կարողանում փակել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից վերցրած վարկերի տոկոսները։ Oգոստոսի 16-ին` ժամը 13-00-ին, Ալավերդու Քարե կամրջի մոտ «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին 20 աշխատողները ցույցի էին դուրս եկել: Նրանք հանդես էին գալիս որպես «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության խմբի անդամներ: Իրականում ցուցարարները «ՎՏԲ» բանկում վարկ ունեցողներն են, որոնք աշխատանքից կրճատվելուց հետո պահանջում էին սառեցնել իրենց վարկերը:

Ցուցարարներից Հայկասար Մարուքյանը բացատրեց, որ կրճատված որևէ աշխատող տեղեկություն չունի, թե ինչու է դադարեցվել «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքը: Տեղեկանալով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը Թեղուտում է, ցուցարարները հանդիպում են խնդրել նրանից: Վ. Մեջլումյանը չէր ցանկացել հանդիպել նախկին աշխատողների հետ: 

Զայրացած ցուցարարները ժամը 14:00-ին, մոտ 20 րոպե, փակեցին  Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Ոստիկանության միջամտությամբ ժամը 15:00-ի սահմաններում «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանն ընդունեց ցուցարարների ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանին, Հայկասար Մարուքյանին  և ցուցարարների պահանջով` նաեւ «Հետք»-ի լրագրողին:  

Կարեն Միքայելյանը Վարդան Արամյանին ներկայացրեց իրենց պահանջները: Պատմեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում  աշխատելու ժամանակ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» 16% տոկոսադրույքով  աշխատողներին սպառողական վարկեր է տվել: «ՎՏԲ»-ում հաշվարկել են` եթե աշխատողը 200 000 դրամ  աշխատավարձ է  ստանում, կարող է ամիսը 50 հազար դրամ վարկ վճարել: «Էդ հաշվարկով են վարկերը տրվել»,- բացատրեց Կարենը:  

«Քանի որ մենք խոշոր վարկ ունենք «ՎՏԲ»-ից, դա ներքին պայմանավորվածություն է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի ամբողջ շարժը, բոլոր հաշիվները պետք է «ՎՏԲ»-ով անցնեն: «ՎՏԲ»-ն առաջարկել է «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողներին իրենց վարկային գծի մեջ մտնել, աշխատողներն իրենց որոշմամբ են վարկեր վերցրել»,- պարզաբանեց Վ. Արամյանը:  

Կարենը հայտնեց, որ աշխատանքից կրճատվելուց մի քանի ամիս հետո «ՎՏԲ» բանկը վարկառուներին գրավոր տեղեկացրել է իրենց վարկի տոկոսադրույքը 4 տոկոսով բարձրացնելու և 20 տոկոս դարձնելու մասին:

«Մարդիկ չեն կարողանում մարել վարկերը և կանգնած են իրենց ամբողջ գույքը կորցնելու վտանգի առաջ»,- ասաց Կարենը:

Վերջինս պատմեց նաև, որ  վարկառուները մեկ ամիս առաջ Ալավերդի են հրավիրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Վարկերը ժամանակավոր սառեցնելու խնդրանքով 150 վարկառուների տվյալներով Է. Մարուքյանի միջոցով նրանք դիմում են ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահին: Միաժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկելու համար 1900 մարդու ստորագրությամբ դիմում են ուղարկել վարչապետին:

Մեկ շաբաթ առաջ կենտրոնական բանկը դիմումին պատասխանել է, թե իրավասու չէ խառնվել «ՎՏԲ» բանկի ներքին  խնդիրներին: Նաև հայտնել են, թե «ՎՏԲ» բանկի ղեկավարությունը տեղյակ չէ վարկառուների դժգոհություններին և պատրաստ է անհատական դիմումների հիման վրա 150 վարկառուների վարկային պայմանագրի վերանայմանը: Կարենն անձամբ դիմել է «ՎՏԲ» բանկին` վարկի տոկոսադրույքը վերանայելու պահանջով:

«Իմ 16 տոկոսով վերցրած 1մլն դրամ վարկից 600 հազարը դեռ մնում է: Բանկում ասացին՝ հիմա կարող են իմ վճարած 400 հազար դրամը հետ տալ և 20 տոկոսադրույքով ձևակերպել նոր վարկ»,- ասաց Կարենը: Կարենի ասելով` «ՎՏԲ» բանկն ամեն ինչ անում է վարկառուների վարկային բեռը ավելի ծանրացնելու համար: Կենտրոնական բանկը վարկառուներին նաև առաջարկել է վարկերի սառեցման  հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստել «Թեղուտ» ՓԲԸ-ի երկու բաժնետերերի` «ՎՏԲ» բանկի և Վալերի Մեջլումյանի հետ:

«Մենք ակնկալում ենք Վ. Մեջլումյանի աջակցությունը մինչև «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկվելը մեր վարկերի սառեցման համար, քանի որ ինքն է մեզ ասել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն 50 տարի աշխատելու է, բացի դա՝ մենք իրեն աշխատելու ժամանակ ենք այդ վարկերը վերցրել»,- բացատրեց Կարենը: Ցուցարարների ներկայացուցիչները խնդրեցին  Վ. Արամյանին իրենց հայտնել, թե ի վերջո ում պատճառով է 800 մարդ զրկվել աշխատանքից:

Վ. Արամյանը Կարենին և Հայկասարին հորդորեց փնտրել ոչ թե մեղավորներ, այլ իրավիճակից դուրս գալու լուծումներ: Այսուհանդերձ, Վ. Արամյանը բացատրեց, որ բանկի իրավունքների ներքո գտնվող պարտավորությունները ընկերությունը չի կարող իր վրա վերցնել:

«Մենք բանկի հետ կիսում ենք այն մասը, որ ընկերությունն իր սեփական ծախսերի հաշվին լուրջ քայլեր է անում «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման ճիշտ ճանապարհը գտնելու համար»,- ասաց նա:

Վ. Արամյանը վարկառուներին տեղեկացրեց «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքների դադարեցման պատճառներին: Նրա ասելով՝ 2014-2015թ.-ին Թեղուտի գործարանը միջազգային բոլոր ստանդարտների համապատասխան է կառուցվել: Բայց դրանք այն ստանդարտներն են եղել, որոնք գործել են մինչև 2014թ.: Այսուհանդերձ, 2015-2016 թթ. նույնականացվել են ռիսկերը, ամբողջ գլոբալ աշխարհն անցել է նոր ստանդարտների. «Մասնագիտական ժարգոնով ասած` դա  պոչամբարի պատվարի սեյսմակայունության 9 բալանոցից ավելի դիմադրողականության խնդիրն է: Մենք կարող ենք գնալ բավականին մեծ ռիսկի, որի գնահատումը միջազգային խոշոր կազմակերպության կողմից տրվել է գրեթե 90 տոկոս: «Թեղուտ» ՓԲԸ-ն որպեսզի աշխատի, պետք է պոչամբարի պատվարի որոշակի աշխատանքեր կատարվի»,- հայտնեց Վ. Արամյանը:

«Մեր խնդրանքը նա է, որ դուք էլ մասնակցեք «ՎՏԲ»-ի հետ կապված մեր վարկային գործընթացին»,- ասաց Կարենը:

Վ. Արամյանը բացատրեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն «ՎՏԲ»-ի հետ ավելի գլոբալ հարց է լուծում: Ընկերությունն ուզում է «ՎՏԲ»-ի հետ վերջնական համաձայնության գալ պատվարի և պոչամբարի հարցում: Քանի որ «Վալլեքս»-ն  իրավասու չէ միջամտել «ՎՏԲ»-ի գործերին, Վ. Արամյանը խոստացավ իր անձնական կապերով հասկանալ, թե ինչ կարելի է անել: Կրճատված աշխատողների վարկային գումարները «Թեղուտ» ՓԲԸ-ն իր վրա վերցնելու մասին հարցին, Վ. Արամյանը բացատրեց, որ դա տեսականորեն հնարավոր է, գործնականում՝ ոչ, քանի որ  ընկերության կանխիկ գումարները ներկայումս բավարարում են միայն «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման խնդիրները լուծելու համար:    

Վերջինիս խոսքով, «Թեղուտ» ՓԲԸ-ի հետագա աշխատանքը կախված է երկու գործոնից: Առաջինը տեխնիկական վերլուծության արդյունքն է, որն ընկերությունը կստանա 2-3 ամսվա ընթացքում: «Դա ստանալուց հետո «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է գնա հին պոչամբարի պատվարի վերակառուցման և նոր պոչամբարի կառուցման»,- հայտնեց Վ. Արամյանը: 

Երկրորդ գործոնն այն է, թե ինչպես է ընկերությունն իր հարցերը կարգավորում «ՎՏԲ» բանկի հետ: «Անկեղծ ասած` ես փորձում եմ նրանց հետ կառուցողական եզրեր գտնել: Որովհետև առճակատումը որևե բան չի տա երկու կողմին: Այդ մեսիջները ես անձամբ փոխանցել եմ «ՎՏԲ» բանկին»,- ասաց Վ․Արամյանը:

Նրա կարծիքով, առճակատման դեպքում տուժելու են բոլորը: «ՎՏԲ»-ն չի կարողանալու իր գումարները ստանալ, «Թեղուտ» ՓԲԸ-ն էլ կորցնելու է իր ամբողջ գույքը։   

Վարդան Արամյանն ասաց, որ դեռ որոշակի չէ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման ժամկետը։ «Բայց, ամեն դեպքում,  նվազագույնը մեկ տարվա գործ է, տեսականորեն կարող է տևել 1,5 տարի: Մեր հարցերի հարցն է՝ հին պոչամբարն ամրացնել և նոր պոչամբար կառուցել: Պետք է հին պոչամբարը վերակառուցվի այնպես, որ համապատասխանի 0,43 ժ արագացման ամրության պատվարին, որը հնարավորություն կտա ընկերությանն անխափան աշխատել առաջիկա 10-15 տարիներին: Այս առումով հին պոչամբարը կամրացվի մասնակի: Ծավալային առումով նոր պոչամբար կկառուցվի, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ կայունություն ապահովել»,- բացատրեց «Վալլեքս»-ի փոխնախագահը: