Սոճիների նոր սպանդ Գյուլագարակում
Ցոլինե Միքայելյան
«Գողություն բաց պահեստից»,-այսպես են որակում մասնագետները Լոռու մարզի Գյուլագարակի սոճուտում օգոստոսին կատարված ապօրինի անտառհատումները։
2004թ.-ից Գյուղատնտեսության նախարարության որոշման համաձայն Լոռու մարզի անտառներում արգելված են որեւէ տեսակի, անգամ սանիտարական նպատակներով արվող հատումները։ Սակայն Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակի սոճուտների սպանդը շարունակվում է նոր թափով ու նոր հովանավորի կողմից։ Այս պատասխանատու հայտարարությունը փաստարկների հետ միասին արել է Ստեփանավանի «Լոռե» էկոակումբ բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչը փայտահատներին տեսել է «Դենդրոպարկ» բուսաբանական այգուց մոտ 10 մետր հեռավորության վրա' սոճիների անտառում։ Լսելով անտառից հնչող սղոցի ձայնը' էկոակումբի կամավորը գնացել է այդ հետքերով: Կազմակերպության ներկայացուցչին հաջողվել է մի քանի դրվագ լուսանկարել: Վկային տեսնելով եւ կարծելով, թե նախարարության աշխատակից է' հանկարծակիի եկած փայտահատները սկսել են կաշառք առաջարկել:
«Ես չգիտեմ, թե ովքեր են իրենք, մենք ունենք լուսանկարներ, բայց մի բան պարզ է, որ այստեղ կա լուրջ հովանավորչություն: Եթե լուրջ հովանավոր չլինի, մի ծառ անգամ հասարակ մարդը չի կարող տանել այստեղից: Իսկ այստեղ մեկ հատ ծառ չի, այստեղ տասնյակ դարավոր ծառեր են մի ակնթարթում ոչնչացել, ապօրինի ծառահատումները զանգվածային մասշտաբով շարունակվում են»,-ասում է «Լոռե» էկոակումբ հասարակական կազմակերպության նախագահ Մանյա Մելիքջանյանը:
Փաստի առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Հրաչ Չիբուխչյանը. «Էսօր, բնական է, մեր ժողովրդի սոցիալական վիճակը եւ ուրիշ շատ հանգամանքներ կան, բնական է, որ իրոք էսօր ապօրինի ծառահատումներ էլ կան, բայց, հաշվի առնելով այն, որ ծառերը հատվում են մոտիկ պահպանվող տարածքներից ու կտրված շինափայտի տեսքով, արդեն պարզ է, որ որոշ մարդկանց երեւի տրված է ինչ-որ, իհարկե' ոչ օրինական հրաման, «կռիշա» հասկացությունը կա, իրենք կարծում են, որ պրոբլեմ չեն ունենա եւ իրենց իրավունք են վերապահում, որ մեր բնության ու անտառի հաշվին հարստանան»:
Անտառում տապալված շինանյութը հայտնաբերելուց հետո «Լոռե» էկոակումբի նախագահն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին' ակնկալելով, որ թարմ հետքի դեպքում կհայտնաբերվեն ոչ միայն կատարողները, այլեւ պատվիրատուները: Փայտահատներին տեղում գտնել չի հաջողվել. վերջիններս, մոտալուտ վտանգը զգալով, ավարի մի մասը թափած թողել եւ լքել են տարածքը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ տարվում է հետաքննություն: Կլոր սեղան են հրավիրել նաեւ «Հայանտառի» աշխատակիցները։ «Հայանտառի» մասնագետների անմիջական մասնակցությամբ այժմ ճշտվում են վնասի չափերը։
Քննարկումների արդյունքում իրավապահներն անտառտնտեսության հետ միասին եկել են այն եզրակացության, որ զանգվածային ապօրինի անտառհատումները հիմնականում իրականացվում են շինանյութ ստանալու ակնկալիքով։ Բիզնեսի այս ձեւը արագ հարստացման միջոց է կոնկրետ անձանց համար, ում դիրքն ու պաշտոնը թույլ են տալիս նման ճոխություն, եւ ովքեր հանդիսանում են այդ բիզնեսի կազմակերպիչներն ու հովանավորները, իսկ տեղի բնակչությունը ծառայում է որպես էժան աշխատուժ։ Անցյալ տարի Ստեփանավանի անտառտնտեսությունը Գյուլագարակի նույն տարածքում կադրային փոփոխություններ էր իրականացրել՝ աշխատանքից ազատելով անտառապահներին։ Չի բացառվում, որ այդ նույն պրակտիկան կրկնվի նաեւ այս պարագայում։
«Ինձ թվում է, որ կադրային փոփոխություններ իրոք կլինեն, բայց էս անգամ արդեն մարդիկ իրենց բնակավայրը կփոխեն, այսինքն' կդատվեն։ Ես համոզված եմ դրանում, ներում չի շնորհվելու ոչ մեկին, ընդհուպ եթե ես էլ կամ դրա մեջ՝ ինձ էլ»,- կատարվածի մեջ իր աշխատակիցների մեղքը տեսնելով նշում է Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Հրաչ Չիբուխչյանը։
Հետաքննությունը երկար սպասել չտվեց։ Պարզվում է, որ անտառահատները ոչ ավել ոչ պակաս հենց իրենք՝ ատառ պահպանողներն են։ Ինչպես տեղեկացրեց Ստեփանավանի տարածքային դատախազ Միսակ Արոյանը սոճուտի անտառապետ Ամաս Դոխոլյանի եւ անտառապահ Մարտուն Վարդանյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը։ Նրանց նախաքննական ցուցմունքների համաձայն ծառերը հատվել են իրենց անմիջական վերահսկողությամբ: Ծառերը հատվել են Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանի պատվերով: վերջինս հենց գյուղում ունի սղոցարան: Մեղադրյալ Ալեքսանդր Գրիգորյանը օգոստոսի 17-ից փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել