HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարհատ Պետրոսյան. «Կադաստրը ժեկից տարբերվում է, և շատ լուրջ պետական գործառույթներ ունի»

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մշակել է առաջիկա հինգ տարիների ծրագիրը: Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի բնորոշմամբ` հավակնոտ առաջադրանքներ են ձևակերպվել: «Այդ կետերից մեկն առցանց, ինքնաշխատ, այսպես ասած՝ անթուղթ Կադաստրի ստեղծումն է, որպեսզի մարդիկ «չիմանան» Կադաստրի տեղը»,- այսօր Կոմիտեում հրավիրած առաջին թռուցքաժողովում ասել է նորանշանակ ղեկավարը եւ հավելել, որ այդ խնդիրները վերաբերում են բոլորին, այդ թվում՝ անձամբ իրեն։

Ծրագիրն առաջիկայում կհրապարակվի։

Համակարգի առջև աշխատանքային երեք և քաղաքական (ավելի շուտ՝ ապաքաղաքական) մեկ խնդիր է դրել Սարհատ Պետրոսյանը։ Առաջինն արդար և ազնիվ աշխատելու խնդիրն է:

«Ազնվության նշաձողը շատ բարձր է լինելու, հաշվի´ առեք, որ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ»,- ասել է Պետրոսյանը՝ ավելացնելով, որ որևէ կերպ չի հանդուրժելու նաև շահերի բախումը՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» գործարքները ոչ միայն համակարգի ներսում, այլև տարբեր ընկերությունների հետ համագործակցելիս:

«Յուրաքանչյուր աշխատող թանկ է ինձ համար և պատրաստ եմ սատարել, բայց մեր առջև դրված խնդիրները չկատարողը հրաժեշտ կտա այս աշխատանքին»,-նշված է Կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Համակարգի առջև դրված երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է. « 90-ականներին երկրի ամենապրոֆեսիոնալ կերպով հիմնադրված կառույցներից էր այս Կոմիտեն, 2010-ականներին՝ լավագույնս բարեփոխումներ իրականացրածների։ Սկսում ենք երրորդ սերնդի փոփոխությունները՝ ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով աշխատանքը»։

Կոմիտեի ղեկավարի ներկայացրած երրորդ խնդիր-պահանջը թիմային աշխատանքն է և նվիրվածությունը։

«Չեմ կարող ասել, թե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է բավարարված իր աշխատավարձի չափով, բայց ձեզ տրված է որևէ բան փոխելու պատմական հնարավորություն, և անպայման պետք է լավագույնս օգտվեք այդ հնարավորությունից»։

Քանի որ սա առաջին թռուցքաժողովն էր, Պետրոսյանը փոխանցեց, որ հաջորդներին անպայման սպասում է բազմակողմ քննարկումներ: «Իսկ այդ 3 չափորոշիչների կատարումը կամ չկատարումը ոչ մի կերպ չի կարող վրիպել իմ աչքից, և որևէ կերպ կաշկանդված չեմ. անփոխարինելի մարդիկ չկան»,- հայտարարել է նա։

Կազմակերպական և կարգապահական ներքին խնդիրները ձևակերպելուց հետո Կոմիտեի ղեկավարն անդրադարձել է քաղծառայության՝ ապաքաղաքական լինելու սկզբունքը խստորեն պահպանելու պահանջին. «Ընտրությունների վերաբերյալ ինձանից որևէ քաղաքական հայտարարության չսպասե՛ք։ Ավելին, եթե որևէ մեկը մեր համակարգում փորձի այդ նպատակով օգտագործել իր պաշտոնեական, աշխատանքային դիրքը, ամենախիստ պատժի կենթարկվի՝ ո´ր ուժի օգտին էլ լինի»։

Առաջիկայում նորովի կկազմակերպվի Կոմիտեի գործունեության լուսաբանումը, շուտով կհայտարարվի «Նոր կադաստրի» տարբերանշանի մրցույթը, բացվել է Ֆեյսբուքի էջը, կարվեն այլ նորամուծություններ ևս:

«Շատ խնդիրներ ունենք լուծելու այս տեսանկյունից. մարդիկ պետք է իմանան, որ Կադաստրը ժեկից տարբերվում է, և շատ լուրջ պետական գործառույթներ ունի»,-թռուցքաժողովը եզրափակել է Սարհատ Պետրոսյանը։

Մեկնաբանություններ (1)

Աստղիկ Գաուլստին
հարգելի պրն Սարհատ Պետրոսյան, կադաստրի (ինչպես ասեմ որ վիրավորական չլինի) սխալի, կեղծիքի թէ..... պատճառով, չորս ամիսա քաշքշուկների մեջ եմ, դեռ ոչ մի արդիւնքի չեմ հասել, սպասում եմ Եղվարդի ոստիկանութեան պատասխանի, կցանկանայի ձեզ հանդիպել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter