HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրբաշխն ու բնակիչը շրջանցում են օրենքը

«Երկու շաբաթ հերթի եմ կանգնած, ջուր չեն տալիս, որ իմ 3 սոտղ հողը ջրեմ: Ասում են' գնա քո Զոլաքարից ջուր բեր, ջրի: Թոշակով հազիվ եմ ապրում, չեմ կարա միրավին (ջրբաշխին) տեղացիների պես օղի տալ, հազիվ էդ 500 դրամն եմ տալիս»,-ասում է մարտունեցի 74-ամյա Սոֆիկ Խաչատուրյանը:

Տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ոռոգման մեծ խնդիր կար' օգտագործվում էր միայն Մարտունի գետի ջուրը, որը չէր բավականացնում: Այսօր նոր կառուցված ջրագիծը հնարավորություն է տալիս բնակչությանը ջուր մատակարարել Սեւանա լճից: Թվում էր, թե ոռոգման ջրի խնդիրը լուծված պետք է լինի այստեղ, սակայն մարտունեցիները ամառվա այս տապին դարձյալ մնացել են անջուր:

Մարտունիում ոռոգումը կազմակերպում է Ջուր օգտագործողների ընկերությունը (ՋՕԸ):

«Մի շաբաթ հերթի կանգնա, երեկ գիշերը հազիվ հերթն ինձ հասավ, գիշերվա մեկին նոր ջրեցի-վերջացրի»,-ասում է 80-ամյա Զիլիման Գրիգորյանը:

Աղավնի Փինաչյանն էլ բողոքում էր, որ արդեն քանի օր իր հերթին է սպասում, բայց հերթն իրեն չի հասնում, բուսականությունն էլ վառվում է:

Առաջին ջրի շրջանում բոլորը բողոքում էին, որ ջուրը չի բավականացնում, բուսականությունը ջրի պակասից չորանում է:

Հաջորդ ջրի շրջանում արդեն բողոքներն այդքան շատ չէին:

«Չէ, հերթը մեծ չի, հանգիստ ջրում ենք, բայց փող էլի տալիս ենք: Էս անգամ ջրեցի, բայց փող չտվեցի: Եթե հաջորդ անգամ նախօրոք 1000 դրամ չտամ, միրավն ինձ ջուր չի տա»,-ասում է 44-ամյա Երազիկ Բաղդասարյանը:

Շատերը նշում են, որ ջրի պետական գինը վճարել են, բայց ամեն անգամ ջրելիս ջրբաշխին էլի 500 դրամ փող են տալիս :

«Պետական մուծումը կատարում եմ, բայց ամեն ջրելուց 500 դրամ տալիս եմ: Փողը տալուց հերթ կանգնել պետք չէ, անմիջապես ջուր է տալիս»,-ասում է 74-ամյա Կառլեն Խաչատրյանը:

«Ես միայն պետական վճարումն եմ կատարում, բայց աշնանը միրավին 10 կիլոգրամ կարտոշկա եմ տալիս: Միրավը արհեստական հերթեր է ստեղծում, ուզում է, որ փող տան: Ես երեկ ժամերով սպասել եմ, որ ինձ ջրելու հերթ հասնի, չնայած որ ջրվորներ գրեթե չկային»,-ասում է Ասյա Մուշեղյանը:

ՋՕԸ-ի տնօրեն Թաթուլ Կարապետյանը զարմացավ, երբ իմացավ, որ ջրվորներն ամեն անգամ ջրի դիմաց 500 դրամ փող են տալիս:

«Մարդիկ նույնիսկ ջրի համար սահմանված պետական վճարը չեն տալիս: Իսկ եթե ջրբաշխներին փող են տալիս, թող կտրոն պահանջեն, որպեսզի նրանք այդ փողը մուծեն հիմնարկությանը: Ջրբաշխներին սովորեցրել են այդպես, իսկ պետական մուծումը չեն կատարում: Օրինակ՝ այսօր պոմպակայանը չի աշխատում, պատճառը գանձումների խիստ վատ ընթացքն է,-ասում է Թ. Կարապետյանը:- Մեկ սոտղի համար տարեկան 400 դրամը նախատեսված է 4 ջրի համար, բայց մարտունեցիները մինչեւ 7 ջուր ջրում են: Գոնե թող այդ 400 դրամը վճարեն: Իսկ գիշերը ոչ ոք ջուր չի անում: Մեզ համար ձեռնտու է, որ գիշերն էլ ջուր անեն. նախ էլեկտրաէներգիան գիշերը էժան է, հետո էլ պոմպերը շուրջօրյա շահագործելն ավելի ձեռնտու է: Բայց արեւամուտից հետո ոք չի գալիս ջուր անելու»:

Ըստ տնօրենի՝ ՋՕԸ-ն մի շարք քայլեր է ձեռնարկել ոռոգման սեզոնն ավելի հեշտացնելու համար: 200 մետր խողովակաշար է կառուցվել ինքնահոսը հեշտացնելու համար: Սեւանա լճի ջրի մակարդակի կտրուկ աճի պատճառով մեկ աստիճանով բարձրացվել են սարքավորումները:

«Սրանք ծախսատար աշխատանքներ են, բայց մենք փող չենք ստանում: Մարդիկ մուծումներ չեն կատարում, բայց մեզանից անթերի աշխատանք են պահանջում: Նրանք չեն փորձում մեզ հասկանալ»,-ասում է Թ. Կարապետյանը:

Փորձեցինք Փորձադաշտի տարածքի ջրբաշխներից պարզել, թե ինչու են հերթեր գոյանում, ինչու են ջրվորներից 500 դրամ փող պահանջում: Բայց որեւէ մեկի հետ խոսել չհաջողվեց: Նրանց փնտրում են բոլորը, բայց նրանք չկան: Մի կին էլ այսպես պատասխանեց. «Երեւի խմած մի թփի տակ քնած է, որ գտնես, մեզ էլ իմաց տուր»: Բնակիչները խորհուրդ տվեցին ջրբաշխին «բռնացնելու» համար դիմել վաղ առավոտյան, որպեսզի նա հարբած չլինի: 5-րդ թաղամասի ջրբաշխ Սամվել Գասպարյանին գտանք առավոտյան ժամը 8-ին թաղամասի ջրաբաշխման վայրում: Նա պատմեց, որ իրենց աշխատավարձը կազմում է գանձված գումարի 20 տոկոսը: «Մարդիկ մուծումներ չեն կատարում, այնպես որ երբեմն աշխատավարձ էլ չի լինում: Մինչեւ հիմա 5-րդ թաղամասից 50 հոգի են պետական մուծումը կատարել, որը հազիվ 10 տոկոսն է կազմում»,-ասում է Ս. Գասպարյանը:

Իսկ երբ բնակիչների բողոքը ներկայացրինք, նա պատասխանեց, որ ինքը փող չի վերցնում ջուր տալու համար:

«Եթե 500 դրամը չտամ, կասի հերթը մեծ է, մի քանի օրից արի: Մի քանի օրից հետո նորից նման մի պատասխան կտա: Այդպես մինչեւ փողը տաս»,-ջրբաշխին հակադարձեց Էլմիրա Խաչատրյանը:

Հայկուհի Բարսեղյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter