
Հովհաննիսյանների «Չրի տունը» Բյուրականում
Ամալյա Մարգարյան
Պողոս Հովհաննիսյանը Բյուրականում հիմնել է չրանոց, եւ արդեն երեք տարի է՝ հոր, մոր, քրոջ հետ մրգերից չրեր են պատրաստում: Գյուղի ծայրամասում գտնվող արտադրամասն անվանել են «Չրի տուն»:
Արտադրամասի մուտքի մոտ՝ փայտե դարպասից ներս, մրգատու ծառեր են, հիմնականում խնձորենիներ ու սալորենիներ:
Պողոսը այգու միջով մեզ ուղեկցում է փայտից սարքած տաղավարը, ասում՝ իրենց նպատակը ոչ միայն չրերի արտադրությունն է, այլև այնպիսի պայմաններ ստեղծելը, որպեսզի չրերի արտադրությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնան այլընտրանքային տուրիզմի ճյուղ: Գյուղ այցելած զբոսաշրջիկը կարող է այցելել «Չրի տուն», մասնակցել կատարվող աշխատանքներին՝ բերքահավաքին, մրգերի կորիզահանմանը, կտրատմանը, մրգային սուջուխների պատրաստմանը:
Չրանոցը ընտանեկան բիզնեսի մոդել է, որտեղ ամեն մեկն իր գործն ունի, մրգերը մթերում են հիմնականում հարևաններից: Տարածքը նախկինում աղբանոց է եղել, աղբը մաքրելով՝ ընտանիքն այգին է հիմնել:
Չորս ամիսների ընթացքում պատրաստում են սալորի, դեղձի, ծիրանի, բալի ու կեռասի չրեր: Այս տարվա ընթացքում 500 կգ չիր արդեն պատրաստել են, սպառումը Հայաստանում է իրականացվում։ Չրատուն այցելած զբոսաշրջիկները նույնպես գնում են չրեր եւ իրենց հետ տանում են արտասահման:
Արևի ճառագայթներից բացի, մրգերի չորացումը կատարվում է օբսիդիան քարերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս տաքությունը հնարավորինս երկար պահպանել:
Մեր այցելության պահին արտադրամասի աշխատակիցները սալորի չիր էին պատրաստում, կորիզները հեռացնում: Կողքի սեղանին չրի փաթեթավորման աշխատանքներ էին ընթանում: Փայտյա տուփերը ևս իրենց արտադրանքն է․ հարևաններն են պատրաստում:
«Կարևոր է, որ ոչ միայն մենք ենք կարողանում եկամուտ ստանալ, այլև օգնում ենք համագյուղացիներին», - ասում է Պողոս Հովհաննիսյանը:
Պողոսի մայրը՝ տիկին Ծովիկը, հսկում է արտադրական գործընթացը, հետևում, որ մրգերը լավ լվացվեն, չորանոցում երկար չմնան, հետո սառնարանից բերում է կտրատած մրգերով փաթեթը, սկսում պատրաստել բրենդային մրգային սուջուխը։ «Այն չրերը, որոնք փոքր են, մշակման գործընթացքում գույնը մգվում է, չենք դնում տուփերի մեջ, կտրտում ենք, շարում և մրգային եփուկով թաթախելուց հետո պատրաստում մրգային սուջուխները», - պատմում է տիկին Ծովիկը։
Արտադրական թափոններ գրեթե չեն մնում. չրարտադրության համար ոչ պիտանի մրգերն էլ վերածվում են օղու:
«Գյուղում մրգերի իրացման խնդիր կար, ամեն մեկն իր սեփական այգին ունի, փոքր է, իսկ փոքր քանակի բերք ունեցող ֆերմերի համար բերք իրացնելը հեշտ չէ: Հիմա մարդիկ 10-15 կգ բերք են բերում, հա՛մ մեզ է հարմար, հա՛մ ՝ իրենց», - ասում է տիկին Ծովիկը:
Օրգանիկ ելակն ու ելակի չրերը
Հովհաննիսյանները չրերի արտադրամասի հարևանությամբ ելակի ջերմոց ունեն: Կառուցել են 2017-ի աշնանը, 350 քառակուսի մետր մակերես ունեցող ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ է գործում: Արևային էներգիայի միջոցով տարվա 4 եղանակների ընթացքում համապատասխան ջերմաստիճան են ապահովում և աճեցնում օրգանական ելակ:
Տարվա 12 ամիս ելակ են ունենում, որից չիր են պատրաստում: Հողը պարարտացնելու համար օրգանական պարարտանյութեր են օգտագործում, շուտով կստանան նաև օրգանական արտադրանքի մասին վկայող սերտիֆիկատը:
լուսանկարները և տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել