HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկեր կտրամադրվեն ավելի մատչելի պայմաններով

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրում, ինչի արդյունքում կնվազի հիփոթեքային վարկի կանխավճարը, կվերանայվի երիտասարդ ամուսինների տարիքային շեմը եւ այլն։

Սպասվում է, որ ծրագրի հասանելիությունը կբարձրանա, քանի որ կառավարությունը նախատեսել է մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները։ Երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչեւ 20 միլիոն դրամ արժեքով բնակարաններ: Գործող ծրագրով, կանխավճարի չափը 30 տոկոս է։ Կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում հնարավոր կլինի 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչեւ 25 միլիոն դրամ արժեքով բնակարաններ Երեւան քաղաքում եւ մարզերում։

Մայրաքաղաքում բնակարան ձեռք բերելու դեպքում, կառավարությունը կսուբսիդավորի վարկի 2 տոկոսը, մարզի դեպքում՝ 4 տոկոսը։

Ներկայումս գործող որոշման համաձայն, ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 65-ը։ Փաշինյանի կառավարության ներկայացրած նախագծով՝ տարիքային այդ շեմը կբարձրացվի մինչեւ 70-ի։

Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9,5 տոկոս տոկոսադրույքով։

Մարզերում եւ Երեւանում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը (գործող ծրագրով՝ 70 տոկոս), սակայն ոչ ավելի, քան 20 միլիոն դրամը (գործող ծրագրով՝ 17,5 միլիոն դրամ։ 

Նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է քննարկման։

Հիշեցնենք, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կառավարության կողմից մշակվել է 2010 թվականին։ Ծրագրի շրջանակներում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ եւ 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի հուլիսի 1-ը տրվել է 3342 վարկ (1747 վարկ Երեւանում, 1595՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 միլիարդ 303 միլիոն ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ (1)

ԱՆՈՒՇ
Նման պայմաններով վարկը որ բանկն է տրամադրում՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter