HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կովկասյան զգացմունքայնությունը խանգարում է լուծել կոնֆլիկտները»

Ադրբեջանցի Ռաուֆ Ռաջաբովը աֆղանական պատերազմի վետերան է: Նրա կենսագրության ռազմական փուլն ավարտվում է Լեռնային Ղարաբաղում, որից հետո բացվում է կենսագրության նոր' խաղաղության կառուցման ջատագովի էջը:

«Պրոֆեսիոնալները պետք է զբաղվեն խաղաղության կառուցմամբ: Նրանք, ովքեր պատերազմել են, գիտեն խաղաղության գինը»,-ասում է ադրբեջանցի կոնֆլիկտաբանը, որի խաղաղասիրական գործունեության էությունը կայանում է թշնամու կերպարից հակառակորդի կերպար ձեւավորելը: «Թշնամին երբեք հարեւան չի կարող դառնալ, թշնամու հետ չես կարող ընկերություն անել, համագործակցել ու առեւտուր անել»,-ասում է նա: Ռաուֆ Ռաջաբովը վերջին շրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում նկատում է վերաբերմունքի փոփոխություն, որը միտված է թշնամու կերպարից անցնել հակառակորդի կերպարի: Հակառակորդի հետ հարաբերություններն այլ են: Այս դեպքում կարող ես կառուցել փոխհարաբերություններ, որոնք հիմնված կլինեն սոցիալ-տնտեսական գործոնների վրա:

«Եթե քաղաքացին իրավունք ունենա ազատ տեղաշարժվել ոչ միայն իր սեփական երկրում, այլեւ տարածաշրջանում, ապա տեղի կունենա նաեւ կապիտալի ազատ տեղաշարժ: Այդ ժամանակ առաջ են գալիս տնտեսական շահերը»,-կոնֆլիկտների առաջացման հիմքում սոցիալական գործոնի դերը կարեւորում է ադրբեջանցի հասարակական գործիչը,-կոնֆլիկտերն այս դեպքում կկորցնեն իրենց նշանակությունը»: «Խորհրդային Միությունից մեր ստացած ժառանգությունը խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ վատն էր»,-վստահեցնում է Ռաուֆ Ռաջաբովը:

Այն, ինչ կար Խորհրդային Միության ժամանակաշրջանում, կարող էր եւ չլինել արդեն 30-ական, 60-ական թվականներին, որովհետեւ այդ կոնֆլիկտները կային նաեւ Միության ժամանակ: «Խորհրդային ժամանակներում Հայաստանն ու Ադրբեջանն ունեին աշխատուժի ավելցուկ, բայց այս երկրները փոխլրացնում էին մեկը մյուսին: Այնինչ սոցիալական խնդիրները սերնդե-սերունդ փոխանցվել են մեզ»: 70-ականների Խորհրդային Միությունն արդեն սոցիալ-տնտեսական խնդիրներ ուներ, ու աֆղանական պատերազմը Ռաուֆ Ռաջաբովը համարում է խորհրդային կայսրության քայքայման խթանիչը, երբ Միության ողջ տնտեսությունն ուղղված էր այդ պատերազմին:

«Սա արդեն անհավասարակշռում էր տնտեսությունը»,-ասում է ադրբեջանցի հասարակական գործիչը: Մյուս կողմից էլ, Միությունում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները չէին հիմնվում պետականության իրավունքի վրա, ուստի ժամանակն էր ստեղծվածի փլուզման: Եվ էթնիկական հողի վրա առաջին խնդիրն առաջացավ Ալմա Աթայում»,-վերհիշում է Ռաուֆ Ռաջաբովը: Ալիքն անցավ Միության ծայրամասերով, իր հետ ոտքի հանեց Միության տարիներին հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող չինովնիկներին, որոնք արդեն վերափոխվեցին ազգային գործիչների ու սկսեցին ծածանել ազգային գաղափարախոսության դրոշը: Շովինիզմը, քսենոֆոբիան, նացիոնալիզմն ու անհանդուրժողականությունն այս դեպքում ինչ-որ տեղ օբյեկտիվ էին համարվում: Ռաուֆ Ռաջաբովը հիշում է, թե ինչպես այն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ «Թուրքը, բացի թուրքից, չունի ընկեր»: Այս լոզունգն արդեն հարված էր առաջին հերթին Ադրբեջանի համար, որը բազմազգ երկիր էր ու հակադրության մեջ դրեց իրեն այլ էթնիկ խմբերի նկատմամբ:

Ադրբեջանում հայտնի գործիչն այն կարծիքին է, որ ժամանակն է հասնել նրան, որ քաղաքացին ազատ լինի՝ անկախ ազգային պատկանելությունից: Այս երեւույթը նա համարում է կոնֆլիկտի լուծում ազգային մակարդակով, որին կհաջորդի արդեն տարածաշրջանային մակարդակը:

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անեն հնարավորը՝ լուծելու խնդիրները փուլային մակարդակով, երբ կազատվեն գրավյալ տարածքները, փախստականները կվերադառնան իրենց բնակավայրերը, ի վերջո կբացվեն տրանսպորտային ուղիները»,-կարծում է Ռաուֆ Ռաջաբովը: Այս ամենը կբերի տնտեսական համագործակցության, ինչը նշանակում է կոնֆլիկտի ազգային ու տարածաշրջանային լուծում: Ադրբեջանցի գործիչն առաջարկում է մի կողմ դնել զգացմունքներն ու հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հայկական ու ադրբեջանական համայնքներին, որոշելու իրենց բնակավայրի կարգավիճակը: Իսկ որ ամենակարեւորն է՝ կոնֆլիկտի լուծման մեջ չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Կոնֆլիկտաբան Ռաուֆ Ռաջաբովը, որը ղեկավարում է Ադրբեջանի «Խաղաղություն, ժողովրդավարություն եւ մշակույթ» վերլուծական կենտրոնը, կոնֆլիկտների լուծման հաղթող-պարտվող տարբերակը համարում է հետագա կոնֆլիկտի սաղմնավորում եւ փոխարենն առաջարկում խնդիրների լուծման փոխընդունելի ու փոխհամաձայնեցված տարբերակ՝ զերծ կովկասյան զգացմունքայնությունից, ինչը տարիներ ի վեր խանգարել է Կովկասին ունենալ կոնֆլիկտներից մաքրված քաղաքակրթություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter