HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակել

Փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը ներկայացվել է փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:

Պալատի խորհրդի 11.08.2018թ. որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և որոշվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Պալատը ներկայացնում է, որ կառավարության 01.06.2018թ. թիվ 581 որոշմամբ հաստատված կառավարության ծրագրով կառավարության կարևոր ծրագրային դրույթներից է տնտեսական գրավչությունը մեծացնելու և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ձևավորել հնարավորինս կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, ինչպես նաև շարունակաբար բարելավել գործարար միջավայրը:

Նախագծով առաջարկվում է վերացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված շահաբաժինների հարկման կառուցակարգը և վերադառնալ նախքան 04.10.2016 թվականի հարկային օրենսգրքի ընդունումն առկա կարգավորումներին, երբ իրավաբանական անձի գործունեության արդյունքում ձևավորված շահույթից մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) ստացած շահաբաժինները չէին հարկվում:

Փաստաբանների պալատի գնահատմամբ՝ գործող իրավակարգավորումը խնդրահարույց է թե՛ իրավական և թե՛ տնտեսական առումներով:

Սահմանադրության, հարկային օրենսգրքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայից (մանրամասները՝ նախագծի հիմնավորման մեջ) բխում է, որ հարկն իրենից ներկայացնում է դրամական միջոցների նկատմամբ անձի սեփականության իրավունքի սահմանափակում, որը սահմանվում է օրենքով՝ Հարկային օրենսգրքով և որի նպատակը հանրության շահերի, այն է` հասարակության և պետության կարիքների բավարարումն է: Վերջիններս փաստորեն կարող են բավարարվել հասարակության անդամներին սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցների՝ Հարկային օրենսգրքով սահմանված չափով հօգուտ պետության մասհանումներ կատարելու միջոցով:

Միևնույն ժամանակ, քանի որ առկա է անձի հիմնական իրավունք հանդիսացող սեփականության իրավունքի սահմանափակում, վերջինս պետք է բավարարի Սահմանադրության 78-րդ հոդվածով, ինչպես նաև ՄԻԵԿ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի պահանջներին:

«Եթե շահաբաժինների հարկման նպատակի իրավաչափությունն ընդունելի է՝ հասարակության և պետության կարիքների բավարարման տեսակետից, ապա այդ նպատակին հասնելու համար պետության կողմից ընտրված միջոցների պիտանիության և անհրաժեշտության հարցում առկա են լուրջ խնդիրներ:

Շահաբաժինները կամ դիվիդենտները հարկվում են կա՛մ եկամտահարկով, կա՛մ շահութահարկով՝ կախված նրանից, թե ով է շահաբաժին վճարող իրավաբանական անձի մասնակիցը՝ ֆիզիկական անձ, թե՞ իրավաբանական անձ: Շահաբաժինները վճարվում են իրավաբանական անձի շահույթից, որն արդեն իսկ Հարկային օրենսգրքի իմաստով հանդիսանում է հարկման բազա (հոդված 105): Վերջինս ձևավորվում է հարկատու իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեությունից, որը, Հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է հարկվող եկամտի աղբյուր: Ակնհայտ է, որ իրավաբանական անձը. քաղաքացիական շրջանառությունում գործելով իր մասնակիցներից իրավական ինքնավարության պայմաններում, այդուհանդերձ, նախ և առաջ, ծառայում է նրանց տնտեսական շահերին, այլ կերպ ասած՝ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքում գոյացած շահույթը, վերջին հաշվով, պատկանում է այդ կազմակերպությունների սեփականատերերին:

Սրանից հետևում է, որ իրավաբանական անձի շահույթից գանձվող շահութահարկը և նրա մասնակիցների շահաբաժնից գանձվող եկամտային հարկը կամ շահույթահարկը գանձվում են միևնույն աղբյուրից, միևնույն տնտեսական գործունեությունից, որը փաստացի իրականացվում է միևնույն անձի՝ իրավաբանական անձի մասնակցի կամ մասնակիցների կողմից: Ստացվում է, որ նույն անձը միևնույն գործունեության համար հարկ վճարելու իր սահմանադրական պարտականությունը կատարում է կրկնակի անգամ, ինչն իրավական տեսանկյունից մտահոգիչ է և չի կարող համարվել պետության կողմից սեփականության իրավունքի սահմանափակման պիտանի և անհրաժեշտ միջոց:

Պալատը գտնում է, որ միևնույն գործունեության կրկնակի հարկումը՝ իրավաբանական անձից շահութահարկ, իսկ նրա մասնակիցների ստացած շահաբաժիններից՝ եկամտային հարկ կամ շահութահարկ, անձի սեփականության իրավունքի հակասահմանադրական սահմանափակում է և չի կարող պիտանի և անհրաժեշտ լինել պետության և հասարակության կարիքների բավարարման հանրային շահի իրացման նպատակի համատեքստում, քանի որ դրանով անհամաչափ վնաս է հասցվում այլ շահերի՝ տնտեսական գործունեության ազատությանը, ընդհանուր տնտեսական բարեկեցությանն ու սոցիալական արդարությանը»,- գրված է պալատի տարածած հաղորդագրության տեքստում:

Նախագծին և հիմնավորումներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter