
ԵՄ աջակցությամբ ձեռք բերված սարքավորումներն ամրակցվեցին ԿԸՀ-ի աշխատակազմին
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Եվրոպական միության աջակցությամբ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկներն ըստ ամենայնի կիրառվելու են նաև սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններում:
Նման որոշում ընդունվեց կառավարության նիստում: Հարցը չզեկուցվող էր: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո կառավարության որոշմամբ այդ տեսախցիկներն ամրակցվել էին մի շարք գերատեսչությունների աշխատակազմերին: Կառավարության որոշմամբ այդ տեսախցիկներն ու սարքավորումները ամրակցվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի և վարչապետի աշխատակազմերին:
Ըստ որոշման նախագծի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ամրացված 9 հատ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ամրացված 2 հատ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը ամրացված 4 հատ, առողջապահության նախարարությանը ամրացված 61 հատ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ամրացված 5 հատ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ամրացված 15 հատ APC Back UPS 600 VA, AVR 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերը հետ վերցվեցին և ամրացվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին: Պաշտպանության նախարարությանը ամրացված 405 հատ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսախցիկ, 416 հատ PoE-lnjector-STD-EU Single port ինժեկտոր, բնապահպանության նախարարությանը ամրացված 70 հատ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսախցիկ, 71 հատ PoE-Injector-STD-EU Single port ինժեկտոր, արդարադատության նախարարությանը ամրացված 310 հատ տեսախցիկներ և ինժեկտորներ, Ազգային անվտանգության ծառայությանը ամրացված 300 հատ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR տեսախցիկ և 300 հատ PoE- Injector-STD- EU Single port ինժեկտոր սարքավորումները հետ վերցվեցին և ամրացվեցին վարչապետի աշխատակազմին:
Ըստ որոշման առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին Ազգային ժողովի աշխատակազմից հետ վերցնել 8 հատ APC Back UPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերը, 50 հատ տեսախցիկ, 50 հատ ինժեկտոր:
Հիշեցնենք, որ վերոնշյալ տեխնիկական սարքավորումները ձեռք էին բերվել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ․ 7 միլիոն եվրոն հատկացրել էր ԵՄ-ն, որից շուրջ 4 միլիոն եվրոն տրամադրվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար։ Ընտրական նորամուծությունների համար գումար է ծախսվել նաև ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից՝ 160 հազար եվրո։
ուղղում. Նյութի վերնագրում կատարվել է փոփոխություն: Նախապես դրված «ԵՄ աջակցությամբ ձեռք բերված տեսախցիկներն ամրակցվեցին ԿԸՀ-ի աշխատակազմին» վերնագրում «տեսախցիկները» բառը փոխարինվել է «սարքավորումները» բառով:
Մեկնաբանել