HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հնարավոր է՝ սա մեր վերջին օրն է»

Հերմինե Մխիթարյան

«Աստծո ամեն առավոտ զարթնում եմ բոլորից շուտ, որ չտեսնեն վիշտս, ու սկսում եմ աղոթել, խնդրել Աստծուն, որ մի դուռ բացի։ Ամեն առավոտ վախով մտածում եմ՝ հնարավոր է, որ սա մեր վերջին օրն է այս տանը...»:

2003թ.-ի մայիսին Ստեփանավանի «Կոլխոզշին» պետական ձեռարկությունը գյուղատնտեսության նախարարության որոշմամբ լուծարվեց, իսկ գույքն ու տարածքը աճուրդային կարգով վաճառվեցին։ Այս փաստը կարող էր այնքան էլ նշանակություն չունենալ, եթե արդյունքում նախկին հիմնարկությանը պատկանող հանրակացարանի բնակիչներին չսպառնար դրսում մնալու հեռանկարը։

Չիթչյանների ընտանիքը 1986թ.-ին Վրաստանից տեղափոխվելով Հայաստան՝ բնակություն է հաստատել Ստեփանավանում։ Ընտանիքի հայրը աշխատանքի է անցել «Կոլխոզշինում» եւ տեղավորվել հիմնարկի հանրակացարանի տնակներից մեկում։
Այս տանն են ծնվել եւ մեծացել Չիթչյանների բոլոր երեխաները։ 19 տարվա կացարանն ինչքան էլ նեղ ու անհարմար, բայց հարազատ է դարձել, բացի այդ՝ այն Չիթչյանների միակ օթեւանն է։

«Երբ եկանք, շատ գործ կար անելու, վերանորոգեցինք: Էս մի տան մեջ երկու ընտանիք էինք ապրում, հետո մեր հարեւանները գնացին, մենք մենակ սկսեցինք ապրել։ Հետո, երբ հիմնարկը լուծարվեց, արդեն չէի աշխատում, բայց քանի որ էստեղ էինք, էստեղ էլ մնացինք, գնալու ուրիշ տեղ չունեինք»,- ասում է ընտանիքի հայրը՝ Գառնիկ Չիթչյանը, իսկ կինն ավելացնում է. «Հիմա մեզ հանում են։ Ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք, արեք, բայց մեր սեփական տարածքը ազատեք։ Ի՞նչ մեղադրես էդ մարդկանց, իրանք իրանց սեփականությունն են տնօրինում»։

Ստեփանավանի նախկին «Կոլխոզշին» պետական հիմնարկ-ձեռնարկության ներկայիս սեփականատերը զբաղվում է ակտիվ ձեռներեցությամբ եւ գիտի սեփականության արժեքը։ Նա տարածքը գնել է գրեթե չորս տարի առաջ եւ չի պատրաստվում այն եւս չորս տարի պարապ թողնել։

Չիթչյանների ընտանիքն այս տարածքում ապրողներից միակն է, որին սպառնում է դրսում մնալու վտանգը։ Մյուս հարեւաններն ի սկզբանե Ստեփանավանի բնակիչներ լինելով եւ երկրաշարժի ժամանակ պետական բնակարան կորցնելով՝ օգտվել են բնակարան ստանալու այս կամ այն հնարավորություններից։

Չիթչյաններին նույնպես քաղաքապետարանը չի անտեսել. բնակարան ստանալու հերթացուցակում նրանք 214-րդն են, սակայն «Լինսի» հիմնադրամի միջոցներով 208 բնակարան է հանձնվել շահագործման, բացի այդ՝ առաջնահերթության ցուցակներում մոտ 200 ընտանիք էլ դեռ կա։

Խնդրի լուծման համար Չիթչյանները շատ դռներ են թակել, դիմում-նամակներ են ուղարկել քաղաքաշինության նախարարին ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Պատասխաններում մարզային եւ տեղական իշխանական օղակներին հանձնարարվում է «քննության առնել գործը, ընթացք տալ եւ արդյունքների մասին սեղմ ժամկետներում տեղեկացնել քաղաքաշինության նախարարությանը»։

«Ինձ ասում են, որ օրենքով մեզ բնակարան չի հասնում, եւ դեռ շատ երկար կսպասենք, մինչեւ հնարավոր լինի բոլոր կարիքավորներին բավարարել եւ մեզ հասնել։ Դե ասեք, ինչքա՞ն կարող եմ ես գիշերները չքնել, ամեն առավոտ մտածել, որ հնարավոր է՝ այսօր մեզ հանեն տանից։ Ամուսինս 2-րդ կարգի հաշմանդամ է, ես երկու խոց ունեմ, տղաս բանակից թոքաբորբով է վերադարձել, աղջիկներս սովորում են, ու՞ր կգնամ ես։ Ես ոչ ոք չունեմ էս աշխարհի երեսին»,-ասում է Սոնա Չիթչյանը, որն իր ամբողջ ընտանիքը պահում է աղքատության նպաստի 8000 դրամով։ Այս պայմաններում տուն գնելու կամ գոնե վարձելու մասին խոսելն ավելորդ է, իսկ հանրակացարանի տերն ամեն վայրկյան կարող է պահանջել ազատել տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter