
Տալվորիկի համայնքապետն ուզում է, որ նոր կառավարությունն ուշադրության կենտրոնում պահի գյուղը
Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքը Բաղրամյանի նախկին շրջանի գյուղերից է: Համայնքը հիմնադրվել է 1983 թվականին: Գյուղը փոքր է, հաշվառված է մոտ 330 մարդ, սակայն իրականում այդքան բնակիչ չկա: Խորհրդային կարգերի փլուզումից հետո որևէ լուրջ ներդրում չի արվել Տալվորիկում, ինչն էլ ստիպել է երիտասարդներին լքել գյուղը:
Սաղաթել Կիրակոսյանը 19 տարի է՝ զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած 19 տարիների ընթացքում կառավարության կողմից ոչ մի աջակցություն չի եղել գյուղին: Դժվարությունները փորձել են հաղթահարել համայնքի ներսում՝ բնակիչների միջոցով: Համայնքում մասնավոր ներդրումներ նույնպես չեն եղել:
Տալվորիկ գյուղում կան խոշոր հողատերեր, սակայն, համայնքապետի խոսքով, նրանցից որևէ մեկը սոցիալական ծրագրեր չի իրականացնում: Եթե յուրաքանչյուրն իր հերթին մի ներդրում աներ, գյուղի վիճակը կբարելավվեր: Միակ ներդրումն այն է, որ գյուղացիներն աշխատում են նրանց դաշտերում, ապահովում իրենց օրվա հացը:
Համայնքի բյուջեն փոքր է, ներառյալ դոտացիան՝ 13,5 մլն դրամ: Այդ գումարով և աշխատավարձ են վճարում, և պոմպակայանն աշխատեցնում, ցերեկային լույսերի համար վճարում և այլն: Համայնքապետարանը լուրջ ներդրումներ չի կարողանում իրականացնել: Կառուցել են միայն փոքր խաղահրապարակ: Այժմ էլ փորձում են ավելացնել կարուսելների քանակը, ինչպես նաև ցանկապատել տարածքը: Այդ ամենի համար ծախսելու են տնտեսած 1 մլն դրամը: Ավագանու անդամների հետ քննարկել են և որոշել, որ պատրաստի կառուսելներ չգնեն, քանի որ այդ գումարը կբավականացնի 3-4 փոքր կառուսելի համար: Համայնքապետն ասաց, որ մտածել են զոդող գտնել, շինանյութը գնել և խնդրել, որ նա կառուցի:
Համայնքը չունի մանկապարտեզ: Կիրակոս Սաղաթելյանը նշեց, որ սուղ միջոցներով չեն կարող մանկապարտեզ կառուցել կամ երեխաների զբաղմունքն ապահովել: Սաղաթելյանի խոսքերով՝ այդ բացը փորձում են լրացնել խաղահրապարակով:
«12-13 մլն դրամ բյուջեով մանկապարտեզ կառուցելն ու պահելը ծիծաղելի է, ընդամենը գոյատևում ենք»,- ասում է Կիրակոս Սաղաթելյանը:
Համայնքապետարանի միջոցներով աշխատում է մեկ խորքային հոր իր պոմպակայանով: 5 տարի առաջ այն օգտագործվում էր նաև խմելու նպատակով: Առանց վարակազերծման խորքային ջուրը օգտագործում էին և ոռոգման, և խմելու, և կենցաղային նպատակներով: Արդեն մի քանի տարի է ցիստերով Թալինից ջուր են բերում և վաճառում խմելու նպատակով: Կիրակոս Սաղաթելյանն ասում է, այսօր ոչ բոլորն են ջուր գնում, շարունակում են խմել խորքային հորի ջուրը: Թալինից ջրի մեքենան ամառվա ամիսներին հաճախ է գալիս՝ 2 օրը մեկ անգամ: Ջուրը տալվորիկցիները գնում են լիտրով՝ 1 լիտրը 10 դրամով:
«1993-94 թթ., որ լույս, ջուր չկար, ջրափոսից էինք ջուր խմում: Նույն տեղից և մենք էինք խմում, և անասունները, այլ տարբերակ չկար: Նման պայմաններ երևի աֆրիկյան երկրներում էլ չկար: 3 տարի այդպես ենք ապրել: Դրա համեմատ հիմա խորքային հորի ջուրը ոչինչ, խմել լինում է»,- նշում է Կ. Սաղաթելյանը:
Համայնքապետն ասաց, որ պոմպակայանը միացնում են օրվա մեջ 1- 1,5 ժամ, քանի որ սուղ բյուջեն թույլ չի տալիս ավելացնել ժամաքանակը: «Եթե ամբողջ օրը միացրած թողենք օրվա ընթացքում մինիմում մի 70,000 դրամ էլեկտրաէներգիայի գումար ենք տալու: Նման բան չենք կարող մեզ թույլ տալ: Երկար ջրամատակարարում ապահովում ենք միայն, եթե գյուղում ուրախ կամ տխուր առիթներ են լինում: Եթե նման բան չի լինում, ամիսը մոտ 140,000 դրամ ենք ծախսում պոմպակայանն աշխատացնելու համար»,-ասում է Կիրակոս Սաղաթելյանը:
Վատ վիճակում են գտնվում նաև գյուղի ճանապարհները: Միայն կենտրոնական հատվածն է ասֆալտապատ եղել: Տարիների ընթացքում ասֆալտը քայքայվել է, և միայն հետքերն են մնացել:
Տալվորիկում բարեկարգ վիճակում են գտնվում միայն ոռոգման համակարգը, մնացած ամեն ինչ բարեկարգման, վերանորոգման կարիք ունի: Տարիների ընթացքում անցկացվել են խողովակներ, կիսախողովակներ, որպեսզի գյուղացիները ջրի կորուստ չունենան:
«Կառավարություն է փոխվել, շատ ուրախ եմ, շատ հարգում եմ: Այս վիճակից դուրս գալու միայն մեկ ելք եմ տեսնում: Նախկին կառավարությունն ամբողջ գումարը ներդնում էր Երևան քաղաքում, մինչդեռ եթե գյուղում լավ չլինի, քաղաքացին չի կարող գոյատևել: Այդ գումարների մի մասը կարելի է գյուղերում ներդնել, կառուցել բնակելի տներ, շենքեր, որ մարդիկ ապրելու տեղ ունենան, գյուղից չգնան: Երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև տուն չունեն, իսկ շենքեր կառուցվում են միայն Երևան քաղաքում: Հեռավոր գյուղերն արդեն քանդվել, պրծել են: Մեր գյուղում արդեն 4-5 տուն փակել, գնացել են: Երիտասարդությունը չի մնում, մեկը իմ տղեն, ասում է՝ քո ապագան թաղել ես այս քարերի մեջ, հիմա էլ ուզում ես մերը թաղես: 55-56 տարեկան տղերք ենք, ով տեսնում ասում է՝ 70 տարեկան ես»,- ասում է Տալվորիկի համայնքապետը՝ հույս հայտնելով, որ գյուղերը նոր կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն:
Տալվորիկ գյուղի կիսաքանդ դպրոցին արդեն անդրադարձել ենք:
Մեկնաբանել