HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքի «ճիշտը»

«Զոն նայողը» ծեծի է ենթարկել դատապարտյալին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում անել, “զոն նայողը” և նրա համախոհները հարթել են դատապարտյալների միջև վիճաբանությունը: ԶԼՄ-ներով նման նորությունների հանդիպելն արդեն սովորական է դարձել:

Իսկ ո՞րն է նման երևույթների մասին նորություններն արտառոցների շարքին վերադարձնելու ճանապարհը:

2017 թվականի դատապարտվածների վերաբերյալ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ազատությունից զրկելու միջոցով պատիժ է նշանակվել պատժի ենթակա անձանց 66%-ի նկատմամբ (2016 թ.` 63.4%-ի նկատմամբ), այն դեպքում, երբ ուսումնասիրությունները և միջազգային փորձը փաստում են, որ ազատազրկման ձևով պատիժը ոչ միայն չի նպաստում անձի ուղղմանը և վերասոցիալականացմանը, այլև ճիշտ հակառակը` պայմաններ է ստեղծում անձի` հակասոցիալական վարքագծի արմատացմանը և/կամ ձեռքբերմանը: Գլխավոր պատճառն այն է, որ ՔԿՀ-ներում խարխլված է սոցիալ-մշակութային միջավայրը:

Միջավայրը ՔԿՀ-ներում այն գլխավոր գործոնն է, որը պետք է նպաստի վերասոցիալականացմանը, մինչդեռ մեր ՔԿՀ-ներում համատարած իշխող քրեական ենթամշակույթն իր ոչ ֆորմալ օրենքներով պարտադրում է կալանավորված անձանց և դատապարտյալին խնդիրների լուծման և հարաբերությունների կարգավորման ոչ օրինական ճանապարհը, և վարչակազմն այն տարբեր պատճառներով հանդուրժում է, որոնց թվում է կոռուպցիան և լրակազմի սղության պայմաններում կարգապահություն երաշխավորելու անհրաժեշտությունը:

Իրավիճակի փոփոխության համար օրակարգային է ՔԿՀ-ներում միջավայրի փոփոխությունը, նոր միջավայրի ստեղծումը, որը կնպաստի անձի արդյունավետ վերասոցիալականացմանը մեկուսացման պայմաններում: Միջավայրով է պայմանավորվում անձի հոգեբանական վիճակը, մթնոլորտը հիմնարկում, անձի` ուղղվելու մոտիվացիան: Այսօր վարչակազմի կողմից քրեական ենթամշակույթի խրախուսումը, հանցագործությունների քողարկումը, դրանցում ներգրավվելը, խտրական վերաբերմունքը հանգեցնում են մի իրավիճակի, երբ դատապարտյալները չեն ունենում ուղղվելու մոտիվացիա: Եթե վարչակազմը, վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնողները ոչ միայն տարբերություն չեն դնում հանրօգուտ աշխատանք կատարած և ոչինչ չանող, քրեական ենթամշակույթի կրող դատապարտյալի միջև, այլ, որպես կանոն, արտոնությունների լայն շրջանակ են շնորհում վերջիններիս, ապա ինչո՞ւ պետք է դատապարտյալներն աշխատեն ու փորձեն ուղղվել: Այսինքն, ստացվում է, որ իրավախախտ քաղաքացիներին ազատությունից զրկելով` մենք ոչ թե նպաստում ենք վերջիններիս ուղղմանը, այլ հակառակը` մղում ենք նրանց դեպի քրեական ենթամշակույթ և նրանք ինչ-որ տեղ ավելի են «մասնագիտանում» իրենց գործում: Ըստ այդմ, ՔԿՀ-ում առողջ և մոտիվացնող միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է

Կազմակերպել ազատությունից զրկված անձանց տեղաբաշխումը և նրանց հետ աշխատանքը: Պայմանականորեն դատապարտյալներին կարելի է բաժանել խմբերի` պայմանավորված քրեական ենթամշակույթի նկատմամբ իրենց վերաբերմունքով և պատկանելիությամբ` ընդունում են քրեական ենթամշակույթի օրենքները, թե՝ չեզոք դիրքորոշում ունեն, թե՝ մերժում են այն, ինչպես նաև հատուկ ուշադրություն հատկացնել այն անձանց, որոնք մերժվում են քրեական ենթամշակույթի կողմից՝ մասնավորապես ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին։

ՔՀԿ ընդունվող անձանց բաժանումը խմբերի, ըստ իրենց վերաբերմունքի դեպի քրեական ենթամշակույթը, ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր խմբի հետ աշխատելու ընթացակարգեր պետք է մշակվեն և ներդրվեն: Օրինակ` քրեական ենթամշակույթի կրողները պետք է մեկուսացվեն ազատությունից զրկված մյուս դատապարտյալներից` բացառելու համար նրանց ազդեցությունը; քրեական ենթամշակույթի կրողների համար պետք է սահմանափակվեն որոշակի հնարավորությունները/արտոնությունները: Օրինակ` այդ գործոնը պետք է լրջագույնս հաշվի առնվի պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում։ Մինչդեռ մեզ մոտ հակառակն է: Քրեական ենթամշակույթի կրողների ու մյուս դատապարտյալների միջև ոչ միայն տարբերություն չի դրվում պայմանական վաղաժամկետ ազատվելու համատեքստում, այլ ավելին` նրանց օգտվում են ավելի շատ արտոնություններից, քան այդ երևույթը ժխտողները: Քրեական ենթամշակույթի օրենքներն ընդունվում և խրախուսվում են նաև հիմնարկի վարչակազմի կողմից, ինչի հետևանքով չեզոքանում է քրեակատարողական համակարգի` դատապարտյալի վրա դրական ներազդելու կարողությունը:

Մշակել կադրերի համալրման և աշխատանքի մեթոդաբանություններ: Աշխատակիցների համար աշխատանքային արժանապատիվ պայմանների ապահովումը և նրանց կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ խիստ վերահսկողության ապահովումը և իրավախախատ գործունեության պատժումը: Վարչակազմի դերակատարությունն առհասարակ առանցքային կարևորություն ունի: Հիմնարկի աշխատակիցների հեղինակությունը, ոչ խտրական վերաբերմունքն ազատությունից զրկված անձանց նկատմամբ կնպաստեն վարչակազմի և ազատությունից զրկված անձանց միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն ինքնըստինքյան կչեզոքացնի քրեական ենթամշակույթի դերակատարությունը։

Անհրաժեշտ է նաև ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործուն մեխանիզմների ներդրումը և այդ մեխանիզմները կիրառելուն ծառայողներին նախապատրաստելը, ուսուցանելը:

Ապահովել պահման արժանապատաիվ պայմաններ։ Գերբնակեցածությունը, խցային անհավասար պայմանները, երբ արտոնյալներն ունենում են բոլոր անհրաժեշտ հարմարությունները, ընդհուպ մինչև անլար ինտերնետ, իսկ մյուս դատապարտյալներն անգամ քնելու տեղ չունեն, երբ քնելն ու առողջ սնդվելը դառնում են արտոնություն, որը ոչ բոլորին է հասանելի, երբ դեղորայք ձեռք բերելու հնարավորությունը հասանելի է բացառապես քրեական ենթամշակույթի կրողներին, երբ անձը պաշտպանված չէ մոլախաղերի մեջ ներքաշվելու և գումար կրվելու վտանգից, և այլն։ Բոլոր դատապարտյալներին հավասար, առանց խտրականության և մջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմերի ապահովումը հրամայական է ՔԿՀ-ում առողջ միջավայրի ապահովման տեսանկյունից։

Երաշխավորել ազատությունից զրկված անձանց կրթությունը և զբաղվածությունը: Անհրաժեշտ է աջակցել ազատությունից զրկված անձանց կրթվելու, պահանջարկ ունեցող մասնագիտական  հմտություններ, մասնագիտական կրթություն ձեռքբերելու, վերապաստրաստվելու հարցերում:

Անհրաժեշտ է ապահովել ազատությունից զրկված անձանց աշխատանքի արժանապատիվ պայմաններ հիմնարկում գտնվելու ընթացքում ինչպես հենց ՔԿՀ-ում, այնպես էլ հիմնարկից դուրս` հնավարոթյուն ընձեռելով նրանց ստանալ մասնագիտական հմտություններ, մասնագիտանալ ինչ-որ ոլորտում: Զբաղվածության ապահովումը կարևոր է, քանի որ անձի մոտ դաստիարակում է վերաբերմունք աշխատանքի, սեփական աշխատանքով գումար աշխատելու նկատմամբ, կրճատում է պարապուրդի ժամանակը և կարևոր նշանակություն ունի ազատվելուց հետո կյանքին ադապտացվելու առումով:

Կազմակերպել ազատությունից զրկված անձանց ժամանցը: Ազատ ժամանակի անցկացման պայմանների ապահովումը, մշակութային, սպորտային միջոցառումների կազմակերպումը, ինքնազարգացմամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծումը: Կարևոր է, որ ինքնազարգացման ծրագրերն առաջին հերթին սոցիալական ուղղվածություն ունենան, իսկ անձը նախապատրաստվի այդ հմտություններին ինքնուրույն կիրառություն գտնելուն: Կարևոր է անձանց մոտ քրեական ենթամշակույթին հակադրվող արժեքային համակարգի դաստիարակումը, ամրապնդումը, ի թիվս այլնի, գրքերի, ֆիլմերի, զրույցների միջոցով, որի հիմքը համամարդկային արժեքներն ու գաղափարները պետք է լինեն:

Հատուկ ուշադրություն խոցելի խմբերի նկատմամբ: Քրեական ենթամշակույթին դիմակայելու համատեքստում հատուկ մոտեցման կարիք ունեն անչափահաս, թմրամիջոց կամ ոգելից խմիչքներ գործածող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, քանի որ նրանք ունեն որոշակի հակվածություններ, որոնք կարող են օգտագործվել քրեական ենթամշակույթի կրողների կողմից` նրանց կախվածության մեջ գցելու, նրանց նկատմամբ բռնություն և/կամ ճնշում կիրառելու համար:

Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ նաև ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք իրենց սեռական կողմնորոշման հիմքով ենթարկվում են բռնության, ճնշումների ինչպես խղակիցների, այնպես էլ վարչակազմի ծառայողների կողմից, ներգրավվում են սանհանգույցների մաքրման, աղբահանության աշխատանքներում։

Եզրափակելով, նշենք, որ անձը, ընդունվելով ՔԿՀ, ենթարկվում է առաջնային շոկի, քանի որ կտրուկ փոխվում է նրա միջավայրը, և նա ստիպված է լինում սահմանափակումների պայմաններում ադապտացվել նոր միջավայրի: Նույն շոկն անձն վերապրում է նաև մեկուսացումից հետո ազատության մեջ հայտնվելով, ինչին գումարվում է նաև հանրության կողմից անհանդուրժողականությունը, բնականոն օրինապահ կյանքին ադապտացվելու խնդիրը: Ըստ այդմ, քրեական ենթամշակույթի ազդեցությունը նվազեցնելու տեսանկյունից կարևոր է անձին ոչ միայն պաշտպանել վնասակար ազդեցությունից, այլև սովորեցնել դիմակայելու այդ ազդեցությանը, անձին քրեական աշխարհից զերծ պահելու համար անհրաժեշտ է հիմնարկում ստեղծել այլընտրանքային այնպիսի պայմաններ, որոնք ցույց կտան անձին հակադիր իրականության առավելությունները, կմոտիվացնեն նրան ընդունելու արժանապատիվ և օրինապահ կյանքի «ճիշտը»: 

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter