HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունն ավելացրեց Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալը

Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց կթողնվի 210 մլն մ3 ջուր՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն։

Կառավարությունն այսօր առաջարկեց փոփոխություն կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում՝ լճից ոռոգման նպատակով տարեկան բացթողման ջրի ծավալը ավելացնելով 40 մլն մ3-ով։

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ ջրի հավելյալ բացթողումը նպատակ ունի 2018 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու համար։

Որոշման նախագծում ասվում է, որ լճից մինչև լրացուցիչ 40 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հէկերում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Արտադրված այդ էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը ուղղվելու է կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

Վարչապետ Նիկոլ Փաշիյանը կառավարության նիստին հայտնեց, որ հունիսին խնդիր է դրել ամեն գործողություն անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրբացթողման անհրաժեշտություն չլինի։ Ասում է՝ դրանից հետո իրեն զեկուցել են, որ հավեյալ բացթողման անհրաժեշտություն չի լինի, սակայն հետագայում նոր զեկուցում է եղել, որ հավեյալ բացթողման անհրաժեշտություն կա։ Վարչապետի փոխանցմամբ՝ իր մոտ այս հարցի շուրջ մի քանի քննարկումներ են եղել և վերջին քննարկմանը եղել են երկու հակասական կարծիքներ բացթողման մասին։ Նրա փոխանցմամբ՝ քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը և խնդիրները կկառավարի այնպես, հնարավորության դեպքում այդ հավելյալ բացթողումը չարվի․ «Բայց ամեն դեպքում ունենալ մի իրավիճակ, որ, մարդ ես, եթե հանկարծ պարզվի, որ բերքը ոչնչանալու է, մենք այնուամենայնիվ այս ջրառը իրականացնենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս բացթողումը պետք է դիտարկել որպես գյուղատնտեսական աղետից խուսափելու միջոց։

Վարչապետը կառավարության անդամներին հայտնեց, որ պետք է ջրի յորաքնաչյուր մ3-ի օգտագործումը պատկերացնեն և հետևեն դրա իրացմանը։

Նշենք, որ ջրբացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների  նախարարության տվյալներով՝ 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ, 2017 և 2018 թվականներըը դիտվել են սակավ ջրատվության տարիներ: 2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ, 2016 թվականի՝ նույն օրվա համեմատ, ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 155 մլն մ3, իսկ՝ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 35 մլն մ3:

2018 թվականին Սևանից բաց թողնվող ոռոգման ջրի դիֆիցիտը 2016–ի համեմատ հաշվարկվել է շուրջ 40 մլն մ3։ 

Բնապահպանության նախարարությունը առարկություն է ունեցել հավեյալ ջրբացթողման որոշման նախագծին։ Հայտնել է, որ նախորդ բացթողման ավելացման ժամանակ՝ 2017 թվականի հուլիսի 6-ին, ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվեց մինչև 270 մլն մ3 և ամրագրվեց, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի օրենսդրությամբ սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները: Սակայն «Հայհիդրոօդերևութաբանական և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի  տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը հանգեցրել է Սևանա լճի մակարդակի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակի 3 սմ-ով իջել է (2018 թվականի հունվարի 8-ի դրությամբ)։ Այդ իսկ պատճառով բնապահպանության նախարարությունը այս օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է բացասական կարծիք և եզրակացություն։

Նախարարության հաղորդմամբ՝ Սևանա լճից ևս 85 մլն մ3 ջրաքանակ բաց թողելու դեպքում Սևանա լճի մակարդակը կիջնի ևս շուրջ 7 սմ-ով, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն կունենա Սևանա լճի էկոհամակարգի վրա, կնպաստի լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը և կհանգեցնի էկոլոգիական մի շարք խնդիրների սրմանը:

«Ելնելով վերոգրյալից բնապահպանության նախարարությունն անթույլատրելի է համարում Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողումների 255 մլն մ3 չափաքանակի սահմանումը»,-հայտնել են բնապահանության նախարարությունից։

Բնապահպանության նախարարությունից հայտնել են նաև, որ լրացուցիչ բացթողման հիմնավորման համաձայն՝ 2018 թվականը դիտվել է սակավաջուր տարի, ուստի պահանջում են ներկայացնել «Հայհիդրոօդերևութաբանական և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի  եզրակացությունը՝ տարին սակավաջուր հայտարարելու վերաբերյալ։ Առարկել են, որ կառավարության հանձնարարությամբ այդ հարցի շուրջ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ և մինչ օրս հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական լիազոր մարմինը չի ներկայացրել տեղեկատվություն տարին սակավաջուր հայտարարելու վերաբերյալ:

Բնապահպանության նախարարությունը առաջարկում է ջրի պակասը լուծել ոչ թե Սևանա լճից ջրառի մեծացման միջոցով, այլ ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծմամբ։ Նախարարությունը հավաստում է, որ Սևանա լճի նկատմամբ ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը՝ ռեսուրսի սահմանափակ լինելը, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter