HY RU EN

Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր և ղեկավար Հայկազ Խաչատրյան

սկիզբը

Հայկազ Կարոյի Խաչատրյանը ծնվել է 1919 թվականին, Երեւանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1939-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Մասնակցել է սովետա-ֆիննական, ապա՝ երկրորդ համաշխարհային պատերազմերին։ Պարգեւատրվել «Խիզախության համար» եւ «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով: Պատկանում էր այն հայերի թվին, ովքեր կարծում էին, եթե նվիրվածությամբ ու խիզախորեն կռվեն Խորհրդային Միության համար, ապա Խորհրդային Միությունը գնահատելով իրենց ծառայությունները պատերազմի ավարտին կմտնի ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիայի տարածք եւ Խորհրդային Հայաստանին կվերադարձնի կորսված հայկական տարածքները։

1945-ին՝ զորացրվելուց հետո, շարունակում է ուսումը Երեւանի գեղարվեստի ինտիտուտում։ Ավարտելուց հետո մի քանի տարի որպես նկարիչ աշխատել է Մոսկվայում, այնուհետեւ Հայաստան է տեղափոխվել։

1966 թ. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ Կոմիտասի անվան զբոսայգում մի խումբ ցուցարարների հետ միասին ձերբակալվել եւ 15-օրյա կալանքի է ենթարկվել: Կալանավայրում էլ ծանոթացել է իր ապագա համախոհներ Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի հետ: Ազատ արձակվելուց հետո նրանք երեքով հիմնադրել են Ազգային միացյալ կուսակցությունը: Խաչատրյանն է գրել կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը: Ինքն էլ հանդիսացել է կազմակերպության ղեկավարը։ 1967-68 թթ․ ԱՄԿ-ն արդեն բազմամարդ եւ իրարից անկախ մասնաճյուղերով գործող ընդհատակյա կառույց էր։

Համախոհների հետ միասին 1967-ի ապրիլին՝ Եղեռնի օրվան ընդառաջ, կազմակերպել է «Փարոս» թռուցիկի, իսկ հոկտեմբերին «Փարոս» թերթի տպագրությունը եւ տարածումը: Գրել է ինչպես թռուցիկի, այնպես է թերթի համար հոդվածներ։ Տպագրական գործընթացի մասին այսպես է պատմում Շահեն Հարությունյանը․ «Հայկազը ցինկի վրա յուղաներկով գրում էր պահանջվող տեքստի թարս` հայելային տառերը, ազոտական թթվի մեջ ցինկը քայքայում էր, այնպես` որ ներկոտ մասը մնում էր, ես ու Ստեփանը, կլիշեի վրա հավաքելուց հետո, քսում էինք տպագրական  ներկը,  լիսեռով  անցնում  վրայից,  եւ  թռուցիկը  պատրաստ  էր:  Տպում  էինք Հայկազենց տանը»։

Կալանավորվել է 1968-ի հուլիսի 11-ին: Դատապարտվել է 5  տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրերում: Ազատ է արձակվել 1973-ին:  Չնայած ազատ արձակվելուց հետո գտնվել է ոստիկանական հսկողության տակ, բայց չի կտրել կապերը համախոհների հետ եւ շարունակել է իր գործունեությունը:

 

1977 թ․հունվարին Մոսկվայի մետրոյի պայթյունից եւ այդ կապակցությամբ ԱՄԿ հիմնադիր անդամ Ստեփան Զատիկյանի կալանավորումից հետո ՊԱԿ-ը վճռում է, որ ազատության մեջ գտնվող արդեն բացահայտված ԱՄԿ այն անդամները, որոնք որպես ԱՄԿ անդամ դատապարտվել ու ազատ են արձակվել, պետք է տարբեր պատրվակներով կալանավորվեն, իսկ ովքեր կալանավորված են եւ գտնվում են կալանավայրերում` չպետք է ազատ արձակվեն:

Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր 60-ամյա Հայկազ Խաչատրյանն առանցքային զոհերից մեկը պետք է լիներ: Պետանվտանգության կոմիտեի գործակալի մասնակցությամբ կազմակերպված սադրանքի արդյունքում 1978-ի նոյեմբերին նրան կալանավորում են` ՀԽՍՀ քր. օր.-ի 222-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 149 (քաղաքացիների անձնական գույքի դիտավորյալ ոչնչացում) հոդվածներով, իսկ դեկտեմբերին՝ դատապարտում 1,5 տարի ազատազրկման: ՊԱԿ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն էր` ոչ միայն հեռու պահել Հայկազ Խաչատրյանին Հայաստանից, այլեւ հատուկ մշակված դաժանագույն բանտային պայմաններով ու տեղից տեղ ձգվող երկարատեւ էտապներով քայքայել նրա առողջությունը: Նրանց հաշվարկներով` Հայկազ Խաչատրյանը չպետք է վերադառնար  կալանավայրից:  Ոչ  այնքան  մեծ  պատժաչափը  հնարավորինս  անտանելի դարձնելու նպատակով նրան տեղափոխում են Վորկուտա, Խորհրդային Միությունում քրեական հանցագործների համար նախատեսված ամենադաժան կալանավայրերից մեկը, այնուհետեւ` Սիկտիվկար, որտեղ նրա համար ստեղծում են հատուկ ծանր պայմաններ, ինչի հետեւանքով 60-ամյա Հայկազ Խաչատրյանի առողջությունը վերջնականապես քայքայվում է։

1980-ի ապրիլին, լիովին քայքայված առողջությամբ եւ կաթվածահար Խաչատրյանը վերադառնում է Հայաստան: Առողջական վիճակը այլեւս թույլ չեր տալիս ընդհատակյա գործունեությամբ զբաղվել։  Մինչեւ իր վախճանը (1989-ի սեպտեմբերի 27) Հայկազ Խաչատրյանը մեծ հեղինակություն էր վայելում հայ քաղբանտարկյալների ու այլախոհների շրջանում, իսկ ԱՄԿ-ականները նրան միշտ վերաբերվել են ընդգծված հարգանքով:

Վստահ ենք, որ կգա այն ժամանակը, երբ Հայկազ Խաչատրյանն իր արժանի տեղը կգրավի մեր նորագույն պատմության էջերում:

Պատմում են Հայկազ Խաչատրյանի մասին

Մեջբերումներն (առաջին մեջբերումից բացի) արված են 2005թ․ հրապարակված «Ես գնացի Կոմիտասի այգի» գրքույկից։ Գրքույկում 1966թ․ ապրիլի 24-ին՝ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Պանթեոնում հավաքված, ապա կալանավորված ուսանողները հիշում են իրենց ձերբակալում ու բանտարկությունը։

Շահեն Հարությունյան.  «Հայկազը չափազանց ռոմանտիկ անձնավորություն էր: Հռետորի ձիրք ուներ: Արագ բորբոքվում  էր:  Ինքը  նկարիչ  էր  եւ  ուներ  նկարչին  վայել խառնվածք: Երբեմն ապրում էր երազանքներով: Կարող էր առանց աչք թարթելու ասել` երեկ հանդիպել եմ Կոջոյանին: Անծանոթները կարող էին զարմանալ մեկի վրա, որը հայտարարում է, թե հանդիպել է վաղուց մահացած մեկին: Իսկ նա շարունակում էր պնդել, թե իր լավագույն ընկերները Նապոլեոնը, Ռեմբրանդտը կամ Կոջոյանն են: Ասում էր` նրանց հետ զրուցում եմ: Երբ կարդում եմ նրանց կամ նրանց մասին` դառնում են իմ ընկերները: «Փարոսը» տարածելուց հետո մի օր ասաց` երազ եմ տեսել, Գավառի սարերից  հսկայական  քարեր  էի  գլորում,  քարերը  դղրդյունով  լցվում  էին  անդունդը,  իսկ վերեւից մի հսկայական կարմիր արծիվ հարձակվեց ինձ վրա: Բռնեցի ու գլուխը պոկեցի: Արյան փոխարեն թարախ էր հորդում: Կարմիր արծիվն, ասում էր, կոմունիստներն են, իսկ հսկայական քարերի գլորումից առաջացած դղրդյունը «Փարոսի» առաջացրած աղմուկն է: Սա լավ նշան է, ասում էր, մենք հաղթելու ենք»:

Լրագրող-հրապարակախոս Գեղամ Քյուրումյան.  «Մեզ տեղավորեցին բանտաշենքերից մեկի առաջին հարկում: Այստեղ մի քիչ խաղաղվեցինք, արդեն գիտակցում էինք գլխներիս եկածը: Հատկապես ակտիվ էին Շահեն Հարությունյանն ու Ստեփան Զատիկյանը` կոմունիստ ղեկավարների ու պետանվտանգության աշխատակիցների մասին իրենց առարկություն չընդունող գնահատականներով: Նրանց համարձակությունն ինձ ներքուստ թե՛ ոգեւորում էր, թե՛ զգուշության դրդում: Շահենը 1980-ականներին արտաքսվեց ԽՍՀՄ-ից, հիմա ԱՄՆ-ում է, թերթ է հրատարակում: Ստեփան Զատիկյանը գնդակահարվեց  Մոսկվայի  մետրոյում  տեղի  ունեցած  պայթյունի  կազմակերպման կեղծ մեղադրանքով: Բանտախցում էլի մարդիկ կային, որոնց չեմ կարողանում հիշել:

Առաջին ճաշը լափ էր հիշեցնում, լուցկու հատիկներով միջի կարտոֆիլը հանում էինք` ուտում: Երկրորդ, թե երրորդ օրը համալսարանական հնգյակով մտածեցինք հացադուլ

անել: Հայկազ Խաչատրյանը, որ մեզանից տարիքով ավելի մեծ էր եւ ավելի պատասխանատու էր զգում, գնաց աղմուկ բարձրացրեց` սովից կմեռնեն երիտասարդները, պետք է միջոցներ ձեռք առնել»:

«Ես գնացի Կոմիտասի այգի», Երեւան 2005, էջ 12

 Պատմաբան, պատմ. գիտ թեկնածու Էդուարդ Բաղդասարյան.  «Էդտեղ էր նաեւ տարիքոտ, հաղթանդամ, իր նկատմամբ պատկառանք թելադրող մի նկարիչ, Հայկազ էր անունը. լռելյայն դարձավ բանտախցի ղեկավարը: Նրան լավ ծեծել էին, չէր դիմացել հայհոյանքներին, ձեռնամարտի էր բռնվել: …Ուտելիքը, հատկապես աղապատված ձուկը չէր ուտվում: Մի անգամ թղթի տոպրակով երշիկ, պանիր, քաղցրավենիք բերեցին: Հայկազի դատված ընկերն էր ուղարկել, երբ տեղեկացել էր` ընկերը բանտում է, կից խցերից մեկում»:

«Ես գնացի Կոմիտասի այգի», Երեւան 2005, էջ 55

Գեղամ Քյուրումյան.  «Անունդ հիշարժան, Հայկ Խաչատրյան․

Ճաղապատ ու ապակեզուրկ լուսամուտի տակ քայլելը նրա մենաշնորհն էր: Բանտախցում հայտնվածներիցս երեւի ամենաավագն էր` մթամած ու խորհրդավոր: Իրար հետ ցածրաձայն խոսող համալսարանականներս չկարողացանք առաջին հարցումից պարզել նրա ինքնությունը, ինքն էլ, կարծես, ներկայանալու որեւէ տրամադրություն- ցանկություն չէր ցուցաբերում: Միայն բանտախցի ամենաշատախոս Շահենն էր (կներես այս բառի համար, Շահեն), որ ասաց.

- Կարծեմ նկարիչ է` Հայկ Խաչատրյան:

1966-ի ապրիլի 24-ից սկսած, այդ համատեղ մեկշաբաթյա բանտարկությունից հետո` անցած երեք տասնամյակների ընթացքում ինձ հաճախ է հարգանք տածելու առիթ ընձեռվել քչախոս մարդկանց հանդեպ: Բայց որ պատկառանք զգաս գրեթե չխոսող մեկի նկատմամբ, երեւի չհանդիպած երեւույթ է: Ապրիլի 26-ից բանտախցում ծխախոտի սով սկսվեց: Կարծես միմյանց հետ պայմանավորվելով` ծխողներն իրենց վերջին հոգեպահուստ գլանակները հրամցնում էին նրան: Լռելյայն վերցնում էր ու խոժոռադեմ ըմբոստի իր ձիգ կեցվածքով չափում լուսամուտի տակի մեկ, մեկուկես մետր տարածքը: Երեկոյան կողմ լուսամուտի այն կողմում ինչ-որ խոսակցություններ լսվեցին, իսկ այն, ինչ կատարվեց մութն ընկնելուց հետո, ուղղակի հրաշք էր: Պատուհաններից մեկի ճաղերին հայտնվեց կեռիկ մետաղի կտոր, որի ծայրին կապված պարանը ձգվում էր դեպի դիմացի շինությունը: Բանտախցում շշուկ անցավ, որ այնտեղ քրեականներ են նստած: Չոր տախտակների վրա, աններքնակ, անվերմակ քնելու նախապատրաստվողներս դեռ չէինք հասցրել աչքներս կպցնել, երբ բանտախցի լուսամուտի մոտակա հատվածում թեթեւ աշխուժություն նկատվեց: Շատերս երկրորդ օրն արդեն շարունակվող թերսնման պատճառով չէինք կարողանում նիրհել, ոմանց տանջում էր ծխախոտի բացակայությունը: Եւ հանկարծ… բանտախցում հայտնվեցին ամենազոր ծխախոտն ու   շաքարի   տուփը:   Բոլորիս   տրամադրությունն   անմիջապես   փոխվեց.   Լռելյայն բանտախցի ավագ հաստատված Հայկ Խաչատրյանը բաժանեց ծխախոտը, իսկ ցուկոր-ռաֆինադի տուփը, մի տեսակ անփութությամբ, զիջեց չծխողներին: Շաքարահատիկներից առավել շատ օգտվելու մեկ-երկուսի ձգտումներն արժանացան մյուսների հանդիմանական հայացքներին:

Ապրիլի 27-ի առավոտյան տրամադրություններս այլեւս հուսալքվածի չէր: Արդեն

գիտեինք, որ մեր տեղը գիտեն, մեզանով հետաքրքրվողներ կան: Ետկեսօրյա բանտային հացը շաքարով ուտելուց հետո անգամ երգելու ցանկություն առաջացավ: Երգեցինք «Կիլիկիան», «Եղբայր եմք մեքը», «Օն անդր յառաջը»: Մեր ընտրյալի դեմքի խոժոռը կարծես նվազեց, հայացքում ջերմություն նշմարվեց: Թե ինչ էր կատարվում նրա հոգու մեջ, մեզ դժվար էր ենթադրել, բայց որ տրամադրող փոփոխություն նկատեցինք, անառարկելի իրողություն էր: Նա, կարծես, իր բանտախցում հայտնված գաղափարակիցների  ջոկատի  ստվարությունից  ներքին  հպարտություն  էր  ապրում,  ուրեմն`  ինքը միայնակ չէ, կա այդ գաղափարը, չի մեռել, ուրեմն` արժե հռչակել այդ գաղափարախոսությունը: Թող որ շատ թույլ հույսով, թող որ այս մի քանի անփորձ երիտասարդներով, բայց կա այդ ճախրելու կիրքը, անկախ գոյատեւելու տենչը…

Երեկոյան կողմ դիմացի շինությունից լսվեց մեկի ձայնը: Քրեական էր, որը ոչ ավել, ոչ  պակաս բղավեց.

-Արա՛ հայրենասերներ, մի երգ երգեք:

Երգերի մասնակիցներս միմյանց նայեցինք: Մենք` արդեն մեզ քաղաքական շարժառիթով բանտ նետված համարողներս, պետք չէ, որ ինչ-որ քրեական տարրի պատվերը կատարեինք: Չլսված ու չտեսնված բան: Բայց եւ նույն ակնթարթին մեզ բռնեցինք այն մտքի վրա, որ նրանք ավելի վատը չեն, քան մեր բանտապահները, որոնցից ոչ մեկը նախօրեին չընդառաջեց ծխողներիս աղերսին: Մենք բոլորս ակամայից նայեցինք նրա կողմը: Ըմբոստ հայացքը խնդրանքը կատարելու տրամադրող էր, եւ պատվերն ինքնաբերաբար կատարեցինք: Քանի որ խմբակային կատարումով էր հնարավոր մեր ձայնը հասցնել դիմացի շինություն, հնչեցրինք «Կիլիկիան», այնուհետեւ` մի այլ երգ: Քրեականները պարտքի տակ չմնացին եւ նույն երեկոյան մեզ հասցրեցին ծխախոտի եւ ցուկոր-ռաֆինադի հերթական խմբաքանակը, որը մեզ բավարարեց մինչեւ ապրիլի 29-ը` մեր անակնկալ ազատվելու օրը:

Անունդ  հիշարժան,  Հայկ  Խաչատրյան:  Ահա  տասնյակ  տարիներ  ես  մտովի

փնտրում եմ քեզ, գծագրում քո կերպարը եւ ամեն անգամ ակնածանքով մոտենում եւ նույն ակնածանքով հեռանում եմ քեզանից: Չլինի հանկարծ անզգույշ արտահայտությամբ խեղաթյուրեմ քո նկարագիրը, որը հոգուս մեջ դաջվել է: Քեզ բանտախցի ավագ հաստատելու մեր լռելյայն որոշումը հիմնավոր է եղել: Փառք Աստծո»:

«Ես գնացի Կոմիտասի այգի», Երեւան 2005, էջ 56

 

Շահեն Հարությունյան. «Հինգերորդ օրը` ճաշից հետո խցիկ մտավ հսկիչներից մեկը եւ հայտնեց, որ մեզ բոլորիս ազատ են արձակում, բացառությամբ Հայկազ Խաչատրյանի:

- Հայկազը ձերբակալության պահին դիմադրություն է ցույց տվել եւ հայհոյել է միլիցիայի պետին, - պատճառաբանեց հսկիչը:

Խցից դուրս էին կանչում սկզբից անուն-ազգանունները կարդալով, իսկ հետո փոխվեց ձեւը. հսկիչը բոլորիս հրավիրեց դուրս գալ միջանցք, բացառությամբ Հայկազ Խաչատրյանի: Բոլորս դուրս եկանք, միմյանց հրաժեշտ տվեցինք եւ բաժանվեցինք:

… Հայկը բացառիկ հատկություններով օժտված մարդ էր, նախ` բավականին ռոմանտիկ, մասնագիտությամբ` նկարիչ: 1939-ին ավարտել էր Սով. Հայաստանի նկարչական ակադեմիան (ինքն այդպես էր անվանում նկարչական ինստիտուտը), այսինքն` Սով. Հայաստանի նկարչական ինստիտուտի առաջին շրջանավարտներից էր, պատկանում էր հին սերնդին: Նա կխոսեր դասական արվեստի մասին ժամերով ու չէր հոգնի, եռանդուն էր ու տաքարյուն»:

«Ես գնացի Կոմիտասի այգի», Երեւան 2005, էջ 62