HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Լրագրողական արվե՞ստ, թե՞ զրպարտություն. կորոշվի հունվարի 30-ին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատական նիստը:

Հայցվոր կողմի փաստաբան Անահիտ Սարդարյանը դատարանին ներկայացրեց գործի փաստական հանգամանքների վերաբերյալ պատասխանող կողմի առարկության դեմ հայցվորի դիրքորոշումը, որում ասվում էր, որ պատասխանողը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի N997 որոշմանը (համաձայն որի, պետք է տարանջատում դրվի փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև), նշել է, որ լրագրողը «ինքնափլուզում» բառը որպես գնահատողական դատողություն է ներկայացրել՝ նկատի ունենալով, որ առաստաղը փլվել է առանց որևէ մեկի միաջմտության:

Սակայն, ըստ հայցվորի, «ինքնափլուզում» բառը չի կարող դիտվել որպես գնահատողական դատողություն, այն որոշակի փաստի արձանագրում է: Համաձայն հայցվորի՝  փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև տարբերությունը այն է, որ փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, իսկ գնահատողական դատողությունը ապացուցման ենթակա չէ:

Այնուհետև Ա.Սարդարյանը մեջբերեց ՄԻԵԴ-ի նախադեպերից (Lingens v Austria), համաձայն որի` նույնիսկ կարծիքի պարագայում պետք է գոյություն ունենա որևէ հաստատված կամ ընդունված փաստական հիմք այդ կարծիքն արտահայտելու համար, որը պետք է արտահայտված լինի բարեխղճորեն:

Հայցվորն իր առարկության մեջ նաև անդրադարձավ ապացուցման ենթակա մյուս փաստերին, այն է՝ պատասխանողի կողմից հոդվածում գումարի մասին նշելուն:

Պատասխանողը իր վերնագրում նկատի է ունեցել գումարի տրամադրումը, ֆինանսի փոխհատուցումն ու բնակարանի վերանորոգումը: Սակայն հայցվորը գտնում է, որ տվյալ դեպքում հոդվածը չպետք է վերնագրվեր «1000 դոլար լռության դիմաց», ապա հոդվածում նշվեր, որ «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչները բնակիչներին առձեռն առաջարկել են 1000 դոլար, որպեսզի նրանք այդ մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին, հակառակ դեպքում սպառնացել են, որ չեն վերանորոգի բնակարանը, գումար են առաջարկել լռության դիմաց:

Առարկության մեջ հայցվորը նշում է նաև, որ լրագրողը բարեխղճորեն չի գործել,  գործողություններ չի ծավալել իր հոդվածում հրապարակված ինֆորմացիայի արժանահավատությունը ստուգելու համար և հոդվածը հրապարակելիս հետապնդել է ընկերության գործարար համբավն արատավորելու նպատակ:

Օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ ամփոփելով ՀՀ դատական պրակտիկան և միջազգային փորձը` շատ կարևոր է տարանջատել փաստական հանգամանքները գնահատողական դատողությունից:

Փաստաբանը օրինակ բերեց հետևյալը. երբ անձը հայտարարում է, որ Նիկոլայ Բաղդասարյանը ստացել է 5000 դոլար կաշառք, ապա սա փաստ է ու զրպարտություն, բայց երբ անձը հայտարարում է, որ նա կաշառակեր է, սա գնահատողական դատողություն է, այս դեպքում խոսքը վիրավորանքի մասին է:

Գործով վիճարկվող նյութում ասվում է, որ Գյումրիում «Գլենդել Հիլզը» շենք է կառուցել, սա փաստ է, ապա հետագայում որպես գնահատողական դատողություն ներկայացնում է, որ այդ շենքում ինքնափլուզում է տեղի ունեցել: Այսինքն` առաստաղի փլվելը լրագրողը որակել է որպես ինքնափլուզում:

Ն.Բաղդասարյանը ավելացրեց նաև, որ հոդվածի վերնագիրը չի կարող որպես փաստ դիտվել, լրագրողը սեղմ է այն ներկայացրել իր վերնագրում, դա լրագրողական արվեստ է:

Ըստ Ա.Սարդարյանի՝ մեկ ստորակետով, մեկ բութով հնարավոր է նախադասության ամբողջ իմաստն այնպես փոխել, որ վնասվի ընկերության գործարար համբավը կամ անձի պատիվն ու արժանապատվությունը:

Փաստաբանը ավելացրեց, որ ՄԻԵԴ-ը, ինչպես նաև կոնֆերանսներում մի շարք միջազգային մասնագետներ, բազմիցս նշել են, որ ուշադրություն պետք է դարձնել հոդվածի վերնագրին, քանի որ վերնագիրը ողջ հոդվածը բնորոշում է ավելի կարճ տեսքով:

Դատարանում, որպես գրավոր ապացույց, հետազոտման էր ներկայացված նաև օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի 2010 թվականի տարեկան շահույթը, որը կազմում է 1.895.000 ՀՀ դրամ, որի հետ կապված Ն.Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց արդեն օրինական ուժի մեջ մտած Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ըստ հայցի՝ Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի, որի համաձայն՝ պատասխանող կողմը պետք է վճարի 3.000.000 դրամ:

Սրանով Ն.Բաղդասարյանը հիմնավորեց, որ պատասխանող կողմը ներկա դրությամբ ավելի քիչ գումար ունի, քան պետք է վճարի, այսինքն` պատասխանող ընկերության պարտավորությունները գերազանցում են ընկերության ակտիվներին:

Այս գործով դատաքննությունն ավարտվեց և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց հունվարի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter