HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նաիրա Աբրահամյան. «Արփի համայնքի ղեկավարի գործունեությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»

Արփի խոշորացված համայնքի ավագանու անդամ, Գառնառիճ դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանն մեկ տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամն է դիմում համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանին՝ գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության խնդրանքով եւ նախորդ դիմումների մերժման հիմնավորումները ստանալու նպատակով: Ավագանու անդամի փոխանցմամբ, 2017 թվականի հունիսի 2-ի թիվ 4-րդ նիստի 20-րդ որոշման համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող գյուղտեխնիկան տրամադրվելու էր վարձակալությամբ համաձայն հավելվածի, սակայն դա չի կիրառվում կամ կիրառվում է ընտրողաբար:

«Ես դիմում էի ներկայացրել  գյուղտեխնիկաներից մեկը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ: Խոսքը տրակտորի մասին է, որ խոշորացումից հետո տարվել էր Գառնառիճ գյուղից: Դիմումս տվել էի 2017թ-ի հունիսի 7-ին ու կսպասեմ, որ գրավոր պատասխանեն: Պատասխանում էին բանավոր, թե չի լինի: Էդ ընթացքում փորձել եմ մի քանի անգամ հանդիպել պարոն Ղարիբյանի հետ՝ տեղում չի եղել: Դիմումիս գրավոր պատասխանը տվել են 2017թ դեկտեմբերի 25-ին կայացած ավագանու նիստից հետո, այսինքն 7 ամիս անց: Ես տանն եմ տեսել, որ պատասխանը թվագրված է հունիսի 24-ով: Պատասխանի մեջ գրված էր, որ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող գյուղտեխնիկան չեն կարող վարձակալությամբ տրամադրել ինձ, քանի որ նպատակահարմար են գտել այն ամբողջությամբ հանձնելու համայնքապետարանի մեխանիզատորին: Ինձ մերժում են, սակայն ես այդ նույն տեխնիկան տեսել եմ, որ օգտագործում են համայնքապետի բարեկամները: Այսինքն օրենքը գործում է միայն օտարների համար»,-նկատում է Նաիրա Աբրահամյանը:

«Հետք»-ին տրամադրած դիմումի օրինակում՝ թվագրված 2018 թվական, օգոստոսի 20, Նաիրա Աբրահամյանը փորձում է հարցման միջոցով հասկանալ, ինչու՞ է ավագանու որոշումը խախտվում միայն իր անձի հետ կապված, ինչու՞ է գյուղտեխնիկան ուղարկվում Արթիկ, սակայն, ըստ իր ունեցած տեղեկությունների, ոչ մի լումա չի մուտքագրվում բյուջե եւ ինչով են պատճառաբանվում իրար հակասող որոշումների ընդունումը նույն հարցի վերաբերյալ:

«Էդ տրակտորը հո չէր գնացել Արթիկ լվացվելու, կամ դեղին ներկվելու, գնացել էր աշխատելու, չէ՞: Ես իմ դիմումում հարցրել եմ այդ մասին, որպես ավագանու անդամ: Խնդրել եմ գրավոր ներկայացնեն, թե 2017 թվականի ընթացքում ու՞մ հետ են վարձակալական պայմանագրեր կնքել, ինչպիսի՞  ծառայություններ են մատուցել և ինչքան գումար է մուտքագրվել համայնքի բյուջե: Արթիկում ջրագիծ փորելու համար ինչքա՞ն գումար է մուտքագրվել բյուջե, ու՞մ հետ է կնքվել վարձակալական պայմանագիր: Նաեւ պնդել եմ, որ այն տեխնիկան, որը ես վարձակալությամբ խնդրել եմ, իսկ ինքն օգտագործել է իր սեփական կարիքների համար, այ դրա դիմաց ինչքան գումար է մուտքագրել բյուջե»,-մտահոգություններն է ներկայացնում ավագանու անդամը:

Իր դիմումում Նաիրա Աբրահամյանը խնդրել է նաեւ բացատրել, թե 2018թ-ի օգոստոսի 13-ի թիվ Ե-270 գրությամբ, որով իրեն կրկին տեղեկացրել են, որ համայնքային գյուղտեխնիկան վարձակալությամբ չի տրամադրվում, այլ համապատասխան ծառայություններ է մատուցում ըստ ավագանու կողմից սահմանած 2018թ-ի փետրվարի 21-ի թիվ 2-րդ նիստի 8-րդ որոշման գնացուցակի, ինչու՞ է կրկին անգամ խախտվում ընդունած որոշումը, եւ ինչու՞ է տեխնիկան գտնվում մի քանի անձանց տրամադրության տակ: Օգոստոսի 22-ին Նաիրա Աբրահամյանը պատասխան գրություն է ստացել, որով դիմումատուին զգուշացվում է, որ հարցումներին համայնքապետարանը կպատասխանի 28 օրվա ընթացքում:

Ի դեպ, իր մտահոգություններով Նաիրա Աբրահամյանը «Հետք»-ին դիմել էր դեռեւս ապրիլի 19-ին, խնդրելով անդրադառնալ Արփի խոշորացված համայնքի խնդիրներին՝ հայտարարելով, որ ղեկավար Մերգել Ղարիբյանի ընտրողական վերաբերմունքի պատճառով տուժում է Գառնառիճ համայնքը՝ զրկվելով զարգացման ծրագրերից:

Ավագանու անդամը մատնացույց է անում համայնքի տարածքում ջերմոցների կառուցման ծրագիրը, որի իրականացման համար, զրուցակցիս փոխանցմամբ, ընտրված գյուղերի ցանկում եղել է նաեւ Գառնառիճը, իսկ հետագայում հանվել ցանկից:

«Ծրագիրն իրականացողներն անցած տարի եղել են մեր գյուղում, աշխատակազմի քարտուղարը՝ Աղուն Հազրյանն էլ այն ժամանակ ասում էր, որ Գառնառիճը կա, բայց հետո իմացա, որ ջերմոցը որոշել են կառուցել Զորակերտում՝ պատճառաբանությամբ, թե Գառնառիճում արեւը ուշ կելնի: Այսինքն համայնքի ղեկավարը որոշել էր, որ արեւը մեր մոտ քիչ կմնա, Զորակերտ՝ ավելի երկար, դրա համար էլ հարմար են գտել ծրագիրը տեղափոխել»,-նկատում է Նաիրա Աբրահամյանը:

Ավագանու անդամին անհանգստացնում է նաեւ ավագանու այս տարվա փետրվարի 21-ի նիստում ընդունած որոշումը, որով համայնքի ղեկավարին վերապահվում է իրավունք մինչեւ 30 հազար դրամի հասնող սոցիալական օգնության տրամադրումը կատարել առանց ավագանու անդամների համաձայնության, ինչպես նաեւ մինչեւ 2 մլն դրամ ծախս պահանջող աշխատանքների իրականցումը:

«Դուք այդտեղ կոռուպցիոն ռիսկ չեք տեսնու՞մ,-հարցնում է Նաիրա Աբրահամյանը,-ես, օրինակ, տեսնում եմ ու մենակ կոռուպցիան չէ, նաեւ մարդկանց բերանները փակելու, լավություն անելու շատ լավ եղանակ է: Վաղը մյուս օրն օգնություն ստացած մարդն ասելու է՝ բա, Մերգելը մեզ օգնեց, որովհետեւ իրեն թվալու է, որ համայնքի ղեկավարն իր գրպանից տվեց օգնությունը, որովհետեւ դրանք չի դրվելու ավագանու նիստի քննարկման, էդ բնակիչն էլի չի հասկանալու ավագանու դերն ու գործառույթն ընդհանրապես, կամ ի՞նչ է նշանակում միանձնյա տնօրինել, թե ուր պիտի ուղղվի 2 մլն դրամը: Ես այդ նիստից բացակայել եմ, որ ներկա լինեի, իհարկե դեմ էի քվերակելու, բայց դե ավագանու 5 անդամը ներկա են եղել ու կողմ են քվեարկել: Ես հաշվել եմ, դա իմ հաշվարկն է, որ մեկ տարվա ընթացքում 36 մլն դրամ է ծախսվել բյուջեից ու դա ոչ մի տեղ արտացոլված չէ: Իմ կարծիքով ոչ տեղին ծախսեր էլ են արել, օրինակ մարտի 8-ին բյուջեից ռեստորանին փոխանցած 300 հազար դրամը»:

Նաիրա Աբրահամյանը պնդում է, որ խոշորացումից հետո բավական տհաճ վիճակում են հայտնվել այն մարդիկ, ովքեր կողմ չեն քվեարկել Մերգել Ղարիբյանի օգտին, ընդհուպ մինչեւ նպաստից զրկվելը:

«Կոնկրետ Գառնառիճում կա ընտանիք, որ լավ էլ ունեւոր է, բայց դարձել է նպաստառու, իսկ ունենք բազմանդամ, խեղճ ընտանիք, ինչ է, թե մարդիկ քվեարկել էին Վանիկ Մանուկյանի օգտին՝ զրկվել են նպաստից»:

Արդյո՞ք Նաիրա Աբրահամյանի բարձրաձայնումները չունեն նեղ անձնական դրդապատճառներ(Գառնառիճը վերջին 5 տարին ղեկավարում էր Նաիրա Աբրահամյանի փեսան՝ Վանիկ Մանուկյանը, որ ընտրությունների ժամանակ Մերգել Ղարիբյանի հիմնական մրցակիցն էր):

«Ոչ,-նկատում է զրուցակիցս,-ես շատ կառուցողական մարդ եմ: Եղել է ընտրություն, պարտություն ենք կրել, բայց դա չի նշանակում, թե պիտի հավերժ հիշենք, թե ով ում է ձայն տվել ու դրանից տուժի մի ողջ բնակավայր: Ես որպես ավագանու անդամ միշտ պատրաստակամություն եմ հայտնել թեւ ու թիկունք լինել համայնքի ղեկավարին, ծրագրեր եմ առաջարկել, փորձել եմ համագործակցության եզրեր գտնել, սակայն առայժմ որեւէ հաջողություն չենք գրանցել: Միակ ծրագիրը, որը Գառնառիճում էս տարի արել են կիսատ-պռատ ու որից ես՝ գոնե ավագանու անդամ, տեղյակ չեմ եղել, հուշաղբյուրի ջրագծի նորացումն է, որի կարիքն իմ կարծիքով չկար, մեկ էլ էդտեղ դրված բիսետկի տանիքը: Էդ ամբողջի համար բյուջեից 360 հազար դրամ են ծախսել: Բայց գուցե մի հատ հարցնեին, գուցե գառնառիճցիք ուրի՞շ խնդիր կուզենային լուծել»:

Նաիրա Աբրահամյանը Արփի համայնքը համեմատում է հարեւան Ամասիա խոշորացված համայնքի հետ եւ ստացված արդյունքը սեփական համայնքի օգտին չէ: Ըստ զրուցակցիս, Ամասիայում խոշորացման դրական արդյունքներն առավել ակնհայտ են, քան Արփիում: Ավագանու միակ կին անդամի կարծիքով համայնքների խոշորացման հիմքում «ուժեղ ավագանի» հասկացությունն եւս տապալված է Արփիում: Ավագանու 7 անդամներից ինքը միակն է, որ նիստին դրված հարցերի շուրջ բանավեճ է ծավալում, փորձում է հասկանալ դրանց կարեւորությունն ու առանց կաշկանդվելու դեմ քվեարկում:

«Բայց ոչ բոլոր նիստերին եմ կարողանում մասնակցել: Եղել է դեպք, որ նիստի մասին իմացել եմ նախորդ օրը երեկոյան, եղել է որ օրակարգն ուղարկել են՝ նախագծերը չեն ուղարկել: Ավագանու անդամներից ամեն մեկն ինչ որ կախվածություն ունի համայնքի ղեկավարից՝ մեկն իր կաթի ավտոյի վարորդն է, էն մյուսի հորը վարձակալությամբ տրակտոր է տվել, էն մեկին բյուջեից վիրահատության փող եւ այլն: Ստացվում է, որ մենակ ես եմ դեմ խոսում,-ասում է Նաիրա Աբրահամյանը,-հիմա որոշել եմ բոլոր հարցերիս պատասխանները ստանալ գրավոր դիմումի միջոցով»:

2018թ-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած նիստին ավագանու անդամներից մասնակցել են Արթուր Աբգարյանը, Մուշեղ Աբգարյանը, Վիլյամ Ախցխեցյանը, Անդրեյ Դավիթյանը, Փայլակ Նանոյանը: Անդամներից երկուսը բացակայել են, այդ թվում եւ Նաիրա Աբրահամյանը: Ներկա ավագանիները միաձայն կողմ են քվեարկել համայնքի ղեկավարին մինչեւ 30 հազար դրամի հասնող սոցիալական օգնության տրամադրումն, ինչպես նաեւ մինչեւ 2 մլն դրամ ծախս պահանջող աշխատանքներն առանց ավագանու անդամների համաձայնության իրականացնելու որոշման օգտին:

Աշխատակազմի քարտուղար Աղունիկ Հազրյանի փոխանցմամբ, նույն որոշումն իրենք ընդունել են նաեւ անցած տարի:

«Դա համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների մեջ է մտնում, ինչ կոռուպցիոն ռիսկի մասին է խոսքը,-նկատում է Աղունիկ Հազրյանը,-այո, մինչեւ 30 հազար դրամ աջակցություն տրամադրելը միանձնյա որոշում  է համայնքապետը, հենց դարձավ ասենք 35 հազար դրամ՝ դրվում է ավագանու նիստի քննարկմանը»: Համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանն անցած 8 ամիսների ընթացքում արդեն հասցրել է 250 հազար դրամի աջակցություն բաժանել, առանց ավագանու որոշման: Այս ընթացքում ընդամենը մեկ անգամ է աջակցություն տրամադրելու հարցը դրվել քննարկման, երբ երկու ազատամարտիկի 50 հազարական են տրամադրել ծովափնյա հանգստի համար:

2017թ-ին սոցիալական աջակցության գումարը կազմել է 500 հազար դրամ, որ բաշխվել է եւ ավագանու որոշմամբ, եւ համայնքապետի: Ավագանու անդամներից Փայլակ Նանոյանին եւս անցած տարի տրամադրվել է սոցիալական աջակցություն 50 հազարի չափով՝ երկու էտապով, որպես աջակցություն՝ վիրահատությունից հետո դեղորայք ձեռք բերելու համար:

Արփի խոշորացված համայնքի բյուջեն 72 մլն 664 հազար դրամ է, որից 31 մլն 779 հազար դրամը պետական դոտացիան է, աշխատավարձի ֆոնդը կազմում է 47 մլն 258 հազար դրամ: Համայնքապետարանը 32 նախատեսված աշխատողի փոխարեն ներկայում ունի 22 աշխատող՝ 33 մլն 408 հազար դրամ աշխատավարձային ֆոնդով: Համայնքային ենթակայության տակ գործող ոչ մի ՊՈԱԿ չկա(մանկապարտեզ, սպոտի եւ արվեստի դպրոց): Ստացվում է, որ բյուջեի մոտ կեսը ծախսվում է աշխատավարձի վրա, իսկ մյուս կեսով համայնքը պարտավոր է իրականացնել ճանապարհների, ջրագծերի պահպանման(Արփի համայնքի ջրի ցանցը հանձնված չէ «Վեոլիա»-ջրին ), վերանորգման եւ բնակավայրերի զարգացման ծրագրեր: Բյուջեի 3 տոկոսն էլ, ըստ ՏԻՄ օրենքի, համայնքի ղեկավարն ու ավագանին կարող են «ծախսել» սոցիալական աջակցության նպատակով:

«Մենք անցած տարվանից 12 մլն-ի խնայողություն ունեինք, որ այս տարի ենք ծախսել,-ասում է Մերգել Ղարիբյանը,-հետո էնպես չէ, որ կարողանում ենք բյուջեն 100 տոկոսվ կատարել, չհաշված, որ նախորդների թողած ապառքներն էլ դեռ լրիվ չենք հավաքել: Պիտի գումար լինի, որ կարողանանք ծրագրեր իրականացնել՝ 28մլն ապառքով եմ ընդունել գյուղերը: Երեք տարվա մեջ մոտ 5 մլն տրամադրել ենք ճանապարհների հարթեցմանն ու փոսալցմանը, 5,5 մլն տվել բյուջեից գրեյդեր ենք առել, գիշերային լուսավորության հարց ենք լուծել բոլոր գյուղերում, բացի Շաղիկից, որ պլանավորել ենք առաջիկայում անել, մոտ 100 կետ ունենք քաշած բոլոր 8 գյուղում: Գառնառիճում էս տարի հուշաղբյուրի ջրի հարցն ենք լուծել 362 հազար դրամ տրամադրել 300 մ խողովակ ենք փոխել, բայց աշխատանքները կիսատ են, դեռ չենք ավարտել: Ալվարում արարողությունների սրահն ենք հիմնանորոգել 1 մլն 70 հազար դրամով, Արդենիսի սրահի դուռն ու լուսամուտն ենք փոխել, Բերդաշենում ու Զորակերտում էլ ունենք արարողությունների սրահ, դրանց համար հատկացրել ենք 8 մլն դրամ, բայց փոխադրել ենք 2-րդ փուլ»:

Համայնքն ունի աղբահանության խնդիր, սակայն աղբատար մեքենա չեն կարող գնել: Աղունիկ Հազրյանն ասում է, որ ստիպված կլինեն ծախսել մեկ տարվա բյուջեն, քանի որ աղբատար մեքենայի արժեքը տատանվում է 30-35 մլն դրամի սահմաններում, բացի դրանից պետք է ձեռք բերեն նաեւ աղբաններ, որոնք եւս գումար արժեն: Փոխհամայնքապետ Սամվել Թանգամյանը խոսում է մասնագետների բացի մասին, նշում, որ չեն կարողանում լրացնել գյուղերում առկա օպերատորների թափուր հաստիքները:

«Անընդհատ մրցույթ ենք հայտարարում,-ասում է փոխհամայնքապետ Սամվել Թանգամյանը,-երիտասարդները չեն ուզում 60-70 հազար դրամով աշխատել կամ էլ ուզում են, սակայն մրցույթի պահանջներին չեն բավարարում: Համայնքապետարանի առաջին հարկում գտնվող սպասարկման կենտրոնում էլ թափուր աշխատատեղ ունենք ու չենք կարողանում լրացնել: Գյուղերի երիտասարդությունն հիմա քաղաք է ձգտում, չեն ուզում գյուղում մնալ»,-նկատում է զրուցակիցս:

Խոշորացված համայնքի ղեկավարումը ստանձնած պատասխանատուները չեն մոռանում նշել նաեւ միջազգային կառույցների կողմից ծրագրով տրամադրված գյուղտեխնիկայի մասին, որի մի մասն են ընդամենը ստացել:

«Ըստ ծրագի պետք է հատկացնեին 160 մլն դրամի տեխնիկա, այս պահին համայնքը ձեռք է բերել 65 մլն 910 հազար դրամի տեխնիկա: Ծրագրով համայնքի մասնակցությունը 4 տոկոս է, ձեռք բերած տեխնիկայի համար փոխանցել ենք 1 մլն 873 հազար դրամ:  Դեռ պետք է գնենք հացքաղ կոմբայն, բեռնատար ինքնաթափ, եւս մեկ տրակտոր, պարարտանյութի ցրիչ, հողի ֆրեշ»:

Համայնքների խոշորացման ծրագրով պետք է բոլոր ընտրված կենտրոններում ստեղծվեր գյուղտեխնիկայի պարկ, սակայն Շիրակի մարզում առաջին փուլով խոշորացված ոչ մի համայնքում առայժմ նման կենտրոնացում չկա: Նաիրա Աբրահամյանի պնդմամբ Արփի համայնքի ողջ գյուղտեխնիկան գտնվում է համայնքի ղեկավարի տան բակում: Ավագանու անդամի կարծիքով նման գործելակերպն էլ է իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակում:

«Մեկ տարվա մեջ էդ տունը սարքեց, պարիսպն էլ քաշեց, տեխնիկան էլ տարավ լցրեց բակը, որ տեսնող չլինի, թե ում  է տալիս, ով է քշում կամ ուր գնաց էդ տեխնիկան: Ես համարում եմ, որ Արփի համայնքի ղեկավարի գործունեությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,-ասում է Նաիրա Աբրահամյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter