
Արտակ Զեյնալյան. «Դատապարտելի է Մանվել Գրիգորյանի լուսանկարը տեղադրելը»
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց երեկ «armtimes.com» կայքում տեղադրված գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին` հայտնելով, որ ազատությունից զրկված անձին լուսանկարելը ու նկարը հրապարակելը դատապարտելի արարք է։
«Դատապարտելի է դատապարտյալին լուսանկարելը, լուսանկարը տեղադրելը, եթե նույնիսկ դատապարտյալը կամ ազատազրկված անձը տվել է իր համաձայնությունը լուսանկարելու եւ հրապարակելու համար, ապա լրատվության միջոցը պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակե՞լ, թե՞ ոչ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Նախարարի պնդմամբ՝ անազատության մեջ գտնվողի կամքն ազատորեն չի ձեւավորվում, այս սկզբունքով էլ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում։ «Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել լուսանկարը` անկախ անձից, նրա նկատմամբ եղած վերաբերմունքից։ Այս իրավունքը պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»։
Արդարադատության նախարարը հայտնեց, որ իր հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, հավելեց նաեւ, որ լուսանկարը չի կատարվել «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այն ավելի վաղ է կատարվել։
Մեկնաբանել