
Ոստիկանությունն առաջարկում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել 2 տարով
Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել 2 տարով՝ 2019թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
Ոստիկանությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ։
Նշենք, որ այս օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը Հայաստանի քաղաքացիներին տրամադրվելու է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, որից հետո Հայաստանի քաղաքացիներին պետք է տրամադրվեին բացառապես կենսաչափական անձնագրեր:
Ոստիկանության փոխանցմամբ՝ 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Սակայն կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման պայմանագիր կնքելու համար գնման ընթացակարգը դեռևս ավարտված չէ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հայտարարված մրցույթի իրականացման և հաղթող կազմակերպություն ունենալու դեպքում համակարգի հետագա տեխնիկական շահագործումն ապահովելու նպատակով դեռևս լրացուցիչ ժամանակ կպահանջվի, այդ իսկ պատճառով նպատակահարմար է հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
«Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնելն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը»,- գրված է փոփոխությունների հիմնավորումներում։
Մեկնաբանել