HY RU EN

Դիանա Ղազարյան

Կենտրոնական բանկը Արթուր Ջավադյանի հարազատների` բանկում աշխատելը շահերի բախում չի համարում

«Հետք»-ը օրեր առաջ նամակ էր ստացել ընթերցողներից մեկից, որը տեղեկացրել էր, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հարազատներն աշխատում են ԿԲ-ում։ Ընթերցողի փոխանցմամբ՝ վերջին տարիներին Արթուր Ջավադյանի քրոջ որդին՝ Հենրիկ Առաքելյանը, հանդիսացել է բանկի գրանցված աշխատակից, սակայն գրեթե երբեք չի ներկայացել աշխատանքի։
Իսկ վերջերս Կենտրոնական բանկում աշխատանքի է անցել Հենրիկի մյուս եղբայրը՝ Հայկ Առաքելյանը։
«Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ Հենրիկ Արմենի Առաքելյանի հայրը՝ Արմեն Հենրիկի Առաքելյանը` Արթուր Ջավադյանի քրոջ ամուսինը, երկար տարիներ աշխատում է Կենտրոնական բանկում՝ լինելով նյութատնտեսական ապրանքների գծով պատասխանատուն։ Ակնհայտ է, որ այստեղ էլ առկա է կոռուպցիոն ռիսկ պարունակող շահերի բախում»,- նշված էր մեզ ուղարկված նամակում։

Ընթերցողն այս փաստերի առնչությամբ դիմել էր նաև պետական մի շարք մարմինների։ Մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայությանը խնդրում էր իրականացնել ստուգումներ բանկի գնումների և ապրանքատնտեսական շրջանառության նկատմամբ։

Իսկ Գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական կոմիտեին խնդրել էր այս նամակը դիտարկել որպես հաղորդում կոռուպցիայի վերաբերյալ։

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կենտրոնական բանկ՝ այս փաստերի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով։ Բանկից հայտնել են, որ Արթուր Ջավադյանի քրոջ ամուսինը՝ Արմեն Առաքելյանը, Կենտրոնական բանկում աշխատում է 2009-ից, ներկայումս զբաղեցնում է Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Նշենք, որ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել 2008թ. հունիսի 11-ին՝ Ազգային ժողովի որոշմամբ։

Բանկի փոխանցմամբ՝ Արթուր Ջավադյանի քրոջորդին՝ Հայկ Առաքելյանը, 2017թ. փետրվարից որոշ ժամկետով աշխատանքային պայմանագրով, որպես երիտասարդ մասնագետ ընդունվել է Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն՝ նվազագույն՝ 80.000 դրամ աշխատավարձով: Առաքելյանը ԿԲ-ի հետ ունի աշխատանքային պայմանագիր մինչև այս տարվա հոկտեմբեր: Բանկի հաղորդմամբ՝ Հայկ Առաքելյանն ավելի քան բավարարում է Կենտրոնական բանկի երիտասարդ մասնագետների ներգրավման ինչպես մասնագիտական, այնպես էլ կրթական բոլոր պահանջներին։

Ինչ վերաբերում է Հենրիկ Առաքելյանի` աշխատանքի չներկայանալու փաստին, Կենտրոնական բանկից հայտնել են, որ նա չի աշխատում Կենտրոնական բանկում: Սակայն չեն մանրամասնել` Հենրիկ Առաքելյանը նախկինում աշխատե՞լ է բանկում, թե՞ ոչ։

«Շահերի բախման մասով, հարկ ենք համարում նշել, որ Կենտրոնական բանկը շատ հետևողական է այս հարցի առումով, և իր գործընթացներով ու գործողություններով, կորպորատիվ կառավարման սկզբունքների հստակ կանոնակարգմամբ, բացառում է շահերի բախումը: Կոնկրետ Ձեր կողմից բարձրաձայնածի մասով նշենք, որ շահերի բախումը բացառվում է, քանի որ ո´չ Արմեն, և ո´չ առավել ևս Հայկ Առաքելյանները որևէ կերպ չեն կարող ազդել ԿԲ կառավարչական կամ որևէ այլ որոշումների ընդունման կամ դրանց իրականացման վրա»,- հայտնել են ԿԲ-ից։