
Որդեր՝ «Գրանդ Քենդի»-ի կոնֆետում. ընկերությունն ուսումնասիրում է դեպքը
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Նավոյանն իր էջում տեղադրել էր «Գրանդ Քենդի» ընկերության «ROLLO» կոնֆետների լուսանկարները, որոնց մեջ որդեր էր հայտնաբերել:
Արմինեն մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կոնֆետները գնել է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի շուկայի մոտ գտնվող փոքր խանութներից մեկից, նախօրեին: Կոնֆետները եղել են արկղերում, ոչ սառնարանում:
Խանութի աշխատակիցներն իրեն հավաստիացրել են, որ կոնֆետները թարմ են, «երկու օր առաջ» են ստացել:
«Գնել եմ կարմիր և կապույտ գույնի փաթեթավորմամբ կոնֆետները. կապույտի մեջ չկար»,- նշեց Արմինեն՝ կասկած հայտնելով, որ գուցե հին ու նոր կոնֆետները խառնել են:
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետք»-ին հայտնեցին, որ իրենց աշխատակիցներն արդեն գնացել են այդ խանութ, և ահազանգին ընթացք է տրվել:
«Գրանդ Քենդի» ընկերության՝ որակի և վերահսկողության բաժնից Քրիստինեն հայտնեց, որ իրենք դեպքից տեղյակ են, բայց դեռ ուսումնասիրություն պետք է անեն. «Այսօր առավոտյան ենք այդ մասին տեղեկացել, կուսումնասիրենք և կպատասխանենք այդ աղջկան: Ցանկացած ապրանք ունի իր պահման պայմանները. շատ հնարավոր է, որ խանութի պահպան պայմաններից լինի»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ իրենց կատարած ուսումնասիրությունների մասին լրացուցիչ կտեղեկացնեն գնորդին:
Մեկնաբանել