2011թ. Հայաստանում կառուցվել է 652 կմ խողովակաշար և ջրատար. համակարգում կատարվել է 18,2 մլրդ դրամ ծախս
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ներկայացվեցին 2011թ. կատարված աշխատանքները և 2012թ. ծրագրերը:
Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ անցած տարի շարունակվել են ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման, ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները:
Նշվեց, որ հաստատված ծրագրերի իրականացումը տվել է դրական արդյունքներ. միայն հավաքագրումների գծով 2011 թ. համակարգի գանձումը կազմել է շուրջ 19,53 մլրդ դրամ՝ 2010 թ. 18,73 մլրդ դրամի փոխարեն: Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 15,77 մլրդ դրամ (հասույթի 97,36 %-ը)՝ 2010թ. 15,17 մլրդ դրամի դիմաց: Ոռոգման ոլորտում գանձումը կազմել է 3,76 մլրդ դրամ (հասույթի 82.7%-ը)՝ 2010թ. 3,56 մլրդ դրամի դիմաց:
Պետական բյուջե են փոխանցվել նաև շուրջ 5.58 մլրդ դրամի չափով հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ՝ նախորդ տարվա համեմատ 80 մլն դրամով ավելի՝ չնայած 2011թ. ՋՕԸ-երի կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատվել էին ԱԱՀ-ից, իսկ 2010թ. պետբյուջե փոխանցված գումարների մեջ հաշվի էր առնված նաև 500 մլն դրամի չափով ԱԱՀ վճարը:
Անցած տարվա ընթացքում համակարգում տարբեր ծրագրերով կատարված կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 18,2 մլրդ դրամ: Կառուցվել է 652 կմ խողովակաշար և ջրատար (առանց «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրի), այդ թվում՝ խմելու ջրագծեր՝ 594,6 կմ, կոյուղու կոլեկտորներ՝ 11,4 կմ, ոռոգման ջրանցքներ և ջրատարներ՝ 46 կմ (որից ՀԲ ծրագրով Արմավիրի և Թալինի մայր ջրանցքներում՝ 20,3 կմ):
«ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով 2011թ. իրականացվել են Արզնի-Շամիրամի, Արտաշատի, Շիրակի և Ստորին Հրազդանի մայր ջրանցքների վերականգնման, Շենիկի ինքնահոս համակարգի 1,2 կմ ջրանցքի կառուցման, Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի մաքրման և խորացման, երրորդ կարգի ջրանցքների, ինչպես նաև 17 պոմպակայանների վերականգնման աշխատանքները:
Ավարտվել են Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքները, ինչը թույլ է տալիս ջրամբարում կուտակել 23 մլն խմ լրացուցիչ ինքնահոս ջրաքանակ, որով հնարավոր է լրացուցիչ ոռոգել 1055 հեկտար:
Նշվեց, որ ջրառ իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ջուր մատակարարող ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: 2011թ. ՋՕԸ-երի սպասարկման տարածքում նախորդ տարվա համեմատ 424 հեկտարով ավելացել են ոռոգվող հողատարածքները:
Ապահովվել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների տնտեսական գործունեությունը: Ֆրանսիական «Սաուր» կազմակերպության հետ կնքվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին հանձնելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2014 թ.-ը երկարաձգելու պայմանագիր:
Շարունակվել է բարելավվել հաշվառման համակարգը, խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ տեղադրված է 624 800 ջրաչափական սարք (ապահովվածությունը՝ 86,9 տոկոս)՝ 2010 թ. համեմատ 17,7 հազարով ավելի:
2011թ. ավարտվել է «Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագիրը», որով իրականացվել է խմելու ջրի քաղաքային ցանցի վերականգնում:
Ավելացվել է խմելու ջրի մատակարարման տևողությունը: Մասնավորապես, «Երևան ջուրը» նախորդ տարվա 21,9 ժամի դիմաց ջրամատակարարման տևողությունը հասցրել է 22,9 ժամի, «Հայջրմուղկոյուղին»՝ 13,7 ժամի դիմաց՝ 15 ժամի, «Շիրակ-ջրմուղկոյուղին»՝ 10,4-ի դիմաց 11,9 ժամի, «Լոռի-ջրմուղկոյուղին» 10,7 ժամի դիմաց՝ 11 ժամի, իսկ «Նոր Ակունք»-ը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 22,4 ժամ:
Նշվեց, որ համակարգում իրականացված ներդրումային և կազմակերպչական միջոցառումների արդյունքում անցած տարիների համեմատ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախվսել. 2011թ., նախորդ տարվա համեմատ, շուրջ 17 տոկոսով պակասել է էլեկտրաէներգիայի ծախսը:
Անդրադառնալով 2012թ. անելիքներին՝ Ա.Անդրեասյանը նշեց, որ կշարունակվեն հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացման (նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով, իսկ կառավարման պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում՝ պայմանագրերով նախատեսված չափերով), խմելու և ոռոգման ոլորտներում շուրջ 500 կմ ջրագծերի և ջրանցքների վերանորոգման ու կառուցման և մի շարք այլ աշխատանքները:
2012թ. կշարունակվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» նախատեսված հիմնական աշխատանքները: Կվերականգնվեն մոտ 50 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային ջրանցքներ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի ու Արմավիրի մարզերում և մոտ 63 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքներ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում:
ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում կավարտվեն Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման, ինչպես նաև կոյուղացանցերի վերանորոգման աշխատանքները: Կմեկնարկեն Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում կոյուղու մաքրման կայանների կառուցման աշխատանքները: Գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ աշխատանքներ կիրականացվեն Կապսի ջրամբարի վերականգնման ուղղությամբ։
Կշարունակվեն նաև ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները:
Համակարգի բնականոն աշխատանքի ապահովման տեսանկյունից փոխվարչապետը կարևորեց ոլորտում հավաքագրումների պատշաճ մակարդակով իրականացումը: Նա դժգոհություն հայտնեց «Թալին» և «Քարակերտ» ՋՕԸ-երի աշխատանքների արդյունքներից՝ հատկապես հավաքագրումների առումով, և հորդորեց մյուս ՋՕԸ-երում՝ մասնավորապես «Մասիս» ՋՕԸ-ում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել:
Ա.Գևորգյանը նշեց, որ ոլորտում այս տարի ևս մի շարք կարևոր ծրագրեր են իրագործվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ և ընդգծեց դրանց արդյունավետ ու որակով իրականացումը։
Խորհրդակցության ընթացքում որոշվեց, որ Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ-ը սեղմ ժամկետներում փոխվարչապետին կներկայացնի ոռոգման ջրի դիմաց 50 հազար դրամից ավելի պարտք ունեցող շահառուների ցուցակը՝ ըստ համայնքների:
Առաջարկվեց ուշադրություն դարձնել «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերով վերականգնված կառույցների հանձնման և ընդունման գործընթացին, ինչպես նաև հետերաշխիքային ժամկետում իրականացվող աշխատանքներին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոռոգման համակարգի ընեկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել