HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՀԿ-ներում պահվող անձանց համար մատակարարված սննդում բաղադրության նորմատիվային պահանջներն առերևույթ չպահպանելու փաստեր են պարզվել

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55 մլն 120 հազար ՀՀ դրամ արժողությամբ ձկան պահածոյի, 5 մլն 352 հազար ՀՀ դրամ արժողությամբ տոմատի մածուկի, 99 մլն 487 հազար ՀՀ դրամ արժողությամբ տավարի մսի պահածոյի, 95 մլն 100 հազար ՀՀ դրամ արժողությամբ խտացված կաթի բաղադրությունները չեն համապատասխանել նորմատիվ փաստաթղթերով սահմանված սննդի չափանիշներին:

Մասնավորապես՝ տոմատի մածուկում կերակրի աղը եղել է 0.33 տոկոս՝ 0.5-ից 0.7 տոկոսի փոխարեն, տավարի մսի պահածոյում մսի և ճարպի զանգվածային մասը եղել է 46.65 տոկոս՝ 56 տոկոսի փոխարեն, ձկան պահածոյում ընդհանուր թթվայնության ցուցանիշը եղել է 0.13 տոկոս՝ 0.3-ից 0.6 տոկոսի փոխարեն, խտացրած կաթի յուղի զանգվածային մասը եղել է 8 տոկոս՝ 8.5 տոկոսի փոխարեն:

Նկատի ունենալով, որ ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներում առերևույթ առկա են խոշոր չափերով ապրանքների սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու հատկանիշներ՝ նշված փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter