HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին՝ հայտարարության փոխարեն հրապարակեք բաժնետերերի անունները

Երեկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը

Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»։

Ընկերությունը այս հայտարարությունն արել է «Հետքի» հարցումից հետո։ Սակայն մեր հարցմանը պատասխանելու փոխարեն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն որոշել է տարածել այս հայտարարությունը։

Հայտարարության մեջ, թերեւս, մի կոպիտ սխալ կա. այնտեղ նշված է, որ վերջերս որոշ լրատվամիջոցներ գրել են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի ընկերությունում։ Այս մասին գրվել է ոչ թե «վերջերս», այլ վերջին 10 տարիներին պարբերաբար, եւ երբեւէ  այդ տարիների ընթացքում ընկերությունը չի հերքել այդ տեղեկատվությունը։

Հայաստանի օրենսդրությամբ ՓԲԸ-ների բաժնետերերի տվյալները հնարավոր է ձեռք բերել միայն բաժնետերերի համաձայնության դեպքում։

Քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` բաժնեմաս չունենալու փաստը հաստատելու համար, առաջարկում ենք տալ համաձայնություն Կենտրոնական դեպոզիտարիատին` հրապարակելու ընկերության բաժնետերերի անունները:

Բացեք «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ի փաստաթղթերը եւ հրապարակեք բաժնետերերի անունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter