HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանի՝ 15 տարի առաջ ստորագրած հրամանագիրը հնարավոր է վիճարկել Սահմանադրական դատարանում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ ուզում եմ մարդկանց պատմել Ռոբերտ Քոչարյանի մի հրամանագրի մասին, որով նա 2003-ին «դատավորի պատմուճան հագավ» ու նոր՝ ցմահ ազատազրկման դատավճիռ կայացրեց այն ժամանակ դեռ 42 մահապատժի դատապարտվածներիս նկատմամբ: Այժմ ողջ են մնացել, եթե չեմ սխալվում, 28-ը, 14 դատապարտյալ մահացել է: 

Շատ իրավապաշտպաններ, իրավաբաններ համակարծիք են այս հարցում, որ Քոչարյանի հրամանագիրը իրավաբանական կազուս է առաջացրել: Ինքս մի քանի անգամ փորձել եմ վիճարկել այն, ստացել եմ մերժումներ: Վարչական դատարանն անգամ վարույթ չընդունեց իմ դիմումը: Հիմա, երբ համաժողովրդական շարժումը հաղթել է, մահապատիժ-ցմահականների խնդիրը կարող է հանգուցալուծվել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի «ներման» Ա-103 հրամանագրի սահմանադրականության հարցը վիճարկելով Սահմանադրական դատարանում: Բայց մենք դրա իրավունքը չունենք մեր Սահմանադրության և ոչ մի տարբերակով: Նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցի վիճարկման իրավասություն ներկայիս Սահմանադրությամբ ունի Կառավարությունը, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: Մինչև հեղափոխությունը, բնականաբար, նշածս պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները չէին դիմի Սահմանադրական դատարան: Իսկ հիմա իրավիճակն այլ է:

Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, ԱԺ պատգամավորներին՝ ասելով՝ Դուք կարող եք կոնկրետ իրավիճակ փոխել՝ Ռոբերտ Քոչարյանի Ա-103 հրամանագիրը վիճարկելով Սահմանադրական դատարանում: Իրավական բոլոր հիմնավորումները առավել մանրամասն կներկայացնեմ Կառավարություն, Նախագահի աշխատակազմ ու ԱԺ խմբակցություններ:

Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը որևէ առնչություն չի ունեցել ներման ինստիտուտի հետ

Ներման ինստիտուտի գաղափարը հենց այն է, որ կիրառվում է որպես մարդասիրական քայլ: Արդյունքում դատապարտվածը կամ ազատություն է ստանում կամ նրա վիճակը բարելավվում է, այսինքն` նրա պատիժն փաստացի մեղմացվում է: Ռ.Քոչարյանի ներման հրամանագրի հետևանքով մահապատժի դատապարտվածների վիճակը բացարձակապես չի բարելավվել. ինչպես մինչ «ներումը», այդպես էլ մինչ օրս շարունակում ենք գտնվել բանտախցում`այս անգամ արդեն ցմահ բանտարկյալի կարգավիճակում:

Ներկայացնում եմ իմ պատասխանատու հայտարարության հիմնավորումները

1992-ից սկսած մահվան դատապարտվածների նկատմամբ մահապատիժը այլևս չէր կարող կիրառվել, ինչն երաշխավորված էր 1992 թ. մարտի 2-ին  Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելով և մահապատժի վերաբերյալ մորատորիում հայտարարելով:

Ռոբերտ Քոչարյանի՝ հրամանագրի հրապարակման պահի դրությամբ ողջ մնացած 42 քաղաքացու նկատմամբ մահապատիժն այլևս կիրառվել չէր կարող, հետևաբար մահապատժից ներում շնորհելու որևէ անհրաժեշտություն չկար: Այլ կերպ ասած`առանց այդ «ներման» էլ մահապատժի դատավճիռները պատժի առումով պարտադիր պետք է վերանայվեին: Եվ դա պետք է արվեր շատ ավելի վաղ՝ դեռ մինչև 2003 թ-ը: Այսինքն՝ սկսած 1992-ից, երբ մորատորիում հայտարարվեց մահապատժի կիրառման նկատմամբ: Փոխարենը՝ 1992-2003 թթ.-ին դեռ շարունակում էին մարդկանց դատապարտել 1961 թ-ի քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերով: Շարունակում էին դատապարտել մահվան, առանց պատիժն ի կատար ածելու իրավունքի՝ փաստացի անձանց ենթարկելով մի պատժի, որը այլևս կիրառելի չէր: Ուղղակի մեզ բետոնե դագաղի մեջ էին թաղում՝ առանց դրսից սնունդ ստանալու, առանց տեսակցությունների, առանց զբոսանքի, առանց հիգիենայի տարրական պայմանների, պարբերաբար դաժան ծեծ ու ջարդի միջոցով`մարդկանց դանդաղ տանջամահի ենթարկելով:

Բայց ակնհայտ էր, որ նման իրավիճակը, երբ մահապատիժ չի կարելի իրականացնել, բայց կան մահվան դատապարտվածներ, չէր կարող երկար շարունակվել:

Հարցն այն է, որ նախագահն իրավունքն ուներ ներում շնորհելու միջոցով առհասարակ ազատություն պարգևել քաղաքացուն, բայց ոչ նոր պատիժ սահմանելու, քանի որ այն դատական իշխանության գործառույթ է, այսինքն, եթե նախագահն անմիջապես ազատություն չէր պարգևում, ապա ավելի մեղմ պատիժ արդեն դատարանը պետք է սահմաներ`օրենքին համապատասխան:

Մահապատժի դատապարտվածին ներում շնորհելու ընթացագարգը սահմանված է եղել ներման խնդրագրեր ներկայացնելու պահին գործող (դրանք ներկայացվել են 2003թ. հուլիսին)` 1961թ.-ին ընդունված քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածով, որի համաձայն մահապատիժը ներման կարգով ազատազրկման փոխարինելու դեպքում պատիժ չէր կարող նշանակվել ավելի, քան 20 տարվա ազատազրկման չափով:

Չկար որևէ օրենք, որով Հանրապետության Նախագահին իրավունք վերապահվեր քրեական պատիժ նշանակել, այն էլ՝ խախտելով քրեական իրավունքի սկզբունքների վրա հիմնված թե՛ մինչ ներման հրամանագրի օրը գործող և թե՛ նոր ընդունված քրեական օրենսգրքի այն պահանջը, որի համաձայն չի կարելի նշանակել մի պատիժ, որը նախատեսված չի եղել արարքի կատարման ժամանակ: Ներում շնորհելու դեպքում ոչ մի օրենքով չի վերացվում այն պահանջը, որի համաձայն պատժելիությունը որոշվում է դեպքի ժամանակ գործող օրենքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են դատարանները»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով եւ օրենքին համապատասխան»:

Վերը նշված իրավական նորմերը վերլուծելով՝ կարող ենք փաստել, որ 42 անձի նկատմամբ պատիժ նշանակելու իրավասություն ուներ միայն դատարանը, իսկ Նախագահի կողմից նման իրավասության իրականացումը հանգեցրել է այն ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 91-րդ հոդվածի պահանջների խախտմանը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները`Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Նախագահի հրամանագրով պատժի նշանակումն աննախադեպ երևույթ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայում, այլև Եվրոպայի Խորհրդի բոլոր պետություններում:

  • Նախագահը չի ունեցել ո՛չ սահմանադրական, ո՛չ էլ օրենսդրական որևէ լիազորություն և իրավասություն` արդարադատություն իրականացնելու համար:
  • Պատժի նշանակումը արդարադատություն իրականացնող մարմնի գործառույթ է, որն իրականացնելու ոչ միայն իրավասություն չունի նախագահը, այլ դա անթույլատրելի էր` իշխանությունների բաժանման մասին 1995 թ-ի Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով:

Ակնհայտ է դառնում, որ ներման ակտ կայացնելիս անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին ակնհայտորեն տրվել է հետադարձ ուժ և նշանակվել է ավելի ծանր, ավելի խիստ պատիժ`ցմահ ազատազրկում, քան կարող էր նշանակվել մահվան դատապարտվածին ներում շնորհելու կարգը սահմանող ՀՀ քր. օր.-ի 23 հոդվածի համաձայն, այն է`առավելագույնը 20 տարի ազատազրկում:

Մենք հուսով ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում վերջապես բոլորի համար և բոլորի նկատմամբ կսահմանվի իրավունքի գերակայություն, և բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, իսկ իրապես մարդասիրական մոտեցումը չի շրջանցի նաև մեզ`արդեն 3-րդ տասնամյակն անօրեն դաժանագույն պատժի ենթարկվածներիս:

 

Մեկնաբանություններ (3)

Մխիթար
Ազատեք էս տղուն այ անխիղճներ, պատրաստի իրավաբան է, բանտում ինչ օգուտ պիտի տա երկրին??
Մառա Ասլանյան
Ազատություն Մհեր Ենոքյանին։ Նա արժանի և օգտակար մեկն է մեր հասարակության համար։ Նա իր կրթությամբ, վարքի բարձր դրսեվորմամբ, առաքինությամբ ապացուցեց, որ արժանի է լինել ազատության մեջ և բարի գործեր անել մեր հանրության համար։
Մինաս
Այո, պետք է ազատել եւ իր փորձն ու դառն ուսումով ձեռք բերած գիտելիքներն օգտագործել: Որքան որ հիշում եմ, իր դատապարտման հանգամանքները 100% - ով հստակ ապացուցված չէին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter