HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստյոպա Սաֆարյանի նամակը Աքսել Ֆիշերին և Ջոն Պրեսկոտին

Այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցվել «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հիմնավորումներով: Ստորև ներկայացվում է նամակը:

Պարոնայք Աքսել Ֆիշերին և Ջոն Պրեսկոտին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի
(ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ
Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին

Մեծարգո տիկնայք և պարոնայք,
2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ոչ միայն Հայաստանի հերթական ժողովրդավարական թեսթն են լինելու, այլ նաև` ժողովրդավարական հեռանկարին հավատարմության ու համապետական քաղաքական կամքի ստուգատեսը:

Անկախության երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ընտրական գործընթացները երբեք չեն արժանացել ոչ Հայաստանի հասարակության, ոչ էլ միջազգային հանրության լիարժեք գոհունակությանը: Դրանք երբեք չեն գնահատվել իբրև «միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող», իսկ ներքաղաքական կյանքում հաճախ ավարտվել են արյունալի ողբերգությամբ` ինչպես 2008թ. նախագահական ընտրությունների դեպքում:

Մի կողմից` Հայաստանում քաղաքականության և բիզնեսի շարունակական սերտաճումը, ինչի մասին վկայել են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ, մյուս կողմից` քաղաքական համակարգի` «հաղթողը վերցնում է ամեն ինչ» բնույթը, ինչն ամրագրվել է 2008թ. ապրիլի 17-ին ընդունված` ԵԽԽՎ 1609 (2008) «Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը Հայաստանում» բանաձևի 6.1. կետում, ոչ միայն քաղաքական կյանքն ու ընտրություններն են վերածել քրեաօլիգարխիկ խմբերի միջև ընթացող մրցակցության, այլև վերջիններս` իբրև «մրցակցության մեջ հաղթողներ», հենց իրենք են «վերցնում ամեն ինչ»` ազգային հարստությունից մինչև ազգային-պետական ու սահմանադրական իրավունքների «արտոնումը» դրանց իրավունքների կրողներին: Այդպիսի համակարգում ետնաբեմ են մղված քաղաքական ուժերը, որոնցից շատերը լավագույն դեպքում հարկադրված կամ ինքնակամ քրեաօլիգարխիկ խմբավորումների «ժողովրդավարական» նմանակեղծման ճակատամաս են ծառայում:

Քաղաքական համակարգի սույն միտումներն ու, ըստ այդմ, ընտրական գործընթացի այլասերումն ավելի են խթանվել ու ուժգնացել երկրի խորհրդարանի խառն ընտրակարգի մեծամասնական բաղադրիչի պատճառով: Խորհրդարանի 41 տեղերի ճնշող մեծամասնությունը, չնչին բացառություններով, պարարտ հող է ստեղծում տարբեր տրամաչափի նման խմբերի ներկայացուցիչների` խորհրդարան մուտք գործելու ու խորհրդարանի ապաքաղաքական բնույթը կանխորոշելու համար:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնվածներից շատերը հենց օրվա իշխանական ուժերի թեկնածուներն են եղել և մնում են այդպիսին (ինչը խորհրդարանում մեծամասնություն կազմելու առումով մշտապես առավելություն է տալիս իշխող ուժերին), մյուս` «անկախ պատգամավորների» և իշխանության միջև ստատուս քվո է ձևավորվում «իշխանության հանդեպ լոյալություն` ընտրվելու, իշխանությանը հնազանդ լինելու ու վարվող քաղաքականությանը չխոչընդոտելու դիմաց» բանաձևի շրջանակներում:

Այդ ընտրակարգն է նաև խորացնում ու զանգվածային բնույթ հաղորդում ընտրակաշառքի արատավոր գործելակերպի արմատավորումը` իմաստ հաղորդելով հանուն ընտրողի քվեի օլիգարխիկ ապաքաղաքական դեմքերի ու խմբերի միջև աննախադեպ աճուրդին, որտեղ քաղաքական ծրագրերն ու քաղաքական գործունեությունը տեղ չունեն, իսկ քաղաքական ուժերն ու թեկնածուներն էլ մրցունակ չեն:

Տիկնայք և պարոնայք,
2011թ. դեկտեմբերի 27-ին խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններ` «Ժառանգությունը» և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով վերացնել մեծամասնական ընտրակարգը և անցում կատարել բացարձակ համամասնական ընտրակարգին:

Մի քանի օրվա ընթացքում մեր այդ համատեղ առաջարկը պաշտպանեցին ու ողջունեցին շուրջ մեկ տասնյակ արտախորհրդարանական քաղաքական ուժեր` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «Ազատ դեմոկրատները», «Շրջադարձ», Ժողովրդական (ԺԿ), Հայաստանի ռամկավար ազատական (ՀՌԱԿ), Ազգային ժողովրդավարական ԱԺԿ), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (ՀԱՍԿ), Միավորված աշխատանքային (ՄԱԿ), Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) կուսակցությունները, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական խմբեր և մտավորականներ:

Մինչ այդ` 2010թ. օգոստոսի 4-ին, Ընտրական օրենսգրքի լրամշակման մեկնարկի շրջանում «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն հանդես էին եկել Ընտրական օրենսգրքի` առաջնային փոփոխության ենթակա դրույթների վերաբերյալ համատեղ 10 առաջարկություններով, որոնցից մեկը վերաբերում էր համամասնական ընտրակարգին: Դրանք ուղարկվեցին նաև Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով:

Վենետիկի հանձնաժողովից ստացված կարծիքի համաձայն` ընտրակարգի որևէ տեսակ որդեգրելու քաղաքական որոշում պետք է ընդունեն հայաստանյան քաղաքական ուժերը: Ցավոք, 2011թ. մայիսի 26-ին` նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելիս, խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների այդ և այլ սկզբունքայի առաջարկությունները չընդունվեցին: Մինչդեռ պրակտիկայում արմատավորված վերոթվարկյալ արատներից 2012թ. խորհրդարանական ընտրությունների գործընթացը ձերբազատելու մեր հետևողական նպատակը հարկադրեց խորհրդարանական ընդդիմությանը` վերստին հանդես գալ այդ առաջարկությամբ:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ 1837 (2011) «Ժողովրդավարական հաստատությունների գործառույթը Հայաստանում» բանաձևի 6-րդ կետով առաջիկա խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են գնահատվել երկրի ժողովրդավարական զարգացման համար. «ժողովրդավարական ընտրությունները, որոնք ձևավորում են այնպիսի խորհրդարան, որն արտացոլում է հայ հասարակության բոլոր համապատասխան քաղաքական ուժերը` կկոնսոլիդացնի քաղաքական միջավայրի նորմալացումը և կապահովի հայ հանրության վստահությունը Հայաստանի քաղաքական հաստատությունների հանդեպ»:

Այլևս Հայաստանի գլխավոր միջազգային ու ներպետական հանձնառությունը դարձած այս նպատակի իրականացումը հնարավոր է, եթե, ինչպես ամրագրում է նույն բանաձևը, ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման հանդիսացող Ընտրական օրենսգրքի տառի և ոգու կիրառումը (6.3 կետ) ուղեկցվի առկա միջավայրի ապաքրեականացմամբ ու քաղաքականի վերափոխմամբ, իսկ մրցակցությունն էլ` քրեաօլիգարխիկ-գործարար խմբերի շրջանակից դեպի քաղաքական ուժերի միջև տեղափոխելուն ուղղված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քայլով:

Օրենսդրական այդ փոփոխությունը կյանքի կոչելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու կամ ընտրական վարչարարության այլ ընթացակարգեր փոփոխելու կարիք չկա (ինչպես թյուրիմացաբար մատուցվում է), և նաև բավարար ժամանակ ունենք: Մնում է, որ իշխող քաղաքական ուժերը, որոնց մեծ մասի քաղաքական ծրագրերում ամրագրված է «100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին» անցնելու խոստումը, քաղաքական կամք ցուցաբերեն խորհրդարանական ընդդիմության ու արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի համերաշխությանն արժանացած այս առաջարկն ի կատար ածելու հարցում:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի ժողովրդին ուղղված իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտված անդրադարձել է ընտրությունների թեմային. «Ինչպես գիտեք, գալիք տարի նաև անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը:

Եթե ՀՀ նախագահը հաստատակամ է իր բարձրաձայնած նպատակի մեջ, ապա ընտրական գործընթացի որակը բարելավելու, քաղաքական միջավայրի նորմալացումը կոնսոլիդացնելու, ներկայացուցչական, բազմակարծ ու քաղաքական խորհրդարան ապահովելու և համակարգային լուրջ փոփոխություններ խթանելու նրա քաղաքական կամքի լավագույն ցուցիչ կհանդիսանա մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու քաղաքական որոշման կայացումը, որը կամրագրվի առաջիկայում Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններում: Հատկապես երբ 2011թ. հոկտեմբերի 5-ին ընդունված ԵԽԽՎ 1837 (2011) բանաձևի 6.2 կետով Վեհաժողովը համարել է, որ «թեպետ նոր Ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համարժեք հիմք է ծառայում` եթե կիրարկվի բարի կամքով, սակայն խորհուրդ է տալիս իշխանություններին վերացնելու այն բոլոր թերություններն ու հաշվի առնելու այն հանձնարարականները, որոնք կարող են պարունակել ընդունված օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջիկա կարծիքում»:

Վերոնշյալ կարծիքը Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական ընդունեցին 2011թ. հոկտեմբերի 14-15-ին, որի ամփոփիչ հատվածում ամրագրվեց. «Ընտրական օրենսգիրքը կշահի հետագա բարելավումից` ապահովելու համար դրա լիարժեք համապատասխանությունը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար ԵԱՀԿ հանձնառություններին, ԵԽ և այլ միջազգային չափանիշներին: Խնդրո առարկա ոլորտներն են. ա) թեկնածության իրավունքի հանդեպ դրված ոչ խելամիտ սահմանափակումների վերացումը, բ) պետական և կուսակցության/թեկնածուի կառույցների տարանջատումը, գ) մարզերի համար տեղերի ամրագրումը (ինչը նշանակում է առնվազն մեծամասնական տեղերի կրճատում մինչև 11, թեպետ լավագույն լուծումը մեծամասնական ընտրակարգի իսպառ բացառումն է, ինչը հանգամանալից փաստարկեցինք վերը), դ) երկրից դուրս գտնվող ընտրողների համար քվեարկության նոր տեխնոլոգիաների ստեղծագործաբար կիրառման գնահատումը, ե) ձայների հաշվարկման և աղյուսակավորման գործընթացին վերաբերող դրույթների, ներառյալ` ընտրությունների արդյունքների որոշարկման դրույթների բարելավումը, զ) բողոքարկման ու գանգատարկման ընթացակարգերի բարելավումը` լավագույնս ապահովելու համար արդյունավետ պաշտպանությունը» (կետ 99):

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև պատրաստակամություն են հայտնել աջակցելու իշխանություններին` ընտրությունների իրավական շրջանակը բարելավելու ջանքերում:

Մեծարգո տիկնայք և պարոնայք,
Սույն հանգամանալից վերլուծությամբ Ձեզ ենք դիմում` Հայաստանի հանդեպ Ձեր ստանձնած հանձնառության շրջանակներում նպաստել Ընտրական օրենսգրքի լրամշակմանը և այդ շրջանակում մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի համերաշխությունը վայելող «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ առաջարկի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի որդեգրման գործում:

Կանխավ շնորհակալությամբ և համագործակցության պատրաստակամությամբ`

Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Մեկնաբանություններ (1)

Nelson
Ժառանգությունը Ազգային ժողօվ ՝է մտել Ռ.Քոչարյանի . պատվերով Տիգրան Կարապետյանի կուսակցության ձայների հաշվին ....Ի Հեճուկս ԱՄ ի , Հերիք է դեմագոգիայով զբ աղվեք ...զզվելի է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter