Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը վաղվանից հացադուլ կսկսի
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը վաղվանից հացադուլ է սկսում մշակույթի նախարարության դիմաց։
Հացադուլի պատճառը «Չնչիկ» ֆիլմի ավարտման համար նախատեսված ֆինանսավորումը չտրամադրելն է։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց կինոռեժիսորը՝ ֆիլմը պետք է ավարտված լիներ դեռևս 2011 թվականին։
«Ո՞նց կարող է ստեղծագործող մարդը 2004 թվականից մինչ 2018 թվականը մի նախագիծ անի և չվերջացնի։ Դուք պատկերացնում եք` ի՞նչ զիգզագներ են եղել այդ նախագծի հետ կապված, ի՞նչ անկումներ և վերելքներ են եղել, ու դու այդպես ապրում ես։ Դու մարդ ես, կինոռեժիսոր, ով 36 տարեկանում պետք է վերջացրած լիներ այդ ֆիլմը և քո հետագա ճանապարհը ուրիշ ֆիլմերով գնայիր, քո մնացած նախագծերը համաշխարհային ֆոնդերում ներկայացնեիր, բայց դու այսքան տարի մնացել ես նույն տեղում»,-ասում է Արամ Շահբազյանը։
Ռեժիսորի փոխանցմամբ՝ ֆիլմի ավարտման համար անհրաժեշտ է 18 միլիոն դրամ, որը ծախսվելու է հնչյունային աշխատանքների մի մասի և գունաբաժանման իրականացման վրա։
Մշակույթի նախարարության աշխատակիցներից ոմանք Արամ Շահբազյանին հայտնել են, որ կա արձանագրություն, որ 2012 թվականին «Չնչիկ»-ն ավարտվել է․ «Եթե ավարտել եք, ապա ուր՞ է այդ ֆիլմը։ Ես սլոգանս գրել եմ․«Ով՞ գողացավ «Չնչիկ»-ը։ Ուր՞ է այդ ֆիլմը»,-հարցնում է կինոռեժիսորը։
Արամ Շահբազյանն ասում է՝ նախորդ նախարարը՝ Արմեն Ամիրյանը, հայտնել էր, որ այս տարի լինելու է «Չնչիկ»-ի պրեմիերան, նախորդ տարվա հանձնաժողովը որոշել էր, որ ֆիլմն անպայման պետք է ավարտվի 2018-ին։ Սակայն Արմեն Ամիրյանը կինոռեժիսորին հայտնել է, որ չի հասցրել ֆինանսավորման տրամադրման վերջնական փաստաթուղթը ստորագրել և հրաժարական է տվել։
Կինոռեժիսորի խոսքով՝ «Չնչիկ»-ի ներկայացման համար Հայաստանի ազգային կինոկենտրոնից ի սկզբանե ցանկացել էին 200 հազար դոլար, սակայն փոխանցվել է 52 միլիոն դրամ և նախատեսված գումարից պակասում է հենց 18 միլիոն դրամ, որն էլ այժմ անհրաժեշտ է։
Արամ Շահբազյանն ասում է, որ բացի այն, որ այս տարի չի տրամադրվել անհրաժեշտ ֆինանսավորումը, Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ «Չնչիկ»-ը նորից դրել է ֆինանսավորման ենթակա ֆիլմերի փաթեթում և կինոռեժիսորից կրկին պահանջել են ֆիլմի ավարտման համար նախատեսված փաստաթղթեր։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել