HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր-անդամ Ստեփան Զատիկյան

սկիզբը

Ստեփան Սեղբոսի Զատիկյանը Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից էր: Եղել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող։ 1966 թ․ ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու արարողության ժամանակ, որ տեղի էր ունենում Կոմիտասի անվան այգում՝ Կոմիտասի շիրիմի մոտ, ձերբակալվել է եւ, ի թիվս այդ օրը մի քանի տասնյակ ձերբակալվածների, 10-օրյա կալանքի է ենթարկվել։ Կալանավայրում ծանոթացել է Հայկազ Խաչատրյանի եւ Շահեն Հարությունյանի հետ։ Ազատ արձակվելուց հետո միասին ստեղծել են Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)։ Ստեփան Զատիկյանն է գրել ԱՄԿ անդամի երդման տեքստը։ Համախոհների հետ ընդհատակյա պայմաններում 1967-ի ապրիլին՝ Եղեռնի օրվան ընդառաջ, տպագրել են «Փարոս» թռուցիկը, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ «Փարոս» անվամբ թերթը։

Կալանավորվել է 1968 թվականի հուլիսի 11-ին, իսկ 1969-ի հունվարի 9- ին դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Կալանավայրում ցուցաբերած ըմբոստ վարքի պատճառով 1970-ին նրա ռեժիմը խստացրել են եւ տեղափոխել բանտային ռեժիմ` Վլադիմիրի բանտ: Ազատ է արձակվել 1972-ի հուլիսին: Երեւան վերադառնալուց անմիջապես հետո շարունակել է իր ընդհատակյա գործունեությունը, զբաղվել է ԱՄԿ նոր կառույցների կազմակերպմամբ: Այդ շրջանում Ստեփան Զատիկյանն առաջ էր մղում այն տեսակետը, որ ընդհատակյա աշխատանքի լուրջ փորձ ձեռք բերած ԱՄԿ-ականները չպետք է մանր գործերի մեջ ներքաշվեն ու դրանց պատճառով կալանավորվեն, այլ պետք է անշտապ ու խիստ գաղտնի պայմաններում, խորը ընդհատակում պատրաստեն  ու կազմակերպեն ազգային-ազատագրական պայքարին իրենց ողջ էությամբ նվիրված գործիչներից բաղկացած լուրջ կառույցներ, որոնք կկարողանան նոր ու ժամանակակից միջոցներ գտնել ԱՄԿ գաղափարները ժողովրդի լայն շերտերին հասու դարձնելու համար:

1977-ի նոյեմբերի 2-ին ՊԱԿ-ի աշխատակիցները Երեւանում ձերբակալում են նրան ու մեղադրում հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում, ապա՝ խանութներից մեկում եւ մեկ այլ խանութի հարեւանությամբ իրականացված երեք պայթյունները կազմակերպելու համար: 1979 թ. հունվարի 16-20-ին` խիստ գաղտնիության պայմաններում ընթանում է այս գործով դատավարությունը: Այդ տարիներին խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Անդրոպովի հանձնարարությամբ` ողջ դատավարությունը նկարահանվել է, բայց մինչ օրս հույժ գաղտնի է համարվում եւ հանրությանը հասանելի չէ: Համացանցում կարելի է գտնել միայն առանձին դրվագներ այդ նկարահանումից, որոնք ռուսական Անվտանգության դաշնային ծառայության պատվերով նկարահանված ֆիլմերում նույնությամբ կրկնվում են: Այդ դրվագները համատեքստից կտրված մեջբերումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ամբողջական պատկերացում տալ ո՛չ ահաբեկչական ակտի կազմակերպման ու իրականացման, ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության եւ ոչ էլ մեղադրյալների մասին:

Մի դրվագում Ստեփան Զատիկյանն ասում է. «Ես արդեն քանիցս հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ձեր դատ-ֆարսից եւ ոչ մի փաստաբանի կարիք չեմ զգում: Ես ինքս եմ մեղադրողը, ոչ թե` մեղադրյալը: Դուք ինձ դատելու իշխանություն չունեք, քանի որ ջհուդառուսական կայսրությունն իրավական պետություն չէ: Սա պետք է ամուր հիշել»:

Հաջորդ դրվագում ասում է. «Քանզի ռուսներից ու Ռուսաստանից այսօր Հայաստանը բացարձակապես ոչ մի օգուտ չունի, իսկ դուք ունեք: Այնպես, որ, եթե փորձանք կլինի, փորձանքը կլինի միայն ձեզ համար, մեզ համար չի լինի, քանզի մենք կորցնելու բան չունենք»: Այնուհետեւ ավելացնում է. «Ես ցանկանում եմ մի քանի խոսք ընկերներիս ասել: Տղե՛ք, մնաք բարով: Մարդկանց ասեք, որ սրանք Ստեփանի վերջին խոսքերն էին` վրեժ, վրեժ եւ նորեն վրեժ»: Հունվարի 24-ին կայացվում է մահվան դատավճիռ: Հունվարի 27-ին դատապարտյալներին իրենց հարազատների հետ տեսակցության հնարավորություն են տալիս: Տեսակցության ժամանակ հարազատներին Զատիկյանն ասում է. «Ամբողջ 15 ամսվա ընթացքում ես նրանց բառ անգամ չեմ ասել»: Այս խոսքից եւ դատարանի դահլիճում դրսեւորած նրա պահվածքից կարելի է եզրակացնել, որ Ստեփան Զատիկյանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունքներ չի տվել:

1979 թ. հունվարի 31-ին «Իզվեստիա» թերթը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին` դատավճռի կայացումից 6 օր անց մահապատիժն ի կատար է ածվել` նշելով միայն Ստեփան Զատիկյանի անունը: Այս վերջին հանգամանքը առիթ էր դարձել, որ խոսակցություններ պտտվեն, թե նույ գործով դատապարտվածներ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանը չեն գնդակահարվել ու կենդանի են:

(Մետրոյի գործը, որպես առանձին քրեական գործ կներկայացվի առանձին՝ իր ժամանակին)

Պատմում են Ստեփան Զատիկյանի մասին

Բագրատ Շահվերդյան (քաղբանտարկյալ, դատապարտվել է 1973թ․). «Հիմա չեմ հիշում, թե ում միջոցով ծանոթացա ու մտերմացա Ստեփան Զատիկյանի հետ: Հաճախ էի լինում նրանց տանը: Նրան դուր էին գալիս մեր հավաքած ազգագրական երգերը: Ինքն էլ էր հաճույքով երգում դրանք: Շատ ավելի ուշ ինձ ասաց Ազգային միացյալ կուսակցության մասին: «Փարոսի» տպագրությունից   հետո ինձանից կարծիք հարցրեց: Ես ասացի, որ հակակոմունիզմն այն ճանապարհը չէ, որով պետք է տանենք մեր ժողովրդին: Ասացի, որ ես էլ կոմունիստական գաղափարները չեմ ընդունում, բայց կարծում եմ, որ սկզբում պետք է ժողովրդին տանենք ինքնաճանաչողության, հետո նոր արդեն` անկախության: Ասացի` գուցե հետաքրքիր են հակակոմունիզմը, սուր նացիոնալիզմը, բայց դրանք արդյունքի բերել չեն կարող: Բացատրում էի, որ անգամ մեզ` միայն ազգային գործունեությամբ զբաղվողներիս մարդիկ չեն հասկանում: Անգամ մեզանից են զգուշանում ու խուսափում, էլ ու՞ր մնաց` հակակոմունիզմ ու անկախություն: Մարդիկ այդ մտքերից սարսափելու են: Չեն կարողանալու ընդունել դրանք: Բայց նա չընդունեց իմ տեսակետները: Մենք շարունակեցինք մնալ լավ բարեկամներ, բայց ոչ` գաղափարակիցներ:

Բանտում իմացա, որ Ստեփանն իրականացրել է Մոսկվայի մետրոյի պայթյունն ու շատ զարմացա: Մոսկվայից եկան ինձ հարցաքննելու: Ասացի, որ Զատիկյանին լավ եմ ճանաչում ու զարմացած եմ, որ նա նման քայլի է դիմել: Մինչեւ այսօր այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչը պետք է Ստեփանի կարգի կազմակերպված, պատրաստված, համեստ ու հայրենասեր մարդուն դրդեր նման քայլի»:

Շահեն Հարությունյան (ԱՄԿ հիմնադիր-անդամ). «Ստեփանի հետ ծանոթացել եմ խցում` 10-օրյա կալանքի ժամանակ: Հենց սկզբից նա համառ մարդու տպավորություն թողեց ինձ վրա: Ուներ ընդգծված ազնվություն: Երբեք ստել կամ կեղծել չէր կարող: Այդ ամենի հետ միաժամանակ` հեռատես էր: Իր մեջ հակասովետականությունն առաջացավ առաջին կալանավորումից հետո: Նա կալանավայրից վերադարձավ արդեն որպես ձեւավորված ու համոզված հակասովետական գործիչ: Նրա հակասովետիզմն իր մեջ նաեւ հակառուսականություն էր պարունակում: Հայ ժողովրդին պատուհասած ցավերի հիմնական մեղավորներ էր համարում Ռուսաստանին ու կոմունիստներին: Նվիրված էր, անկոտրում ու անշահախնդիր»:

Լրագրող-հրապարակախոս Լեւոն Անանիկյան. «Իհարկե, Կոմիտասի հուշարձանին ուսանողական աղքատիկ միջոցներով գնված ծաղկեփունջ դնելն անգամ այն ժամանակ, անգամ ապրիլի 24-ին` հերոսություն չէր: Հերոսը Ստեփան Զատիկյանն էր` իր խրոխտ կեցվածքով, որն էլ հետագայում իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի ազատության եւ անկախության: Հերոսները նրանք էին, ովքեր իրենց կյանքի լավագույն տարիներն անցկացրեցին բանտախցերում ու աքսորավայրերում:

«Ես գնացի Կոմիտասի այգի», Երեւան 2005, էջ 29

«Ես հայ ժողովրդի մատաղն եմ»։ Սա էր եղել Ստեփանի վերջին խոսքը 1979 թ. հունվարի 29-ին, գնդակահարության վճիռը ի կատար ածելուց մեկ օր առաջ` հարազատների հետ թույլատրված տեսակցության ժամանակ:

Այս խոսքն ասելու քաղաքական գործչի իրավունքը Ստեփանը սկսել էր նվաճել 1966 թ. ապրիլի 24-ին` Հայոց եղեռնի նահատակների հիշատակը հարգելու համար Պանթեոն` Կոմիտասի շիրիմին խոնարհվելու եկած ուսանող երիտասարդների հետ ձերբակալվելուց եւ նույն բանտախցում պատմական օրեր անցկացնելուց հետո:

Այդ մի քանի օրերը բավարար էին եղել բացահայտելու համար իր էության ամենանվիրական` հարազատ ժողովրդի ազատությանը նվիրաբերվելու կոչումը, դառնալով անհատի   ազատամտությունը խեղդող խորհրդային կուսակցապետությունում հայ ժողովրդին` հանուն ազատության, անկախ պետականության վերականգնման, ժողովրդավարության պայքարի  կանչող ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) եւ նրա օրգան «Փարոս» թերթի երեք հիմնադիրներից մեկը:

Ստեփանն իր հաստատուն ազատախոհությամբ «սիրելի երիտասարդ» էր ճանաչվում արդեն հայ հայրենասեր մտավորականության միջավայրում` հատկապես 1968 թ. առաջին երկարաժամկետ դատապարտվելու հանգամանքով, իսկ քաղաքական գործիչ ընկերների կողմից` իր «կյանքը բարոյական արժեքներով կազմակերպող, կայուն հասարակական-քաղաքական եւ փիլիսոփայական հայացքներ ունեցող, խորագիտակ, զարգացած,  բարեկիրթ եւ բազմակողմանի մշակութային հետաքրքրություններով» մարդ…

Ստեփանը գնդակահարվեց իր երկու ընկերների հետ տառացիորեն անպաշտպան` 1977 թ. հունվարի 8-ի Մոսկվայի մետրոյի պայթյունը կազմակերպողի մեղադրանքով, եւ ընտրված պատիժը որպես ճնշամիջոց օգտագործվեց խորհրդային երկրում հետզհետե ավելացող այլախոհների շարքերի վրա: Ու թեեւ այդ շարքերը ծավալեցին Ստեփանի  եւ ընկերների անմեղությունը եւ մեղադրանքի հորինված լինելն ապացուցող հրապարակային եւ թղթակցային պայքար, այնուամենայնիվ, գործնականում այդ բոլորը հնչեցին ձայն բարբառո հանապատի, ինչպես եւ անցյալ դարի 90-ականներին նորանկախ Հայաստանում հայ մամուլի Ստեփանին եւ նրա ընկերներին անմեղ տեսնելու ակնկալիքով անդրադարձն իրադարձություններին:

Շուրջ չորս տասնամյակ առաջ տեղի ունեցած, մի խումբ երիտասարդների կյանքի ապագա ընթացքը որոշող եղելություն եւ մի լուսահոգի անուն հիշեցնող այս գրքույկը հավանաբար  առիթ ծառայի հայոց նորանկախ պետականության` 60-ականների ազգային զարթոնքի ոգին դեռեւս կրող ներկայացուցիչներին` փորձելու մաքրել անհեթեթորեն սարքված «հանցագործությունը» Ստեփանի կենսագրությունից, կենսագրություն,  որ անկասկած կհարստացնի հայ ժողովրդի նորագույն պատմության մեր ժամանակների հայ երիտասարդի հայրենանվիրումի եզրերը մեկնող էջերը…

«Ես գնացի Կոմիտասի այգի», Երեւան 2005, էջ 63

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter