
«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները սեպտեմբերի 29-ի և 30-ի փոխարեն կլինեն հոկտեմբերի 20-ին և 21-ին
Այս տարի Էրեբունի-Երևան տոնական միջոցառումները կլինեն հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ սեպտեմբերի 29-ի և 30-ի փոխարեն: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարի խոսքով՝ նախկինում որոշումն ընդունելիս հստակ չի եղել, թե հոկտեմբեր ամսվա որ օրերին պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որն այս տարի նշվելու է Երևանում:
Ըստ հիմնավորման՝ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին մասնակցելու են բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից, ուստի առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին: Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է հոկտեմբերի 7-ից 12-ը:
Մեկնաբանել