HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է պաշտոնատար անձանց 5-օրյա հավաք-պարապմունքը

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց 5-օրյա հավաք-պարապմունքը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հավաք-պարապմունքի նպատակն է պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։

Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զորավարժության գերակա նպատակը, այն է՝ խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումը։

Նախարար Տոնոյանը կարևորել է հավաք-պարապմունքի անցկացումը պետության խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջացել փորձարկելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ և օպերատիվ աշխատանքը: 

Օրվա առաջին կեսին դասախոսություններով հանդես են եկել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

Կարևորելով «Շանթ-2018» զորավարժության անցկացումը պետության պաշտպանության անցման ընթացքում պետական համակարգի գործունեության փորձարկման առումով, Արմեն Գրիգորյանը հավաք-պարապմունքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանում պաշտպանական քաղաքականութան ոլորտը կարգավորող փաստաթղթերը, անդրադարձել է ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին և դրանց դիմագրավելու ուղիներին: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Անվտանգության խորհուրդը իրականացնում է երկիրը խաղաղ դրությունից ռազմականի բերելու գործընթացը կարգավորող համապարփակ փաստաթղթի մշակումը։

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հավաք-պարապմունքի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Արտգործնախարարի տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու անխուսափելիությունը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դասախոսության թեման էր «ՀՀ ԶՈՒ և տնտեսության անհետաձգելի կարիքների ֆինանսավորման համար պետական բյուջեի եկամուտների վերաբաշխման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը»:

Ֆինանսների նախարարը անդրադարձ է կատարել այն հիմնական քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ֆինանսերի կառավարման բնագավառում երկրում ռազմական դրություն հայտարարելու դեպքում՝ պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով հանրային ֆինանսները մոբիլիզացնելու, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրելու և անխուսափելի ռազմական գործողությունների պարագայում ՊՆ կարիքների գնահատման, անհրաժեշտ ռեսուրսների պահանջի և դրա բավարարման աղբյուրների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter