HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնուտի համայնքապետարանի դռները ժամանակավոր պաշտոնակատարի առաջ փակել են

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները: Մոտ երկու ամիս առաջ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել հենց համայնքապետը: Սակայն, Ռազմիկ Մարգարյանը «Հետք»-ին օրեր առաջ տեղեկացրել էր, թե շարունակելու է պաշտոնավարել, քանի որ չիրականացրած ծրագրեր ունի:

Այսօր մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են Եղեգնուտ, որպեսզի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացնեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, որը Եղեգնուտ համայնքի բնակիչ է: Սակայն, կանգնած են մնացել արևի տակ, քանի որ համայնքապետարանի դուռը փակ է եղել: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ հիմա էլ կանգնած են համայնքապետարանի դիմաց, սակայն ո´չ համայնքապետին են կարողանում գտնել, ո´չ աշխատակիցներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրականացրել էր իրավական և մասնագիտական հսկողություն՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են մի շարք թերություններ, օրենքի խախտումներ: Համայնքապետը համաձայն չէր ուսումնասիրության արդյունքների հետ, սակայն գրավոր առարկություններ չէր ներկայացրել:

Ռազմիկ Մարգարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հեռախոսն անհասանելի  էր:

Լուսանկարում` Ռազմիկ Մարգարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter