
Մանե Թանդիլյան. «Երկրորդ երեխայի ծնունդը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։ Նախարարն առաջնային համարեց խոսել ծնելիության մասին, կառավարությանն առաջարկած նախագծի մասին, ըստ որի՝ երկրորդ երեխայի դեպքում պետության կողմից 50 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ կտրամադրվի։ Նախարարի փոխանցմամբ՝ քննարկումների ժամանակ իրարամերժ կարծիքներ են հնչել, մասնավորապես այն, որ առաջարկը չի խթանի ծնելիության մակարդակի բարձրացմանը, բայց քաղաքացուն ուղղված որոշակի «հաղորդագրություն» կլինի։
«Պետությունն առաջին եւ երկրորդ երեխաների նշանակությունը նույնականացնում է, իսկ երկրորդ երեխայի կարեւորությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց Թանդիլյանը։
Նախարարը նշեց, որ երեխաների ծնելիության հարցը պետք է լինի առաջնային։
Ըստ նրա՝ երկրորդ երեխան չի նվազեցնի ժողովրդագրական ցուցանիշը, իսկ երրորդն արդեն կավելացնի։
Մանե Թանդիլյանը խոսեց նպաստային համակարգի հասցեականության վերանայման մասին՝ ընդգծելով, որ հաշվի են առնվելու դիմողի վարկային պատմությունն ու ավանդները։ Վարկային փաստաթղթերում պետք է նշված լինի տեսակը, ծնման աղբյուրը, նպատակը։ Ըստ նախարարի՝ նպաստը պետք է քաղաքացուն բնականոն կյանք վերադարձնի։
«Մենք հնարավորություն ենք տալիս կախվածություն ունենալ նպաստից, բայց չենք լուծում խնդիրները, որի արդյունքում քաղաքացին կունենա արժանապատիվ եկամուտ եւ բարեկեցիկ ապրելակերպ»,- նշեց նախարարը։
Հաջորդ հարցը, որին անդրադարձավ նախարարը, վերաբերում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում բարեփոխումներ իրականացնելուն։ Նշեց, որ սա եւս պետք է ընտանեկան վիճակից հաշվի առնել, պետք է երեք-չորս երեխա ունեցողները չվճարեն այնքան, որքան վճարում են երեխաներ չունեցող քաղաքացիները։
Նախարարը պնդեց, որ թոշակները եւս պետք է բարձրացվի այնքանով, որ գերազանցի պարենային զամբյուղի՝ մոտ 25 հազար դրամ սահմանը։
Բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ նախարարը նշեց, որ պետք է այնպիսի համակարգ մշակվի, որով հնարավորություն կլինի տեղեկանքներ վերցնել այնպես, որով դիմում ստացողն ու տվողն իրար չճանաչեն։ Նշեց, որ շարունակում են ստանալ տեղեկություններ ու բողոքներ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել