HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու գործում ներգրավված անձանց նույն տեղում հավաքել չի ստացվում

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը շարունակ հետաձգվում են: Այս գործում ներգրավված է 14 ամբաստանյալ ու վերջիններիս պաշտպանները, և դատավարության նման թվով մասնակիցներին մեկ տեղում հավաքել չի ստացվում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր ստիպված եղավ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել դեռևս մեկ ամիս առաջ այս գործով նշանակված դատական նիստը:

Երեք ամսվա ընթացքում այս գործով արդեն 7 դատական նիստ է նշանակվել, սակայն դատարանը դեռ գործի նախապատրաստման փուլում է, հասցրել է ճշտել միայն ամբաստանյալների ինքնություններն ու քննարկել կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալ Մարինե Պապյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին կայացած նիստին դատարանը որոշել էր Պապյանին 10  մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Այսօր դատավոր Արման Հովհաննիսյանը նշեց, որ գործով դատական նիստերից և ոչ մեկը դատարանի «մեղքով» չեն հետաձգվել ու պաշտպաններին հորդորեց փորձել իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ նիստերն այլևս մեկ կամ մի քանի պաշտպանի բացակայության պատճառով չհետաձգվեն:

Նշենք, որ նախքան նիստը հետաձգելը գործով ամբաստանյալներից երկուսը՝ Տիգրան Սուքիասյանը և Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, դատարանին խնդրեցին իրենց թույլատրել որոշակի ժամանակահատվածով բացակայել Հայաստանից: Այս ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը, և առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության երկրից բացակայել չեն կարող: Դատարանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի միջնորդությունը քննության առնելով, որոշեց բավարարել այն, իսկ Տիգրան Սուքիասյանի հարցով որոշում կկայացնի վերջինիս կողմից համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալների թիվը 19 է, սակայն այս պահի դրությամբ անջատված վարույթով դատարան է ուղարկվել 14-ի վերաբերյալ գործը: Հափշտակված ընդհանուր գումարը միայն անջատված մասով կազմում է 907 մլն 281 հազար ՀՀ դրամ:

«Դատալեքս» համակարգում մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առկա տեղեկատվության համաձայն` Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել մեղադրյալներ Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ, իսկ վերջինս իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի հետ, ապա վերը նշված անձինք մեղադրյալ Գևորգ Ղազարյանի օժանդակությամբ, 2012-2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել են ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գումարը: 

Գարիկ Չիլինգարյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով` Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ 2009-2010 թվականներին մշակել և «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի, «Ինովացիոն հետազոտությունների և զարգացման կենտրոն», «Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման», «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր, որից հետո հափշտակել են հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի գումարները:

Ալեքսանդր Պողոսյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Տիգրան Սուքիասյանի, իսկ վերջինիս միջոցով՝ նաև Մարինե Պապյանի և Հրայր Գյոնջյանի հետ, 2011 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Վայոց Ձորի մարզի գյուղական համայնքներում աղքատության դեմ պայքար` կաթի վերամշակման ոլորտում գյուղատնտեսական ոլորտի ակտիվ և կայուն զարգացումը խթանելու և կաթ արտադրողների և վերամշակողների համար գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ու ծառայությունները հասանելի դարձնելու միջոցով» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:

Այնուհետև Մարինե Պապյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը: 

Սերգեյ Բալասանյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի, իսկ վերջինիս միջոցով՝ Մարինե Պապյանի հետ, Կարեն Ստեփանյանի օժանդակությամբ 2012 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր: 

Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Սերգեյ Բալասանյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 69 մլն 301 հազար դրամ հափշտակությանը: 

Արմեն Միքայելյանը մեղադրվում է Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ նախնական համաձայնության գալով` 2013-2014 թվականների ընթացքում «Արժանապատիվ ծերություն՝ աջակցություն ծերերին իրավահավասար քաղաքացիներ և հասարակության լիիրավ անդամներ մնալու գործում» ԵՄ դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակության մեջ: 

Մեղադրյալ Դինա Մանուկյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Գարիկ Չիլինգարյանի, Արմեն Բարեղամյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի, Մարինե Պապյանի, Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ` 2009-2011 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել է ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի 59 մլն 054 հազար 657 դրամ: 

Արման Մկրտչյանը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով Մարինե Պապյանին, Հրայր Գյոնջյանին, Տիգրան Սուքիասյանին և Գարիկ Չիլինգարյանին 42 մլն 838 հազար 614 դրամի հափշտակությանն օժանդակելու մեջ: 

Անահիտ Ավագյանն, ըստ մեղադրանքի, նույն անձանց կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է 22 մլն 770 հազար դրամ հափշտակության հարցում: 

Նելլի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, Մարինե Պապյանի օժանդակությամբ 2012-2016 թվականների ընթացքում հափշտակել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Փորձեք պարզել թե Հրայր Գյոնջյանն ում հետ և ինչպես է հայտնվել Լոնդոնում, և մեր իրավապահ համակարգն ինչ լծակներ ունի նրան բերման ենթարկելու։ Այդ սրիկաներին արժանի պատժի պետք է ենթարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter