HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կացինը շարունակում է թխկալ

«Ոչ ոք իրավունք չունի ծառ կտրել, անթույլատրելի է»,-ասում է Բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժնի ավագ տեսուչ Սամվել Կոծինյանը: Իսկ Լոռու մարզի տարբեր վայրերում ճիշտ հակառակն է. ով հասցնում է, ծառ է կտրում:

Անտառը հսկվում է գիշեր-ցերեկ: Լիարժեք հսկողություն իրականացնելու համար Բնապահպանական տեսչությունը կիրառում է ահազանգային ստուգումների տարբերակը, երբ կամ ականատեսն է հայտնում ծառը կտրելու մասին, կամ' անտառապետը:

Շուրջօրյա հսկողության մասին հավաստիացումները հօդս ցնդեցին, երբ օգոստոսին 19-ին Փամբակ գյուղը շրջապատող անտառում ականատես եղանք կտրված ծառերով բեռնված ավտոմեքենայի: Ավտոմեքենան չուներ պետհամարանիշ: Մոտ մեկ ժամ, ավելի ստույգ' մինչեւ ժամը 21-ը մեքենան սպասում էր ինչ-որ մեկին, հավանաբար' տիրոջը: Մութն ընկավ, հեռվից լսելի դարձավ մեկ ուրիշ ավտոմեքենայի ձայնը: Ավտոմեքենաների ձայները լսվում էին ողջ գիշեր:

«Անհատը կարող է գնալ անտառտնտեսություն, փող վճարել ու վառելափայտ տեղափոխել»,-կարգը պարզաբանում է Սամվել Կոծինյանը: Փայտով բեռնված ավտոմեքենան դեռեւս չի վկայում անօրինական հատման կամ էլ անօրինական տեղափոխման մասին: Իսկ երբ հայտնեցինք, որ մեքենաները առանց պետհամարանիշի են. «Դա արդեն ապօրինի շահագործվող մեքենա է: Դա այլ խնդիր է: Բացթողնման անդորրագիրը տրվում է այն ժամանակ, երբ մեքենան բարձված է: Գիտեն, չէ՞, թե որ մեքենան են բարձել»,-ասում է տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ Արամ Գրիգորյանը:

Եթե ապօրինի շահագործվող մեքենա է, նշանակում է դրանով փայտանյութ տեղափոխելու թույլտվությունն օրինական չէ: Անտառից փայտ տեղափոխելու թույլտվությունը ենթադրում է ձեռքի տակ ունենալ անդորրագիր, որտեղ նշվում է տեղափոխողի անուն-ազգանունը, տեղափոխվող փայտանյութի քանակն ու տեղափոխող մեքենայի պետհամարանիշը: Այս պայմաններից մեկը խախտելու դեպքում անտառապետը կամ էլ բնապահպանական տեսչութունը պարտավոր են ակտավորել օրինախախտին: Մյուս կողմից, փայտանյութ տեղափոխողին տրվում է մեկ օր այն անտառից դուրս բերելու համար, հակառակ դեպքում պետք է հիմնավորվեն հետաձգման պատճառները, ապացուցեն, թե ինչու են փայտը տեղափոխել այլ ավտոմեքենա, ինչու է վնասվել մեքնենան:

«Անկառավարելի է: Ինչ մեքենա էլ լինի, հնարավոր չէ հսկել»,-անտառը պահպանելու դժվարությունների մասին պատմում է «Գուգարքի անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ տնօրեն Էդմոն Ղարաքեշիշյանը: Նրա ղեկավարած անտառտնտեսությունն է պատասխանատու Փամբակի, ինչպես նաեւ Շիրակի մարզից Վանաձորով մինչեւ Դսեղ ընկած տարածքում գտնվող անտառների պաշտպանության ու պահպանման համար: Ավելի քան 28.000 հա մակերես ունեցող Գուգարքի անտառը պահպանում են, այսպես կոչված, 7 անտառապետություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ անտառապետ: Անտառապետությունն իր հերթին բաժանվում է պահաբաժինների իր անտառապահներով, որոնցից ամեն մեկը հսկում է 450-500 հա տարածք:

Այդչափ ահռելի տարածքը հսկել առանց տեխնիկական հնարավորությունների եւ կապի միջոցների, մի անտառապահով' հնարավոր չէ:

«Ինչ ուզում է լինի, գազ էլ գյուղում լինի, գյուղացին հաստատ փայտ է բերելու թեկուզ շալակով, էշով, ձիով կամ էլ մեքենայով»,-ասում է Էդմոնդ Ղարաքեշիշյանը:

2004թ.-ի մարտին տեղի ունեցած ուժգին քամուց հետո կառավարությունը արգելեց հատել կանգուն ծառերը: Փոխարենը որոշվեց անտառից դուրս բերել քամուց տապալված ծառերը, որոնք Գուգարքի անտառում հասնում էին 2500 խորանարդ մետրի:

Չնայած անտառապահների հսկողությանն ու վերջին տարիներին նվազած ապօրինություններին, ամենաթողությունն անտառում արմատախիլ չի արվում:

Միայն Գուգարքի անտառում անցյալ տարի հայտնաբերվել է մոտ 350 օրինախախտ, որոնց մի մասի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, մի մասն էլ տուգանվել է 50.000-70.000 դրամի չափով: Գուգարքի անտառտնտեսությունում վերջին անգամ կացնի հարվածներ են լսել օգոստոսի սկզբին ու ակտավորել օրինախախտին: Այս տարի Բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժինը ակտավորել է 150 օրինախախտի:

Սակայն սա ամենեւին չի կանգնեցնում անտառների հատումը, այն այսօր էլ շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter