Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև Շառլ Ազնավուրի հարցազրույցի մասին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողների հարցերին արտաքին քաղաքական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին
Հարց. Պարոն նախարար, տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են հաղորդում, որ առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը, և չեք կարծու՞մ, որ սա կլինի նման ձևաչափով վերջին հանդիպումը:
Պատասխան. Այո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի համապատասխան պատշաճ ժամկետներում, երբ կողմերը հարմար կհամարեն: Ինչ վերաբերում է այս ձևաչափին, ապա այն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը, ու կարծում եմ, անգամ վստահ եմ, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են:
Հարց. Հարցս վերաբերում է Իրանի շուրջ մեծացող լարվածությանը՝ կապված Արևմուտքի պատժամիջոցների խստացման հետ: Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը, և հնարավոր ռազմական սպառնալիքի դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի մոտեցումը:
Պատասխան. Գիտեք, որ Հայաստանը միշտ արտահայտվել և արտահայտվում է Իրանին և Իրանի միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերի խաղաղ ճանապարհով, երկխոսության, բանակցությունների միջոցով լուծմանը: Եվ այս մասին մենք արտահայտվել էինք նաև անցյալ դեկտեմբերին` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան այցելության ընթացքում, և այսօր էլ կարող ենք վերահաստատել այն, ինչ ասվել էր այդ այցելության ժամանակ:
Հարց. Պարոն նախարար, անցյալ տարվա ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Ինչո՞ւ այն դեռևս իրականություն չի դարձել: Եվ երկրորդ հարցը. ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովը, շուտով քննարկվելու է նաև Սենատում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն այս իրադարձության վերաբերյալ:
Երկրորդ հարցից սկսենք: Նախևառաջ ասեմ, որ Հայաստանը բարձրագույն ղեկավարության մակարդակով իր գնահատանքն էր հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը, Ազգային ժողովին, ժողովրդին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց համապատասխան նախագիծը: Այսօր այդ նախագիծն ընդգրկված է Սենատի օրակարգում:
Այն փաստարկները, որոնք հնչում են թուրքական կողմից այս օրենքի ընդունման դեմ, մեղմ ասած, թույլ, սին փաստարկներ են:
Երբ ասում են, որ այս գործընթացը կամ այս օրենքը կարող է խոչընդոտել, խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախևառաջ մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ երկրորդը՝ եթե ինչ-որ բան խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դա թուրքական կողմի կեցվածքն է, ինչը հայտնի է միջազգային հանրությանը, և հենց այդ պատճառով է, որ ասվում է՝ գնդակը գտնվում է թուրքական կողմում:
Իսկ այն փաստարկները, թե իբրև Թուրքիայում ինչ-որ տնտեսական շահեր կան, որ Թուրքիան ինչ-ինչ դեր կարող է խաղալ տարածաշրջանային այս կամ այն հարցում, և եթե այս օրենքը ընդունվի, կարող է խոչընդոտել դրանց, կարծում եմ, որ սրանից մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս: Ոչ միայն շանտաժ է, այլև ուզում են ինչ-որ մի բանով առնել:
Բայց նախևառաջ այս օրենքի նախագիծն ընդունվում է՝ ի կատարումն 2008թ. նոյեմբերի 28-ին Եվրամիության խորհրդի ընդունած շրջանակային որոշման: Եվ չեմ կարծում, որ համամարդկային արժեքները կարող են թուրքական կողմից հնչող փաստարկներին ստորադասվել:
Շփման գծում միջադեպերի քննության վերաբերյալ: Այո, դուք ճիշտ եք, այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել անցյալ տարի` մարտին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Համապատասխան հայտարարություն էր արվել այդ կապակցությամբ, և այս պայմանավորվածությունը լիակատար աջակցություն էր ստացել միջազգային հանրության կողմից:
Սակայն մինչ օրս դա չի իրականանում, որովհետև ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է դրա իրականացմանը և խանգարում է եռանախագահների կողմից հենց այս նպատակով մեխանիզմի ստեղծման առաջարկներին: Ադրբեջանական կողմից հնչում է, թե ընդհանրապես այսպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, թե իբրև այդպիսի առաջարկներ ընդհանրապես չեն արվել: Այստեղ մեկնաբանությունները, կարծեմ, ավելորդ են:
Վերջերս՝ դեկտեմբերին, ադրբեջանական կողմն ինքն իրեն մեկուսացրեց՝ ևս մեկ անգամ դուրս գալով միջազգային հանրության դեմ: Երբ քննարկվում էր ԵԱՀԿ բյուջեն, և եռանախագահները առաջարկեցին համապատասխան հատկացումներ տրամադրել այս մեխանիզմի ստեղծման համար, Ադրբեջանը դեմ դուրս եկավ, իսկ երբ աջակցություն չստացավ, սպառնաց անգամ վետո կիրառել ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա:
Եվս մեկ անգամ ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են հրաժարվում, հետ են կանգնում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել հենց իրենց մասնակցությամբ:
Հուսով եմ, որ բանակցությունները կշարունակվեն և բոլորի կողմից բարձր գնահատվող այս առաջարկը, որը կարևոր մեխանիզմ կարող է լինել ոչ միայն հետաքննությունների իմաստով, այլև նոր միջադեպերի կանխարգելման առումով, կիրականացվի:
Հարց. Պարոն Նալբանդյան, Ձեր դեսպաններից մեկը վերջերս հարցազրույց էր տվել ռուսական լրատվամիջոցներին, խոսքս Շառլ Ազնավուրի մասին է: Այնուհետև հայտնի է, որ ավելի ուշ հերքվեց հայտարարությունը, բայց փորձե՞լ եք արդյոք ամեն դեպքում քննարկել այս հարցը նրա հետ կամ խոսե՞լ եք նրա հետ այս առնչությամբ:
Այս կապակցությամբ Շառլ Ազնավուրը ինքն էր հերքել, և դրան ավելացնելու ոչինչ չկա: Շահարկումներ էին արվել, քաշքշուկներ, թե ինչ է ասել Շառլ Ազնավուրը: Շառլ Ազնավուրը, ինչպես ինքը հայտարարեց, այդպիսի բան չի ասել: Եվ այն կոնտեքստը, և այն ձևակերպումները, որը ինքն էր օգտագործել, այդ բնույթը չէին կրում:
Հարց. Պարոն Նալբանդյան, Ձեր խոսքում կան բազմաթիվ ձեռքբերումների մասին հիշատակումներ: Ուզում եմ՝ ասեք, թե որն է գոնե մեկ բացթողումը մեր արտաքին քաղաքականության մեջ 2011թ.:
Իհարկե, եթե մենք հասնեինք Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, կլիներ իսկապես շատ լուրջ ձեռքբերում: Եթե այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, և ինչպես ասացի, մեր դիրքորոշումները այսօր համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ես կասեի ավելին՝ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշումներին, իհարկե, դրական է և կարևոր զարգացում: Բայց խաղաղ կարգավորումը դեռ չի գտնվել, և դա մեր գլխավոր նպատակներից է:
Այսպիսի բավական կարևոր և հավակնոտ նպատակներ, ինչպես մանրամասն ներկայացված է մեր հաշվետվության մեջ, ունենք: Ես դրանց մասին ասացի իմ ներածական խոսքում: Իհարկե, սա շարունակական գործընթաց է ոչ միայն այն իմաստով, որ ինչ-որ նպատակ է դրվում, և դրան հասնում ենք: Դիվանագիտությունը հենց նրա համար է, որ դրված նպատակների իրականացման համար պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրվեն, շատ ավելի ակտիվ աշխատանք, օրինակ՝ հարաբերությունները կարգավորելու այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք խնդիրներ:
Իսկ դուք գիտեք, որ նույն Թուրքիայի ուղղությամբ կարևոր քայլեր էին ձեռնարկվել հարաբերությունների կարգավորման համար, բայց այսօր նորից մեր մոտեցումները ըմբռնումով են ընդունվում միջազգային հանրության կողմից, և ասվում է, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում, և Հայաստանը անցել է իր ճանապարհ, և Թուրքիան պետք է անցնի իր ճանապարհը և անի այն, ինչ խոսք էր տվել միջազգային հանրությանը:
Եվ այսպես՝ տարբեր ուղղություններով:
Հարց. Պարոն նախարար, 2012-ին արտաքին քաղաքականության առումով ինչ հիմնական իրադարձություններ և գործընթացներ կառանձնացնեք: ԱԳՆ 2011թ. հաշվետվության մեջ նշված է, և դուք էլ հաստատեցիք, որ բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ: Շատ ընդհանուր հաստատում է, գուցե ինչ-որ իրադարձություններ առանձնացնեք: Ինչպե՞ս բարձրացավ կամ ինչպե՞ս չափվեց:
Պատասխան. Այդ գլխավոր իրադարձությունները ես նշեցի: Ցանկանում եք՝ նորի՞ց հիշատակեմ: Կխնդրեի կարդաք այն փաստաթուղթը՝ ամփոփումը, որ ձեզ ներկայացվել է: Իսկ այն, որ Հայաստանը այսօր շատ ավելի հուսալի գործընկեր է, և որ մեր արտաքին քաղաքականության ուղին ըմբռնումով է ընկալվում միջազգային հանրության կողմից, միայն ես չեմ հայտարարում, այլ բազմաթիվ արտաքին գործերի նախարարներ, որոնք եղել են Հայաստանում, ձեր ներկայությամբ մամուլի ասուլիսների ժամանակ դրա մասին բազմիցս ասել են:
2012 թվականին, իհարկե, մենք շարունակելու ենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ առավել ամրապնդելու հարաբերությունները մեր դաշնակից, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, առավել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Եվրոպական ուղղությամբ կարևոր քայլեր են սպասվում, որովհետև սկսում ենք բանակցություններ արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ, և հուսով եմ՝ եկող տարվա ընթացքում այդպիսի պայմանավորվածություն ձեռք կբերվի, և դրանից հետո նոր էջ կբացենք արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Նաև գալիք տարի հուսով ենք (և կարծում եմ՝ այդպես էլ կլինի), որ կսկսվեն Եվրոպական միության հետ բանակցությունները խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ, և եթե այսօր մենք փակել ենք քսան գլուխ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, նշանակում է, որ մոտենում ենք եզրափակիչ փուլին՝ Ասոցացման համաձայնագրի կնքման իմաստով:
Մինչև այստեղ գալը ձեր գործընկերներից մեկն ինձ ասաց, որ Եվրոպական միությունը սպասեց, որ մինչև Ադրբեջանն էլ պատրաստ կլինի, նոր միայն հաստատեց վիզաների դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մանդատը: Դա թողնենք Եվրոպական միությանը՝ մեկնաբանելու. սպասեց, թե չսպասեց, ինչպես ստացվեց, որ այսքան ձգվեց: Իրականում Եվրոպական միությունը դեռ մեկ ու կես տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները բանակցային գործընթացը սկսելու համար:
Փաստացի իրավիճակն այն է, որ ասոցացման համաձայնագրի բանակցությունների գործընթացում Ադրբեջանը մեր փակած քսան գլուխներից դեռ կեսն էլ դեռ չի փակել:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Կարևոր ուղղություն է լինելու նաև իմ նշած այնպիսի երկրների հետ հարաբերությունները, որտեղ անցյալ տարի բավական մեծ զարգացումներ են եղել՝ չինական, Հնդկաստանի, Ճապոնիայի, լատինաամերիկյան, ասիական ուղղությամբ: Այդ ուղղություններին մենք հատուկ ուշադրություն ենք տալու 2012 թվականին:
Արաբական աշխարհի հետ մենք ունեցել ենք ավանդական բարեկամական ջերմ հարաբերություններ, չնայած որոշ արաբական երկրներում ընթացող իրադարձություններին: Մենք ջանքեր ենք գործադրում և գործադրելու ենք, որ այդ ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցության բարձր մակարդակը պահպանվեն: Կարծում եմ, որ մենք նոր քայլեր կանենք այդ ուղղությամբ:
ՀԱՊԿ շրջանակներում, որը Հայաստանի կարևոր անվտանգության բաղադրիչ է, մենք ջանքեր ենք գործադրելու ավելի ակտիվ ներգրավվածության և այդ կազմակերպության ամրապնդման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվելու միջազգային կազմակերպությունների շրջանակներում և նաև միջազգային գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության համար:
Այս տարվա առաջին կեսին սպասվում են երկու խոշոր միջազգային հանդիպումներ ամենաբարձր մակարդակով: Խոսքը Սեուլում միջուկային անվտանգությանը վերաբերող գագաթաժողովի և Ռիո-20՝ Ռիո դե Ժանեյրոյում սպասվող մեծ գագաթաժողովի մասին է: Այս գործընթացներում մենք նախապատրաստական աշխատանքներ ենք սկսել այս ուղղություններով: Կարող եք մանրամասն ծանոթանալ մեր կայքում տեղադրված ամբողջական ամփոփմանը:
Հարց. 2012թ. բյուջեով նախատեսվա՞ծ է արդյոք նոր դեսպանատների բացում և ո՞ր երկրներում:
Պատասխան. 2012 թվականին բյուջեով չի նախատեսվում նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացում: Չնայած, եթե լինի անհրաժեշտություն, և համապատասխան որոշում լինի, ապա աշխատանքներ կկատարվեն նոր դեսպանատների բացման ուղղությամբ, մենք կդիմենք կառավարությանը, և վստահ եմ, որ այդպիսի հնարավորություններ կգտնվեն:
Հարց. Իսկ Եվրասիական միության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն է:
Պատասխան. Այս կապակցությամբ կարծիքների փոխանակման, քննարկման փուլ է: ԱՊՀ շրջանակներում և ԵվրԱզԷՍի շրջանակներում հանդիպումների ժամանակ սա քննարկումների կարևոր նյութ էր: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլինեն նոր հանդիպումներ թե նախարարական, թե ավելի բարձր մակարդակներով, որպեսզի հստակեցվեն երկրների մոտեցումները, և նախանշվեն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել